«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ՊԱՀԵԼ ԿՈՆՖԼԻԿՏԻ ԿՈՂՄԵՐԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դրական համարեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ակտիվացած բանակցությունները, միաժամանակ, սակայն, կարծիք հայտնելով, որ ներկայումս հակամարտության կարգավորումն իրատեսական չէ: Նրա խոսքով, Ռուսաստանի համար կարեւոր է վերահսկողության տակ պահել կոնֆլիկտի բոլոր կողմերին:

-Պարո՛ն Դուբնով, վերջերս Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ ակտիվ քննարկումներ եւ հանդիպումներ են տեղի ունենում: Օրինակ՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երեւան այցից հետո մեկնեց Բաքու եւ նույնիսկ հայտարարեց, որ կողմերն ավելի քան երբեւէ մոտ են հարցի կարգավորմանը: Ըստ Ձեզ` ի՞նչ կարող են տալ նման հանդիպումները:
-Ես կարծում եմ, որ այս բոլոր քննարկումներն ապրիլյան դեպքերի հետեւանք են: Մինսկի խմբի համանախագահները եւ հակամարտող կողմերի ներկայացուցիչները տարբերակներ են փնտրում եւ փորձում են այս կերպ ապահովագրել իրենց ապրիլյան իրադարձությունների կրկնության հնարավորությունից: Ես չեմ կարծում, որ ներկայումս հնարավոր է հակամարտության կարգավորումը:
-Այսինքն` Դուք կարծում եք, որ ապրիլյան իրադարձությունները կարող են կրկնվե՞լ:
-Այո՛, այդ դեպքերը կարող են կրկնվել, քանի որ երկու կողմերի դիրքորոշումները նախկինի պես չեն փոխվել: Հայաստանը հետաքրքրված է ստատուս-քվոյի պահպանմամբ, Ադրբեջանն էլ փորձում է այն փոխել: Եվ ես չեմ նկատում այս երկու տեսակետների փոփոխություն կամ համատեղում:
-Դուք ելքը կամ հետագա զարգացումներն ինչպե՞ս եք տեսնում:
-Ես ո՛չ Աստված եմ, ո՛չ էլ հակամարտող կողմ հանդիսացող երկրների ներկայացուցիչ, ես կարծում եմ, որ մնում է անել հենց այն, ինչ անում են կողմերը, այն է` փորձել մարել հրդեհը եւ թույլ չտալ հետագա սրացումները կամ, ամեն դեպքում, նվազեցնել կրկնվելու հնարավորությունը: Երբեմն, երբ հնարավոր չէ երկարաժամկետ խաղաղության հնարավորություն ստեղծել, կարող ես գոնե նվազեցնել պատերազմի հավանականությունը:
-Ամեն դեպքում, ըստ Ձեզ, մոտ ժամանակներս որեւէ փաստաթղթի ստորագրում բացառվո՞ւմ է:
-Փաստաթուղթ կարող է ստորագրված լինել, բայց այն չի կարող ունենալ ոչ մի իրավաբանական ուժ կամ որեւէ էական բովանդակություն: Իհարկե, նման որեւէ փաստաթղթի առկայությունը լավ է, քանի որ կողմերը երկար տարիներ է, ինչ ոչ մի փաստաթուղթ չեն ստորագրել: Բայց դա կրկին բացառապես միտված կլինի խաղաղության պահպանմանը, այլ ոչ թե կոնֆլիկտի լուծմանը: Մոտ ապագայում կարգավորման հնարավորությունը փոքր է, քանզի այն տարբերակը, որն առաջարկվում է եւ կողմերի արձագանքները թույլ են տալիս եզրակացնել, որ տեսակետների միջեւ ոչ մի լուրջ մերձեցում սպասել չարժե: Իհարկե, ես կցանկանայի սխալվել, բայց չեմ կարծում, որ կարգավորումը հիմա հնարավոր է:
-Իսկ, ի վերջո, ինչի՞ հանգեցրեցին ապրիլյան իրադարձությունները: Կարծես թե միայն այդ դեպքերից հետո բանակցություններն այսպես ակտիվացան:
-Ես կարծում եմ, որ այնտեղ, որտեղ մեծ թվով սպառազինություն կա եւ այնտեղ, որտեղ հակամարտող կողմերը միմյանցից քիչ հեռավորության վրա են գտնվում, բախումներն անխուսափելի են: Ես չեմ դասվում այնպիսի կարծիքներ ունեցողների շարքին, ըստ որոնց՝ ապրիլյան իրադարձությունները կողմերից որեւէ մեկը նախօրոք մտածել կամ հաշվարկել էր: Ոչ, ես կարծում եմ, որ սա իրադարձությունների բնական ընթացք էր, որին կողմերը գնում էին դեռ երկու-երեք տարի առաջ: Ես կարծում եմ, որ ադրբեջանական կողմը կարողացավ ինչ-որ սյուժե ստեղծել, թե իրենք մեղավոր չեն, իսկ միջազգային հանրությունն էլ պետք է հասկանա, որ Ադրբեջանը համաձայն չէ իրադարձությունների նման ընթացքի հետ: Եվ, իսկապես, Ադրբեջանն իր այս քայլով ստիպեց բոլորին ակտիվանալ, եւ դա իսկապես հաջողություն էր:
-Դուք նույնպես նշում եք, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ նման ակտիվ քննարկումներ նախկինում չկային: Ապրիլից հետո մենք ի թիվս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի, տեսնում ենք պարբերական հեռախոսազրույցներ ՌԴ եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ Լավրովի եւ Քերիի միջեւ, անգամ այդ հարցով Օբամա-Պուտին հեռախոսազրույց է տեղի ունենում, Ղարաբաղի խնդիրը քննարկվում է բոլոր բարձրաստիճան հանդիպումներում եւ ձեւաչափերում: Ի վերջո, ըստ Ձեզ, նման քննարկումներն էական ազդեցություն չեն կարո՞ղ թողնել:
-Պուտինն ու Օբաման այլ բազմաթիվ խնդիրներ ունեն, օրինակ՝ Սիրիան եւ Ուկրաինան, եւ Ղարաբաղը չի հանդիսանում մեծ արժեք ունեցող խնդիր նրանց համար: Այն տեսակետը, որ Օբաման եւ Պուտինը կարող են էապես փոխել իրադարձությունների ընթացքը, միայն խաբկանք է: Չպետք է գերագնահատել մեծ խաղացողների հնարավորություններն ու ցանկություններն այս հարցում: Սա այն եզակի դեպքերից է, որ կարող ես համաձայնել Պուտինի հետ, երբ նա ասաց, որ դա ձեր կոնֆլիկտն է:
-Այդ դեպքում, ի վերջո, ինչի՞ է ձգտում եւ ի՞նչ է ցանկանում Ռուսաստանը:
-Ռուսաստանի համար կարեւոր է վերահսկողության տակ պահել կոնֆլիկտի բոլոր կողմերին: Ղարաբաղն իսկապես գլխավոր գոտիներից է, եւ Ռուսաստանն, իհարկե, կցանկանար ավելի մեծ դեր ունենալ վերահսկողության հարցում, իդեալական կլիներ խաղաղապահների տեղակայումը, որը, սակայն, ներկայումս անհնար է: Ռուսաստանն իսկապես ցանկանում է բարձրացնել իր դերը եւ օգտագործում է երկու ուղղություն. նա առաջին հերթին օգտագործում է այն հանգամանքը, որ Ղարաբաղի կոնֆլիկտն այն հարցն է, որի դեպքում Արեւմուտքի հետ էական հակասություններ չկան: Նա փորձում է օգտագործել այդ ռեսուրսը եւ մյուս կողմից փորձում է երկու երկրների հետ էլ աշխատել:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 
ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ՞, ՊԱՏԵՐԱԶՄ ԿԱՄ ՀՈՂԵՐԻ ՀԱՆՁՆՈ՞ՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի վերջին նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին, նշել է, որ այլընտրանք չկա. կա՛մ պետք է տարածքներ հանձնել Ադրբեջանին, կա՛մ պատերազմել:

Ուշագրավ է, որ Սարգսյանը հաշվի չի առել երրորդ տարբերակը. այն է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի նման հրաժարական տալն ու այդպիսով բանակցային գործընթացի նոր մեկնարկի հնարավորություն ընձեռելը:
Ինչեւէ: Ժողովրդի թիկունքում տարածքների հետ կապված հարցերի քննարկման, ինչպես նաեւ հնարավոր հետագա զարգացումների շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել ՀՀԿ ԳՄ անդամների հետ:
Մեզ հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը նշեց, որ այդ հարցի հետ կապված ասելիք չունի: «Այսօր /երեկ/ Արմեն Աշոտյանը մեծ ասուլիս է տվել, Էդուարդ Շարմազանովն էլ ԳՄ նիստերից հետո ներկայացնում է ամեն ինչ, ոչինչ չունեմ ավելացնելու»,-ասաց նա:
ԱԺ ՀՀԿ խմբակացության եւ գործադիր մարմնի մեկ այլ անդամ Գագիկ Մինասյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում լղոզեց հարցի բուն էությունը՝ ասելով.«Մենք շատ հաճախ անդրադառնում ենք Լեռնային Ղարաբաղի խնդրին եւ դրա կարգավորման հնարավորություններին»:
Մեր ճշտող հարցին, թե Լեռնային Ղարաբաղ ասելով ինչ է հասկանում, արդյոք 7 շրջանները եւս դիտարկում է այդ հասկացության մեջ, Մինասյանը արձագանքեց. «Լեռնային Ղարաբաղի Սահմանադրությամբ այն, ինչ որ Դուք ասում եք, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաս է»:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 
ԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՓ ՉՈՒՆԻ
Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով եղել է Արթիկում: Նրան ներկայացրել են ջրհեղեղի պատճառած վնասների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքները: Արթիկցիների հետ հանդիպման ժամանակ վարչապետին իր դժգոհությունն է ներկայացրել ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանի մայրը՝ Ժաննա Սրապյանը: Վերջինս դժգոհել է գույքի գնահատման չափից եւ ըստ այդմ տրվող փոխհատուցումից: «Ես պահանջում եմ, որ իմ այգին ու տունը կապիտալ վերանորոգեն: Դրանց տված փողով 2 սառնարան կարո՞ղ ես առնել: Դե, առեք, տվեք…», – ասել է մեծահարուստ պատգամավորի մայրը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանը տեղի ունեցածի համար նախատել է պատգամավոր Մուշեղ Պետոյանին: Վարչապետին զայրացրել է այն փաստը, որ տունը վերանորոգելու համար պետությունից գումար է պահանջում մի կին, որի որդին մեծահարուստ պատգամավոր է. ունի հանքեր, գազալցակայան, ռեստորան, ՌԴ Անապա քաղաքում բիզնեսներ։ Տեղեկացնենք, որ Պետոյանը պաշտոնապես 2015-ին հայտարարագրել է 140 հազար դոլար եւ 106 մլն դրամ: Նրա մեկ տարվա եկամուտը կազմել է 34 մլն դրամ:

 

 

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԲՈՒՀԵՐՈՒՄ
Հուլիսի 4-ի ուշ երեկոյան Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող շենքերից մեկի 8-րդ հարկից իրեն ցած էր նետել 21-ամյա Ջուլիետա Կ.-ն, որը նոր էր ավարտել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ աղջկա ինքնասպանության պատճառը եղել է ավարտական քննությունից կտրվելու հանգամանքը: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ իրավապահներին հայտնի է դարձել, որ մինչ այս դեպքն ուսանողներն արդեն իսկ բուհի ղեկավարությանը բողոքել են, որ ավարտական քննությունների հետ կապված իրենցից գումար են պահանջում, որպեսզի չկտրեն: Ակնհայտ է, որ Ջուլիետա Կ.-ի մահվան դեպքը չի կարող անհետեւանք մնալ: Ոչ միայն այս, այլ նաեւ մնացած բուհերում պետական քննությունների ժամանակ առկա կաշառակերության խնդիրը լուրջ ուսումնասիրության առարկա պետք է դառնա:

 

 

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ
Ինչպես հայտնի է՝ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Հովհաննես Հունանյանի դուստրը՝ Լիա Հունանյանը, այս տարվա հունվարի 19-ին «ԱՐԹՄԵԴ» ԲԿ-ի դեմ հայց էր ներկայացրել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով փոխհատուցում: Գործի քննությունը մի պահ կասեցվել էր, քանի որ դատավոր Զարուհի Նախշքարյանը փորձաքննություն էր նշանակել: Սակայն փորձաքննությունների պատասխանները ստացվել են, եւ դատավարությունը վերսկսվել է, իսկ թե ինչպես այն կավարտվի, պարզ կդառնա առաջիկայում: Հիշեցնենք, որ Հունանյանի դուստրը բժիշկ Արայիկ Ղարիբյանից 5 միլիոն դրամի փոխհատուցում է պահանջում:




Լրահոս