Հայաստանը համարվում է գյուղատնտեսական երկիր, եւ հենց տնտեսության այս ճյուղն է կազմում մեր ՀՆԱ զգալի մասը: Չնայած սրան, գյուղատնտեսության ոլորտը մեր երկրում ամենառիսկայիններից մեկն է: Ոլորտի պատասխանատուների կարծիքով, գյուղատնտեսության ապահովագրությունը կնպաստի այս ճյուղի զարգացմանը: Սակայն Հայաստանի կառավարությունն այդ ուղղությամբ քայլեր անելու մասին, կարծեք թե, չի մտածում: Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության պետ Հրաչյա Ծպնեցյանի հետ:
-Պարո՛ն Ծպնեցյան, Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում, ի վերջո, ե՞րբ կներդրվի ապահովագրության համակարգը:
-Մեր հանրապետության գյուղատնտեսությունը իր առանձնահատկություններով ամենաբարձր ռիսկային ոլորտն է: Դա պայմանավորված է տարբեր գործոններով, հիմնականում՝ բնակլիմայական: Դրանք վաղ գարնանային ցրտահարություններն են, կարկտահարությունը, սելավները, քամիները եւ այլն: Եւ այս բարձր ռիսկի պատճառով մեր գյուղատնտեսության ոլորտը ապահովագրական ընկերությունների համար գրավիչ չի եղել: Բարձր ռիսկայնությունը, գյուղատնտեսության տարածական տեղաբաշխվածությունը, գյուղերի բազմազանությունը լուրջ բարդություններ են ստեղծում ու մեծ ջանքեր պահանջում ապահովագրական ընկերությունների համար:
-Միջազգային փորձը ուսումնասիրե՞լ եք:
-Ուսումնասիրել ենք այն երկրները, որտեղ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգը գործուն է եղել, միաժամանակ եղել է նաեւ աջակցության մեխանիզմը: Մասնավորապես՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Կանադայի փորձն ենք ուսումնասիրել, որտեղ հիմնականում այդ աջակցությունը լինում է ապահովագրական վճարների մի մասի փոխհատուցմամբ եւ այլն: Միջազգային փորձը ուսումնասիրելու հետ մեկտեղ պետք է նաեւ մեր երկրի առանձնահատկություններն էլ հաշվի առնվեն:
-Այս հարցի հետ կապված գյուղատնտեսության նախարարությունը կոնկրետ ի՞նչ է անում:
-Այս բնագավառում որոշակի աշխատանք արվել է. նախարարությունը համագործակցել է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության հետ: Վերջինս նախաձեռնություն էր ցուցաբերել, որպեսզի անասնապահական ոլորտում ապահովագրության փորձնական ծրագիր իրականացվի, եւ համատեղ մշակվել էին ապահովագրության կանոնները, ճշգրտվել ռիսկերի շրջանակը: Որոշվել էր նաեւ փորձնական ծրագիր իրականացնել խոշոր եղջերավոր անասունների համար: Փորձ էր արվում այդ ծրագիրն իրականացնել Վայոց ձորի մարզում, քանի որ այստեղ անասնագլխաքանակը փոքր թիվ է կազմում: Ապա ԳՆ-ի եւ ՀՀ կենտրոնական բանկի համագործակցության արդյունքում, գերմանական բանկի աջակցությամբ, շվեյցարական մասնագիտացված մի կազմակերպություն առավել խորքային ուսումնասիրություն իրականացրեց գյուղատնտեսական ռիսկերի ապահովության հնարավորությունների, պահանջների, ֆինանսական կառույցների գնահատման ուղղությամբ: Եւ իրենց ուսումնասիրության միջանկյալ արդյունքներով պարզ դարձավ, որ հանրապետությունում առավել հիմնավորված է համարվում ոչ թե ապահովագրության փորձնական ծրագիր իրականացնել անասնապահության, այլ բուսաբուծության ոլորտում: Ըստ այդմ, առանձնացվել է նաեւ մշակաբույսերի որոշակի շրջանակ:
-Որքա՞ն է տեւելու փորձնական ծրագիրը:
-Փորձնական ծրագիրը երկու տարի է տեւելու: Այն նախատեսում է նաեւ պետության մասնակցության ապահովում: Հիմա շարունակվում են այդ ուսումնասիրությունները: Դա պետք է պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում լինի, սուբսիդավորման մեխանիզմը կիրառվելու է: Նաեւ տարբերակ է քննարկվում մասնակի պարտադիր ապահովագրական համակարգը կիրառել նպատակային վարկեր ստացած տնտեսվարող սուբյեկտների համար, իսկ մյուսների դեպքում՝ կամավոր: Այս ուսումնասիրությունները հիմնականում սկսվել են 2014 թվականից հիմա դրանք շարունակվում են:
-Պարո՛ն Ծպնեցյան, այսինքն՝ գյուղատնտեսության ապահովագրությունը սարերի հետեւո՞ւմ է:
-Սարերի հետեւում չէ, դա բարդ գործընթաց է, եւ պետք է փուլային մոտեցմամբ իրականացվի: Հիմա ուսումնասիրությունները հասել են այս փուլին. մշակվում է տեխնիկական առաջադրանք եւ փորձնական ծրագրի իրականացման համար մրցույթ կհայտարարվի: Բայց բավականին խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն. մեծ տեղեկատվական բազա է անհրաժեշտ, որպեսզի սահմանվեն ապահովագրական սակագները: Այժմ մրցույթի տեխնիկական առաջադրանքն է մշակվում: Պետք է մրցույթ հայտարարվի, դեռ պայմանները հստակ չեն: Հնարավոր է, որ մրցույթին մասնակցեն նաեւ արտերկրի ապահովագրական ընկերությունները:
-Այդ ուսումնասիրությունները ե՞րբ կավարտվեն:
-Հստակ չեմ կարող ասել: Բայց իմ գնահատականով, հնարավոր է, մեկ ամսվա ընթացքում առավել կոնկրետանան, եւ այդ փորձնական փուլի պայմանները կստեղծվեն:
-Պարո՛ն Ծպնեցյան, հնարավո՞ր է, որ վերջին դեպքերը՝ կարկուտը, քամիները, սելավները, արագացնեն ուսումնասիրությունների ընթացքը:
-Այդ խնդիրը միշտ էլ եղել է: Բնակլիմայական գործոնով պայմանավորված՝ միջին հաշվով տարեկան վնասը կազմում է 20 մլրդ դրամ: Այդ դեպքերում արտերկրում ապահովագրական ընկերությունները չեն կարող նույնիսկ փոխհատուցել, պետությունն էլ է իր միջամտությունը ցուցաբերում: Բայց միաժամանակ նշեմ, որ ապահովագրական ընկերությունների համար գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ էլ է պետք քայլեր ձեռնարկել:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ԿՕԳՏՎԵՆ ՄԻՆՉԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ը
Երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ պետական ծառայողների համար նախատեսված սոցփաթեթի հանգստի բաղադրիչն այս տարի գործելու է, եւ բոլոր նրանք, ովքեր այս եւ նախորդ տարի չեն օգտվել իրենց հանգստի փաթեթից, կարող են մինչեւ 2016թ. դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում օգտվել: «Կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի արած հայտարարությունը վերաբերում էր 2017-19թթ. միջնաժամկետ ծրագրերում սոցիալական փաթեթի բաղադրիչի ներառմանը: Դա դեռ չի նշանակում, որ 2017 թվականի բյուջեում դա ներառելը բացառվում է, որովհետեւ կա զուգահեռ հանձնարարական էկոնոմիկայի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ֆինանսների նախարարներին համատեղ քննարկել եւ ներկայացնել առաջարկություններ սոցփաթեթի հանգստի բաղադրիչի բարելավման ուղղությամբ: 2016թ. սոցփաթեթի բաղադրիչը 2016թ. բյուջեի շրջանակներում ամբողջությամբ իրականացվելու է»,-նշեց Ապրեսյանը: Նա ընդգծեց, որ խոսքը չի վերաբերում առողջապահության, կրթության եւ հիպոթեքի բաղադրիչներին: Առանց առողջապահության բաղադրիչի սոցփաթեթի հանգստի բաղադրիչը մոտավորապես կազմում է 10 մլրդ դրամ:
Թեեւ Մ. Ապրեսյանի խոսքով՝ պատահական տուրօպերատորներ սոցփաթեթի հանգստի բաղադրիչում չեն ընդգրկվում, բայց նա նաեւ նշում է, որ հայտնաբերվել են խախտումներ կատարած ընկերություններ. «Ստացված հաշվետվությունների հիման վրա Էկոնոմիկայի նախարարությունը կատարել է վերլուծություններ, ու որոշվել է մեկ օպերատորի հեռացնել սոցփաթեթի ցանկից, երկուսի հրամանն էլ ստորագրվել է: 21 նախազգուշացում էլ արդեն տրվել է»,-ամփոփեց զբոսաշրջության վարչության պետը: