ԷԹԻԿԱՆ ԽԱԽՏՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ, ՊԵՏՔ Է ՓՈԽՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան էլ խորհրդարանական կառավարման մոդելը ձգտենք մեր երկրում մոտեցնել իդեալական գաղափարի՝ համարելով, որ Հայաստանի համար լավագույն կառավարման ձեւն է, միեւնույն է, խորհրդարանի իմիջը ձեւավորում են ընտրված կամ չընտրված պատգամավորները իրենց վարքով: Որքանո՞վ են այդ պատգամավորները «համապատասխանում» խորհրդարանականի իմիջին:

Երբ 2016թ. հունվարի 11-ին համացանցում մի քաղաքացի՝ Գայանե Շահինյանը, սահմանի միջադեպի արդյունքում զոհված մի զինվորի հուղարկավորության առիթով քննադատել էր իշխանություններին ու ՊՆ-ին, որին ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանն արձագանքել էր «Լակոտ, աչքերդ կհանեմ» ձեւակերպմամբ: Փետրվարի 29-ին Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը Շուշան Պետրոսյանի հարցով որոշեց, որ երգչուհի պատգամավորն ընդամենը խրատել է ֆեյսբուքյան օգտատիրոջը եւ չի խախտել պատգամավորի էթիկայի նորմերը:
ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանն էլ պատգամավորին ոչ վայել պահվածք էր դրսեւորել՝ հրապարակավ սպառնալով բռնաբարել ու գլխատել բոլոր նրանց, ովքեր կհանդգնեն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին բացասական արտահայտություններ անել:
Իսկ, ահա, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի մասին, ասել էր. «Քաք ա կերել էդ ասողը, ՍԵրժ Սարգսյանը հող վերցնող է, հող հանձնող չէ»:
Այսպես կարելի է շարունակել պատգամավորների կողմից էթիկայի կոնոնները հրապարակավ չպահպանելու դրսեւորումները, սակայն դրանց արձագանքին, որը եղել է ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի կողմից, միեւնույն է, պատկերը չի փոխվում: Ի՞նչ անել քաղաքակիրթ Ազգային ժողով ունենալու համար:
«Ժողովուրդ»-ը առկա իրավիճակի շուրջ զրուցեց ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի հետ:
-Պարո՛ն Հարությունյան, միգուցե հանձնաժողովը վերանայի՞ մոտեցումները եւ առավել խիստ պատիժներ սահմանի էթիկայի կանոնները խախտած պատգամավորների համար, որ նրանք զգոն լինեն:
-Եթե Դուք ուզում եք օբյեկտիվ երեւալ, ուրեմն շարունակեք, որ մեր ընդդիմադիրները նույպես կարող են նման բան անել: Եթե Դուք պատգամավորի էթիկայի առանձնահատկությունները նկատել եք, ապա, որպես կանոն, բերում եք միայն հանրապետականների օրինակը: Ձեզ ասում եմ՝ վերջին նիստին տեսա՞ք Հրանտ Բագրատյանի վարքը. «հլը մի դուրս արի, տեսնենք», դրանից առաջ՝ Արամ Մանուկյանը, հանրահավաքի ժամանակ՝ հայհոյանք: Ինձ մոտ տպավորություն է, որ Ձեզ ասում են էթիկայի կանոնները խախտող պատգամավոր, Դուք պատկերացնում եք հանրապետականներին:
-Բայց պատկերը այնպիսին է, որ ավելի կոպիտ արտահայտություններով հանդես են գալիս ՀՀԿ-ականները:
-Չէ՛, չէ,, ասացեք, խնդրեմ, երբ Զարուհի Փոստանջյանը հավաքում էր բոլոր քվեարկության քարտերը, դա էթիկայի կանոնների կոպտագույն խախտո՞ւմ չէր:
-Դուք համարում եք՝ բռնաբարելու սպառնալի՞քն է ավելի կոպիտ խախտում, թե՞ քարտերը հավաքելը:
-Հո անպայման չի՞ հայհոյել: Ինձ զրկել քվեարկության իրավունքից, նույնչափ վտանգավոր է, նույնչափ կոպիտ խախտում է, որքան մեկի նկատմամբ անհարգալից արտահայտվելը:
-Լավ, ունենք նման պատկեր ե՛ւ ընդդիմադիր պատգամավորների, ե՛ւ իշխանական պատգամավորների դեպքում, ի՞նչ է անում հանձնաժողովը՝ նրանց կարգի հրավիրելու համար: Առավել խիստ պատժամիջոցների ժամանակը չէ՞:
-Էթիկայի հարցերի հանձնաժողովը այստեղ շատ պարզ գործառույթներ ունի: Կա Ազգային ժողովի կանոնակարգ: Կանոնակարգում կա 6-րդ հոդված եւ 24-րդ հոդված, որոնց շրջանակներում կարգավորվում է էթիկայի հարցերի հանձնաժողովի գործունեությունը: Ըստ Ձեր սպասելիքների՝ որպեսզի Էթիկայի հանձնաժողովը ավելի կոշտ, ավելի խիստ պատժամիջոցներ կիրառի, ապա դա պետք է արվի կանոնակարգի մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու միջոցով: Իսկ կանոնակարգի մեջ փոփոխություն անելու խնդիրը ցանկացած պատգամավորին է, դա էթիկայի հարցերով հանձնաժողովի պատասխանատվության շրջանակների մեջ չի մտնում: Իմ ֆունկցիան է որպես պատգամավոր, բայց իմ ֆունկցիան չէ որպես հանձնաժողովի անդամ կամ պատգամավոր:
Երկրորդը՝ կարծում եմ, որ միայն կանոնակարգում որեւէ բան փոխելով, պատժամիջոցները խստացնելով՝ խնդիրը չի լուծվի:
-Ո՞րն է լուծումը:
-Խնդիրը մեր մեջ է, յուրաքանչյուրիս մեջ՝ թե՛ պատգամավորների, թե՛ լրատվամիջոցների: Դուք հիմա կզարմանաք՝ մենք ինչ կապ ունենք: Օրինակ՝ էթիկայի կանոնները կամ վարքագծի ոչ ընդունելի դրսեւորումները Դուք շատ տենդենցիոզ եք ներկայացնում, խնդրում եմ՝ սա ընդունել որպես խորհուրդ: Եթե Դուք ուզում եք օգնել բոլորիս, ապա հավասար չափով, մտահոգությամբ, ոչ թե դաղելու, խայթելու, որովհետեւ իմ կողմից վարքագծի կանոնները խախտելը նունչափ վնասակար է Ձեզ համար, հետեւաբար Դուք պետք է այն ներկայացնեք սեփական մտահոգություն որպես մի քաղաքացի, որը իրավունք ունի մտահոգվել, որ որեւէ մեկը էթիկայի կանոն է խախտել, ոչ թե չարախնդրորեն փորձել է դրանից օգտվել եւ երկարաժամկետ հեռու գնացող քաղաքական եզրակացություններ անել: Իրենք՝ պատգամավորներն էլ պետք է այս մասին մտածեն, Դուք երեւի նկատել եք, որ ես ինձ երբեւէ թույլ չեմ տա նույնիսկ ամենածայրահեղ պայմաններում նման բան թույլ տալ:
Շատ շատերը Ազգային ժողովում հետեւում են իրենց վարքին, խոսքին, կոռեկտ են արտահայտվում ամենազայրացած պահին, քանի փորձում են գտնվել կոռեկտության սահմաններում :
-Իսկ ի՞նչ անել ոչ կոռեկտների հետ:
-Ես կարծում եմ, որ ընդհանուր մթնոլորտը պետք է պահանջ ներկայացնի, որ պարտավոր են կոռեկտ լինել. ուզում ես՝ ընդդիմադիր լինես, ուզում է՝ նախկին պատգամավոր լինես, ուզում է՝ ոչ ընդդիմադիր հանրապետական լինես, բոլորը պետք է կոռեկտ լինեն:
-Այսինքն՝ խնդիրը տեսակի մե՞ջ է:
-Խնդիրը ոչ թե տեսակի մասին է, այլ խոսքը գնում է հանրության կողմից հանրության քաղաքական գործչի ներկայացվող պահանջների մասին՝ անկախ նրանից՝ ով կարող է նա լինել, քանի որ մենք պատրաստ ենք ներողամտաբար արդարացնել ընդդիմադիր գործիչի ցանկացած կեցվածք հիմնավորել, բայց քաղաքական մեծամասնության որեւէ ներկայացուցչի կեցվածք մենք պատրաստ ենք դաղել, ես դա համարում եմ անօգտակար:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
«ԽՈՐԸ  ՈՂՋՈՒՅՆՆԵՐ»
Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԱԺ Էլինար Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնել էր, որ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովի գործունեության մասով օրենքում փոփոխություններ կատարելու նոր նախագիծ է պատրաստել, եւ նախարարությունը այն ներկայացրել է մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների, որպեսզի վերջիններս փոփոխված տարբերակի մասով իրենց տեսակետը կամ դիտողությունները հայտնեն. «Դիտողությունները եւ առաջարկները վերջնական քննարկելուց եւ հայտնելուց հետո փոփոխված օրենքը կդրվի շրջանառության մեջ»:
«Ժողովուրդ»-ը ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գտնվում նախագիծը, արդյո՞ք իրավապաշտպան կազմակերպությունները որեւէ դիտողություն հայտնել են նոր նախագծի մասին. «Նախագիծը շրջանառվում է, եւ մեր հիմնական նպատակը մեկն է. այնպես անել, որ հետագայում կանխատեսելի դարձնենք պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորությունները: Փոփոխություններն այդ ոլորտում չեն արվել, եւ սա առաջին փոփոխությունն է»:
-Ե՞րբ կոնկրետ կարող ենք ունենալ արդեն նախագծի ամբողջական պատկերը, քանի որ դատապարտյալների շրջանում դժգոհությունը գնալով հասունանում է:
-Ճգրիտ ժամկետներ չեմ կարող ասել, քանի որ անձամբ չեմ ղեկավարում, բայց ողջամտորեն 15-օրյա ժամկետում կարծիքներ են տալու բոլոր պետական մարմինները, եւ եթե լրացուցիչ քննարկումների հարց չլինի, արդեն վերամշակվում, ներկայացվում է կառավարությանը:
-Արդեն տեւական ժամական է, ինչ բարձրաձայնում են քրեակատարողական հիմնարկներում «զոն» նայող ինստիտուտի շուրջ ստեղծված աղմուկին: Ավելին՝ օրերս էլ հրապարակեցինք, որ անգամ ՀՀ գլխավոր դատախազության՝ պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Գրիգորի Պողոսյանի հրահանգով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի «զոն» նայողներից մեկին տեղափոխել են պատժախուց: Այս փաստը ՔԿՀ-ում լուրջ աղմուկի պատճառ է դարձել, ու չի բացառվում, որ առաջիկայում հերթական բախումը հասունանա ՔԿՀ-ում: Ի՞նչ է անում նախարարությունը այս ուղղությամբ:
-Բոլոր հրապարակումները, բնականաբար, գտնվում են թե՛ քրեակատարողական վարչության, թե՛ արդարադատության նախարարության ուշադրության ներքո, որեւէ հրապարակում անուշադրության չի մատնվում: Ես կարծում եմ, որ հիմնարկի կողմից օրենքի շրջանակում իրականացվող գործողությունները պետք է առանձին դեպքերում խորը ողջունելի լինեն:

Զրուցեց Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԴԻՄԵԼ ԵՆ ՄԻԵԴ
Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժող Արաքսյա Պողոսյանի իրավահաջորդներ Անդրանիկ եւ Նարինե Պողոսյանների կողմից ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ Ռուսաստանի Դաշնության դեմ գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք) եւ 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածներով նախատեսված իրավունքների խախտման հիմքով: Գանգատը հիմնավորվել է նրանով, որ ՄԻԵԿ 2-րդ հոդվածի իմաստով թույլ են տրվել նյութական եւ դատավարական իրավունքի խախտումներ: Մասնավորապես՝ պետությունը չի կանխարգելել Արաքսյա Պողոսյանի եւ նրա ընտանիքի անդամների կյանքի նկատմամբ ակնհայտ վտանգը կանխարգելելու իր պարտավորությունը՝ հստակ իմանալով, որ Վալերի Պերմյակովը ենթակա չէ զորակոչման, առավել եւս իրավունք չունի զենքով ծառայություն իրականացնելու: Բացի դրանից՝ ռուսական կողմը պատշաճ կարգով եւ ժամանակին չի տեղեկացրել հայ իրավապահներին Վ. Պերմյակովի՝ զորամասը լքելու մասին, ինչը կարող էր կանխել ողբերգությունը:

 

 

ՄՏԱՀՈԳԻՉ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության աճ է նկատվում։ Ադրբեջանի զինված ուժերը երեկ առավոտից Ղարաբաղի հետ սահմանին ավիացիոն ուժեր են կուտակում։ Ղարաբաղի պաշտպանության բանակը հաղորդում է, որ առավոտյան 08.26-ից առաջնագծի հարավարեւելյան ուղղությամբ հակառակորդի օդուժը ուսումնամարզական թռիչքներ է սկսել իրականացնել։ Ժամը 11.00-ի դրությամբ թռիչքներին ներգրավված է եղել 12 ինքնաթիռ եւ 41 ուղղաթիռ։ Պաշտպանության բանակը վստահեցնում է, որ հակաօդային պաշտպանության ուժերը ռադիոլոկացիոն, կրակային եւ դիտարկման համակարգերի միջոցով վերահսկում են ադրբեջանական զինուժի ուսումնամարտական թռիչքները եւ աչալուրջ հետեւում դրանց գործողություններին: Թռիչքները իրականացվում են շփման գծից 30 կիլոմետր խորության վրա։




Լրահոս