ՍԱ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԳԾՈՒԾՈՒԹՅՈՒՆ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամի»՝ նախօրեին հրապարակած հաշվետվությունից պարզ է դառնում, որ Կոտայքի մարզի ղեկավարությունը, այնուամենայնիվ, փորձել է Արցախին օգնելու նպատակի անվան տակ գումարներ հավաքագրել՝ հետագայում դրանք սեփական նախասիրությամբ տնօրինելու նպատակով: Այսինքն՝ եթե չլիներ «Ժողովուրդ»-ի՝ մայիսի 6-ի հրապարակումը, որը Արցախին օգնելու անվան տակ մասնավոր հիմնադրամի հաշվեհամարին գումար հավաքելու մասին էր, ապա դժվար է ասել, թե մարզպետարանի ղեկավարությունն ինչպես կվարվեր կուտակած միջոցների հետ: Փաստն այն է, որ դեռեւս ապրիլի 15-ի դրությամբ վերը նշված հիմնադրամի հաշվեհամարին արդեն մուտք է եղել ավելի քան 37 միլիոն դրամ, որից 17 միլիոնը Կոտայքի մարզի ղեկավարությունը հասցրել է ծախսել՝ Արցախին օգնություն գնելու հիմնավորմամբ: Իսկ մնացած գումարը «քնացրել» են, եւ միայն «Ժողովուրդ»-ի հրապարակումից հետո, երբ աղմուկ էր բարձրացել, Կոտայքի մարզի ղեկավարությունը փոխանցեց Արցախի կառավարության հատուկ հաշվեհամարին:
«Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամի» հրապարակած հաշվետվության արդյունքում ի հայտ եկող հաջորդ փաստն այն է, որ այդպիսով ապացուցվում է՝ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, նրա երեք տեղակալները եւ մյուս պաշտոնյաները մեկ դրամ անգամ իրենց գրպանից չեն փոխանցել Արցախին օգնելու համար: Փոխարենը դեմ չեն եղել դպրոցականների փոխանցած 5 հազարական դրամներից հավաքված գումարների հաշվին հեղինակություն վաստակելուն, իբր Արցախին օգնել են: Սրանք այն մարդիկ են, որոնք ունեցվածքի տեր են դարձել իրենց պաշտոնների շնորհիվ: Իհարկե, չենք բացառում, որ այս հրապարակումից հետո նրանք, այնուամենայնիվ, մի քանի դրամ կփոխանցեն Արցախի կառավարության հատուկ հաշվեհամարին:

 

 

 
«Ժողովուրդ»-ը երեկ փորձեց ՀՀ կառավարության անդամներից ճշտել, թե նրանք ինչպես են վերաբերվում այն լուրերին, ըստ որոնց՝ Սերժ Սարգսյանն իշխանության վերնախավին ասել է, որ կա՛մ պետք է տարածքներ հանձնենք, կա՛մ էլ հրաժարվելու դեպքում պատերազմի վերսկսումն անխուսափելի է: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, չնայած հարցին պատասխանելուց չի հրաժարվել, բայց կարծիք՝ որպես այդպիսին, չի արտահայտել: «Ես ճիշտ չեմ համարում, որ բանակցային գործընթացի ընթացքում հասարակական նման ձեւաչափով խոսակցություններ են ընթանում, որովհետեւ կան կողմեր, եւ կողմերն ունեն հստակեցված դիրքորոշում: Պետք է թողնենք՝ մեր քաղաքական պատասխանատվություն ունեցող դիվանագետները, քաղաքական պաշտոնյաները կարողանան իրենց գործընթացը անել, որովհետեւ խոսքը գնում է ընդհանրապես գլոբալ հայկական շահի մասին»,- ասել է Մկրտչյանը: Փոխարենը ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ընդհանրապես հրաժարվել է որեւէ հարցի պատասխանելուց:

 

 

 
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից պարզել, թե իրենց նախարարությունը ինչպես է ծախսել Եվրամիության տրամադրած մեկ միլիոն եվրոյի վարկը, որը հատկացվել էր 2013 թվականի գարնանը՝ արտագաղթի, կամ այլ կերպ ասած՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար: Ինչպես միշտ, Արտեմ Ասատրյանը հրաժարվել է որեւէ հարցի պատասխանելուց եւ արագ հեռացել է: Բայց հարցը, միեւնույն է, մնում է անպատասխան: Ի վերջո, Հայաստանի հանրությունն իրավունք ունի իմանալու, թե Արտեմ Ասատրյանի ղեկավարած գերատեսչությունն ինչպես հաջողացրեց նշված գումարն այնպես ծախսել, որ դրանից արտագաղթի տեմպերն ավելանան: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2013-ին Հայաստանից արտագաղթել է 31 հազար 200, 2014-ին՝ 41 հազար 600, 2015-ին 43 հազար 400 մարդ: Այսինքն՝ մեկ միլիոնով ոչ թե արտագաղթը կանխել են, այլ լրջագույնս խթանել, որ այն արագ տեմպերով աճի:

 

 

 
Ինչպես հայտնի է՝ այս տարվա մայիսի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի` Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված քրեական գործ հարուցվեց ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով): Այս տարվա մայիսին Միհրան Պողոսյանը, ի վերջո, այդ գործով կանչվել էր հարցաքննության: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ քննիչները օրերս Միհրան Պողոսյանին կրկին հրավիրել են հարցաքննության: Ավելին, մեր տեղեկություններով՝ Միհրան Պողոսյանը, հարցաքննվելուց բացի, նաեւ ինչ-որ այլ քննչական գործողությունների է մասնակցել: Ենթադրվում է, որ Միհրան Պողոսյանին ինչ-որ փաստաթղթեր են ներկայացրել, որոնց վերաբերյալ նա պարզաբանումներ է ներկայացրել, հնարավոր է, որ ԴԱՀԿ նախկին պետն ինքը եւս ինչ-որ փաստաթղթեր ներկայացրած լինի: Ամեն դեպքում նախաքննությունը դեռ շարունակվում է։

 

 

 
ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդյունքները տհաճ անակնկալների չեն հանգեցնի: Այս մասին երեկվա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Կարեւորն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը խաղաղ ավարտ ունենա: Անհրաժեշտ է, որպեսզի բոլոր թիմերն ընդհանուր արդյունքի համար խաղան՝ բացառելով նոր արյունահեղության եւ նոր զոհերի հնարավորությունը: Եթե ԼՂ հարցով բանակցային գործընթացը տարվեր հակամարտության միայն մեկ կողմի հետ, ապա այն կարող էր վտանգավոր լինել, սակայն երկու կողմերից թե՛ ղեկավարությունը, թե՛ փորձագիտական խումբը տեղյակ են, թե ինչ է կատարվում, եւ ոչ մի անակնկալ չի կարող լինել»,- ասել է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչը:
Զախարովայի այս հայտարարությունն առավել քան ուշագրավ է այն առումով, որ հատկապես անցած երկու շաբաթվա ընթացքում վերջին տարիների համար աննախադեպ կերպով ակտիվացել են հայկական կողմից ազատագրված տարածքների հանձնման վերաբերյալ տարբեր խողովակներով արտահոսքերը: Սակայն, ինչպես միշտ, ՀՀ իշխանությունները փորձում են հանրությանը վստահեցնել, թե այս պահին նման հարց չի քննարկվում, իսկ այս ողջ ակտիվությունն էլ ընդամենը բանակցային գործընթացը վերսկսելուն ուղղված ջանքեր են: Ավելին՝ ՀՀԿ-ական պատգամավորներն ու ՀՀԿ-ամերձ փորձագետները տարբեր մամուլի ակումբներում նոն-ստոպ ռեժիմով այս հարցի շուրջ ասուլիսներ են հրավիրում՝ հավաստիացնելով, թե «Լավրովի պլան» ասվածը գոյություն չունի, թե պետք է հավատալ բացառապես պաշտոնական տեղեկատվությանը եւ տարածքների հանձնման հեռանկարի մասին խոսակցություններով չթուլացնել հայ զինվորի ոգին:
Եվ, ահա, Մարիա Զախարովայի երեկվա հայտարարությունը գալիս է ասելու, որ բանակցային գործընթացի հետ կապված որեւէ անակնկալ բան չկա կողմերից ոչ մեկի եւ առաջին հերթին՝ հայկական կողմի համար: Եվ այն, ինչն այդքան ոգեւորել էր Սերգեյ Լավրովին, ով Բաքվում հայտարարել էր, թե կողմերն առավել քան երբեւէ մոտ են կարգավորմանը, մանրակրկիտ ձեւով քննարկված է հայկական կողմի հետ: Իսկ որ Լավրովին եւ նրա ադրբեջանցի պաշտոնակցին չէր կարող ոգեւորել կարգավորան հայանպաստ տարբերակ, պարզից էլ պարզ է, եւ ուրեմն Զախարովան ուզում է ասել, որ լավրովյան պլանը կամ նորացված Կազանյան փաստաթուղթը, որը ենթադրում է սկզբում 5 շրջանների հանձնում Ղարաբաղի «միջանկյալ կարգավիճակի» դիմաց, քննարկված եւ համաձայնեցված է նաեւ հայկական կողմի հետ:
Սրանով Զախարովան նաեւ կողմերին /ավելի շատ հայկական կողմին/ զգուշացնում է՝ հանկարծ «խաղեր չտալ» եւ իքս պահի երկրի ներսում ընդվզման ալիքի բարձրացման դեպքում անտեղյակ չձեւանալ եւ չփորձել հետ կանգնել արված քայլերից: Հակառակ դեպքում մատնացույց է արվում «նոր արյունահեղության եւ նոր զոհերի հնարավորությունը»:




Լրահոս