Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Դորոխինը հայտարարել է, որ այդ երկրների միջեւ նոր պայմանագիր կկնքվի սպառազինության մատակարարման վերաբերյալ: Այնուհետ հավելել է, որ Վլադիմիր Պուտինն Ադրբեջան է այցելելու «ոչ դատարկ ձեռքերով»՝ հավանաբար իր գործընկեր ադրբեջանցիներին փորձելով հասկացնել, որ ՌԴ նախագահն արցախյան հարցում լավ «անակնկալ» ունի: Այս պարագայում, իհարկե, Դորոխինը փորձել է քաղաքական դիվիդենտներ շահել իր երկրի համար, եւ Պուտինն Ադրբեջանի համար որեւէ իրական «օգուտ» արցախյան հարցում դժվար էլ կարողանա տանել: Կարեւորը զենքով Ադրբեջանին իր ազդեցության ծիրում պահելու եւ Հայաստանի կախվածությունը մեծացնելու հարց է լուծվում, ու դա կրկին արվում է ռազմավարական դաշնակցի հաշվին:
Փաստորեն, Մոսկվան այդպես էլ չհասկացավ՝ ինչ է խաղաղությունը որպես քաղաքական արժեք, ինչ է կոնֆլիկտի միջնորդը որպես հարակից սուբյեկտ ու ինչ վարք պետք է դրսեւորի, իսկ ամենակարեւորը՝ այնտեղ չգիտեն, թե ինչ է միջազգային վարկը, որը դաշնակիցներ գրավելու գլխավոր նախապայմաններից է: Եվ անհեթեթություն են ռուսական էլիտայի այն պնդումները, թե եթե իրենցից զենք չգնի Ադրբեջանը, ապա դա կանի Արեւմուտքից, ուրեմն ավելի լավ չէ՞, որ դաշնակիցն է այն վաճառում: Իհարկե, շատ վատ է, նախ՝ ինչպես նշեցինք դաշնակցությունը քաղաքական արժեք է, իսկ արժեքները հարաբերականորեն կայուն եւ բանակցությունների ու սակարկությունների չենթարկվող երեւույթներ են, երկրորդ՝ միֆ է, որ Բաքուն կարող է զենք գնել Արեւմուտքից, քանի որ այնտեղ՝ թե՛ ԱՄՆ-ում, թե՛ ԵՄ-ում, արգելված է զենք վաճառել այդ երկրին: Սա այն պարագայում, երբ մեր դաշնակիցը ոչ թե ԱՄՆ-ն ու ԵՄ-ն են, այլ Ռուսաստանը: Ընդամենը մի քանի օր առաջ էր, որ ՆԱՏՕ-ն քաղաքական ուժեղ ապտակ հասցրեց Ռուսաստանին՝ ժամանակին նրա ազդեցության գոտում գտնվող երկրներում սպառազինություն եւ զորք տեղակայելու որոշմամբ: Սա Ռուսաստանի վերջնական դուրսմղումն էր իր համար կենսական կարեւորություն ունեցող Արեւելյան Եվրոպայից: Հետաքրքիրն այն է, որ Մոսկվան դա դիտարկեց իբրեւ իր անվտանգության սպառնալիք, սկսեց «թվային» ու «ոչ թվային» դիվանագիտական դեմարշը: Ակնհայտ է, որ Մերձբալթիկայում տեղակայվող 4000-անոց ստորաբաժանումը հազիվ թե կարողանա գերհզոր Ռուսաստանի համար անվտանգության սպառնալիք դառնալ: Մինչդեռ այդ նույն Ռուսաստանը շարունակում է զինել իր դաշնակցին ֆիզիկապես ոչնչացնելու պատրաստ եւ այդպիսի ֆաշիստական կոչերով հանդես եկող երկրին՝ Ադրբեջանին: Հետո էլ Կրեմլում նեղսրտում են, որ իրենք մնացել են միայնակ աշխարհաքաղաքական գործընթացներում, եւ իրենց ստեղծած ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ երկրները իրականում իրենց չեն սատարում: Բնական է, որ նման քաղաքական վարքի պատճառով, այն էլ ամենալոյալ դաշնակից հանդիսացող Հայաստանի նկատմամբ, որեւէ երկիր չի կարող լուրջ ընդունել ռուսական քաղաքական պրոյեկտները եւ սկսել իրական ինտեգրացիոն գործընթաց, ոչ էլ այդ պրոյեկտները կկարողանան ապահովել կառուցվածքային ու ֆունկցիոնալ ճկունություն եւ դառնալ նոր իրողություններին ադապտացվող համակարգեր այս դինամիկ գլոբալ տարածությունում: Հայաստանում, գուցե, սրա վրա աչք են փակում, եւ Ռուսաստանը դրանից թեւեր է առնում, բայց մյուս երկրներն էլ հո՞ տեսնում ու հասկանում են այս ամենը:
Ասենք, նման քաղաքականությամբ Մոսկվան դժվար թե կարողանա Ուզբեկստանին ու Թուրքմենստանին համոզել, որ եթե միանան իր ՀԱՊԿ-ին, ապա կսկսեն անվտանգ ապրել, մանավանդ, որ այդ երկրները նույնիսկ հակառակ բանն են տեսնում:
Ինչեւէ, Ռուսաստանի պատկերացումները քաղաքական արժեքների շուրջ սահմանափակվում են այսքանով: Բայց փոխարենը նա հասկանում է իր բիզնես-շահերը եւ հաճախ դրանք հետապնդում ռազմավարական դաշնակցի՝ Հայաստանի անգործության հաշվին: Երեւանը նման իրավիճակներում չի արտահայտում որոշակի դիրքորոշում, չի պահանջում պարզաբանումներ՝ կրկին պարփակվելով փոքր երկրի հոգեբանական սինդրոմի մեջ: Ճիշտ է՝ վերջին շրջանում այդ հարցի առնչությամբ որոշակի անդրադարձեր եղել են, բայց դրանք առավելապես մտահոգություններ էին, իսկ խոսքը դիրքորոշման ձեւակերպման մասին է, որը դիվանագիտության մեջ ընկալվում է նաեւ որպես համապատասխան քայլի ու գործողության արտահայտում եւ ավելի կոշտ է, քան մտահոգությունը: Ժամանակն է, որպեսզի դուրս գանք ակնկալիքներ ունեցողի քաղաքական հոգեբանությունից եւ անցնենք ակնկալիքներ ստեղծողի քաղաքական նախաձեռնության:
ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ
ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՇԱՑԱԾ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ
Ինչպես հայտնի է՝ հուլիսի 10-ին ՀՀ Արմավիրի եւ Արագածոտնի մարզերում ուժգին կարկտահարությունից հետո գյուղացիները հսկայական վնասներ են կրել եւ հայտնվել ծայրահեղ ծանր վիճակում: Իսկ գյուղատնտեսության նախարարությունը տեղացած կարկուտից ընդամենը 3 օր անց է խորը քնից արթնացել: Նշված կառույցը հուլիսի 10-ի կարկտահարությունից ընդամենը երեք օր հետո՝ երեկ, հաղորդագրություն է տարածել պտղի կարկտահարված այգիներն արագ վերականգնելու մասին:
Ըստ այդմ, կարկտահարությունից անմիջապես հետո պտղատու տնկարկներն անհրաժեշտ է սրսկել 1 տոկոսանոց բորդոյան հեղուկով կամ պղինձ պարունակող բույսերի պաշտպանության այլ միջոցով` վերքերն ախտահանելու նպատակով: Բացի այս, սրսկումից անմիջապես հետո տնկարկներն անհրաժեշտ է պարարտացնել օրգանական եւ հանքային պարարտանյութերով (եթե որպես օրգանական պարարտանյութ օգտագործվում է գոմաղբ, ապա այն պետք է լինի քայքայված կամ կիսաքայքայված): Երիտասարդ այգիներում, յուրաքանչյուր ծառի հաշվով խորհուրդ է տրվում տալ 5-6 կգ գոմաղբ, 120գ ամոնիակային սելիտրա, 180գ սուպերֆոսֆատ եւ 50գ կալիումական աղ:
Ի դեպ, էտի արդյունքում կտրվածքներին պետք է քսել կրակաթ կամ գոմաղբի եւ կավահողի խառնուրդ (2 մաս կավահող + 1 մաս գոմաղբ): Իսկ եթե վերքերը շատ են, ԳՆ-ն առաջարկում է վնասված ճյուղերը պատել ամբողջ երկարությամբ: Անհրաժեշտ է խուսափել մինչեւ 3 տարեկան ծառերը ամբողջությամբ խառնուրդով պատելուց:
Գյուղատնտեսության նախարարության «գերօպերատիվ» խորհուրդներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ armlur.am կայքում:
Իսկ մինչ այդ նկատենք, որ անհրաժեշտ եւ օգտակար այդ խորհուրդները ուշացած են: Փաստորեն, մի հսկա կառուց, բազմաթիվ աշխատակիցներով (որոնք, ի դեպ, վճարվում են մեր՝ հարկատուներիս հաշվին) թերանում է անգամ ժամանակին խորհրդատվություն տրամադրելու հարցում, այն դեպքում, երբ նմանատիպ՝ կարկտահարության հետ կապված դեպքերը հաճախակի են լինում: Հավելենք որ ՀՀ բոլոր մարզերում գործում են գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ (ԳԱՄԿ), որոնց նպատակն է գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, տնտեսավարող սուբյեկտներին խորհրդատվական, տեղեկատվական, մարքեթինգային ծառայություններ մատուցելը: Նշենք, որ ԳԱՄԿ խորհրդատուի աշխատավարձը կազմում է 75 հազար դրամ: Իսկ ՎՊ ստուգմամբ պարզվել էր, որ ԳԱՄԿ-ների գործունեությունը հիմնականում ձեւական բնույթ է կրել: Այսքանից հետո դրական արդյունքներ այս ոլորտից պետք չէ ակնկալել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՄԱՀԱՑԱԾ ՏԱՏԻ ԹՈՇԱԿԸ ՍՏԱՑԵԼ Է
Արամ Ալիխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. մայիսի 30-ին իր տատի՝ Դիլիջան քաղաքի բնակչուհի Հասմիկ Ասատրյանի մահից հետո վերցնելով նրա կենսաթոշակի ստացման բանկային քարտը, լռություն դրսեւորելով եւ նրա մահվան լուրը չհաղորդելով համապատասխան մարմիններին՝ 4 ամիս շարունակ բանկոմատից գումարը կանխիկացնելու եղանակով խարդախությամբ հափշտակել է ընդհանուր 129 հազար 540 դրամ՝ պետությանը պատճառելով զգալի չափերի գույքային վնաս: Ա. Ալիխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասով (Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը): Հարուցված քրեական գործին, որպես իրեղեն ապացույց, կցված է Հ. Ասատրյանի պլաստիկ բանկային քարտը: Ա. Ալիխանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կմեկնարկի հուլիսի 15-ին:
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԱՐՏՅՈՄ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԿԱԶԱՏՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական, ռեժիսոր, շոումեն Արտյոմ Հակոբյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացվել:
ArmLur.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աստղիկ Մարտիրոսյանը` հավելելով, որ նման որոշում է կայացվել հասարակության շրջանում բուռն քննարկման պատճառով: Նա նաեւ ասաց, որ հրամանն արդեն պատրաստվում է:
Հիշեցնենք, որ Արտյոմ Հակոբյանը սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական էր նշանակվել այն բանից հետո, երբ սոցցանցի իր էջում հայտարարել էր, որ պատրաստվում է վաճառել իր բնակարանը եւ լքել Հայաստանը:
ՓԱԿԵԼ Է ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ
Երեկ Ֆրանսիան փակել է Անկարայի իր դեսպանատունն ու Ստամբուլի իր հյուպատոսությունը՝ անվտանգության նկատառումներից ելնելով: «Անկարայում Ֆրանսիայի դեսպանատունը, ինչպես նաեւ Ստամբուլում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը փակվել են հուլիսի 13-ից մինչեւ հետագա ծանուցում ստանալը»,-ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ, որում նշվում է «լուրջ սպառնալիքի» առկայությունը: