ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամը» հրապարակել է այս տարվա առաջին կեսի հաշվետվությունը, եւ կարող ենք ասել՝ հաստատվեցին մեր կասկածները առ այն, որ մարզի ղեկավարությունը Արցախին օգնելու անվան տակ պետական հիմնարկ- ձեռնարկություններից եւ բնակիչներից գումարներ է հավաքել` ինչ-որ այլ նպատակներով օգտագործելու համար:

Այսպես՝ հրապարակված հաշվետվությունից տեղեկանում ենք, որ մինչեւ ապրիլյան քառօրյա պատերազմը, նշված հիմնադրամի հաշվեհամարին ոչ մի փոխանցում չի եղել: Հիմնադրամի հաշվեհամարին եղել է ընդամենը 432 հազար դրամի մնացորդ: Գումարները ստացվել են ապրիլի 6-ից սկսած: Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Արցախի կառավարությունը հրապարակեց հատուկ հաշվեհամարներ, որպեսզի Արցախին օգնել ցանկացողները ցանկության դեպքում դրանց փոխանցեին իրենց նվիրաբերած գումարը: Բայց Կոտայքի մարզպետարանը, չգիտես ինչու, մարզի բոլոր պետական ձեռնարկություններին, դրանք են՝ դպրոցներ, հիվանդանոցներ, գյուղապետարաններ եւ քաղաքապետարաններ ու այդպես շարունակ, հանձնարարել է Արցախին օգնելու համար գումար փոխանցել մասնավոր հիմնադրամի բանկային հաշվեհամարին: Այս հիմնադրամն իրավական տեսանկյունից կապ չունի Կոտայքի մարզպետարանի հետ, այն մասնավոր կառույց է, բայց դրա միջոցները տնօրինում է Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը:
Ինչպես արդեն նշեցինք՝ հիմնադրամի հաշվեհամարին անհատներն ու պետական ձեռնարկությունները սկսել են գումարներ փոխանցել ապրիլի 6-ից սկսած: Մինչեւ ապրիլի 15-ը հիմնադրամի հաշվեհամարում հավաքվել է 37 միլիոն 412 հազար 800 դրամ: Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Հրազդանում նշանակված էին քաղաքապետի ընտրություններ:
Հիմնադրամի հաշվետվության համաձայն՝ ապրիլի 7-ին հաշվեհամարից ելք է արվել 5 միլիոն 100 հազար դրամ: Հաշվետվությունում այդ գումարի դիմաց նշված է «հիմնադրամից փոխանցվել է պահածոյացված սննդամթերքի արժեք՝ ԼՂՀ ուղարկելու համար»: Իսկ թե կոնկրետ ում է փոխանցվել, նշված չէ: Այլ կերպ ասած՝ հաշվետվություն հրապարակողները հոգացել են, որպեսզի գումարը ստացողի տվյալները գաղտնի մնան: Նման գրառում է արված նաեւ ապրիլի 8-ին փոխանցված 8 միլիոն 339 հազար 932 դրամի եւ ապրիլի 11-ով թվագրված 3 միլիոն 57 հազար 900 դրամի դիմաց: Ապրիլի 12-ի ամսաթվով էլ ելք են արվել 273 հազար դրամ, որը ներկայացվում է իբրեւ զինվորական համազգեստի համար վճարված գումար, եւ 300 հազար դրամ էլ՝ հեռադիտակների եւ անձրեւանոցային թիկնոցների համար: Անձրեւանոցային թիկնոցների անվամբ 200 հազար դրամ էլ ելք է արվել ապրիլի 15-ին:
Արցախ ուղարկված նյութական օգնություն տրամադրողների ցանկն ուսումնասիրելու արդյունքում «Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամի» անունը ոչ մի տեղ չենք հանդիպում: Մեկ տեղ միայն առկա է Կոտայքի մարզպետարանի մասին գրառում, ըստ որի՝ այդ գերատեսչությունն Արցախ է ուղարկել 21 հազար 465 պահածոյացված սնունդ, կամ այլ կերպ ասած՝ պահածոյացված միս եւ 11 հազար 340 շիշ ըմպելիք: Արցախի կառավարությունից մեր հարցմանը տված պատասխանի համաձայն՝ օգնությունը ստացվել է ապրիլի 8-ին, ըմպելիքից 720 շիշը եղել է կեսլիտրանոց տարաներով հյութ, իսկ 10 հազար 620 շիշն էլ եղել է 1 լիտր տարողությամբ ջուր: Արդյոք այդ ապրանքը հենց հիմնադրամի միջոցների հաշվին է գնվել, թե դրանք Կոտայքի մարզպետարանի միջոցների հաշվին են ձեռք բերվել, չենք կարող միանշանակ պնդել: Այդ հարցի պատասխանը կարող է ստացվել միայն Կոտայքի մարզպետարանի հաշվապահությունը ստուգելու արդյունքում: Ամեն դեպքում, եթե նշված ապրանքը վերածենք գումարի, ապա մոտավոր հաշվարկներով այն համարժեք է լինում ընդհանուր 13 միլիոն 439 հազար 932 դրամին: Իսկ ինչ են եղել մնացած 3 մլն 830 հազար դրամը, անհայտ է, Արցախի կառավարության հրապարակած ոչ նյութական եւ ոչ էլ գումարային օգնության ցանկերում այդ մասին ոչինչ նշված չէ:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ում այս հիմնադրամի ոդիսականը մայիսի 6-ին հրապարակելուց չորս օր հետո՝ մայիսի 10-ին, Արցախի կառավարության հաշվեհամարին փոխանցվել էր 22 մլն դրամ: Բարձրացված աղմուկից հետո Կոտայքի մարզպետարանի ղեկավարությունը փաստացի ստիպված էր եղել Արցախի անվան տակ հավաքված գումարները փոխանցել իրենց նպատակին: Իհարկե, մինչեւ վերջ իրենց չեն զսպել, մի փոքր, այնուամենայնիվ, «փայ են մտել». Արցախի համար հավաքված գումարներից 1 մլն 354 հազար դրամը, չգիտես ինչու, մնացել է հիմնադրամի հաշվեհամարին: Կոտայքի մարզպետարանը վստահեցնում է, որ այդ գումարը եւս ծախսվելու է Արցախին օգնելու նպատակով:
Այս պատմության մեջ հաջորդ ուշագրավ կողմն այն է, որ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, նրա երեք տեղակալներ Կարեն Մարգարյանը, Համլետ Հայրապետյանը եւ Մուշեղ Մանասյանն իրենց գրպանից մեկ դրամ անգամ չեն փոխանցել Արցախին: Նրանց անունները ո՛չ իրենց հիմնադրամի հաշվեհամարին գումար փոխանցած անձանց մեջ կա եւ ո՛չ էլ Արցախի կառավարության հրապարակած ցանկում: Այսինքն՝ մարդիկ, որոնք պետական պաշտոնն օգտագործելով՝ միլիարդատեր են դարձել, հսկայական կարողություն են կուտակել եւ շարունակում են նույնն անել, անհարմար չեն զգում, որ ոչ մի լումա անգամ չեն կամեցել փոխանցել: Այն դեպքում, երբ մանկավարժները, սովորական քաղաքացիները, նույնիսկ աշակերտներն իրենց վերջին լումայից Արցախին բաժին են հանել, որպեսզի մարզպետն ու իր շուրջը խմբված անձինք գլուխ գովեն, թե տեսաք, որքան օգնություն հատկացրինք Արցախին, տեսնում եք՝ ինչ հայրենասեր տղերք ենք: Իրականում, ինչպես բազմիցս նշել ենք, ընտրակեղծարարը ո՛չ հայրենիքի եւ ո՛չ էլ հայրենասիրության հետ ընդհանուր ոչինչ չի կարող ունենալ: Ընտրակեղծարարը կարող է միայն ցանկացած արժեք փչացնել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՍԱՅԼԸ ՏԵՂԻՑ ՇԱՐԺՎԵՑ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Տոնուս»-ից տուժած բնակարանատերերը «Արցախբանկ»-ի հետ կնքած համաձայնագրի հիման վրա արդեն սկսել են պայմանագրեր կնքել շինարարական «Աշոտշին» ընկերության հետ: Պայմանագրերի կնքման գործնթացը սկսվել է դեռեւս հունիսին: Բնակիչների պատմելով՝ պայմանագրում շինարարության ավարտի վերջնաժամկետը նշված է 2017 թվականի մարտը: Նշենք, որ «Տոնուս» ընկերությանը պատկանող Դավիթաշեն, 2-րդ թաղամաս, 46/4 հասցեում կառուցվող բազմաբնակարանային շենքը դեռեւս նախորդ տարի է «ԱշոտՇին» ընկերությանն օտարվել. այն ուղղակի վաճառքով հանձնվել է «ԱշոտՇին»-ին: Ի դեպ, տեղեկացնենք, որ ստորագրման պահից ամենաուշը 9 ամիս հետո շինարարությունը պետք է ավարտված լինի:

 

 

«ՏԱԿԻՑ» ՀԱՐՈՒՍՏԸ
ՀՀ Արարատի ՀՅԴ-ական փոխմարզպետ Հայրապետ Բաբայանը, որը այս պաշտոնին նշանակվել է այս տարվա մարտի 31-ին, հայտարարագրում նշել է, որ այս տարվա երեք ամիսներին վարձակալության դիմաց 624 հազար դրամի եկամուտ է ստացել: Պաշտոնը ստանձնելիս նա ունեցել է 18 մլն դրամ եւ 20 հազար դոլար դրամական միջոց: Դաշնակցական փոխմարզպետն ունի 2 անհատական բնակելի տուն, հասարակական նշանակության 3 շինություն, «Kia Sportage 2.7 L» եւ «Ford Transit 1.8» մակնիշի ավտոմեքենաներ: Ի դեպ, Բաբայանը 1997 թվականից մինչեւ պաշտոնի նշանակվելու պահը գործարարությամբ է զբաղվել, «Հրաշք» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն է եղել:

 

 

ՆՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Հալաբյան փողոցում ապրիլի 25-ին թիվ 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի պատմությունը շարունակում է մնալ հանրային քննարկումների առանցքում: Իհարկե, իրավապահները հայտարարեցին, որ կատարվածը ահաբեկչություն չէ, այլ կենցաղային հողի վրա տեղի ունեցած պատահար, սակայն հասարակության շրջանում առկա կասկածներն այն մասին, որ իրավապահներն իրականությունը թաքցնում են, այդպես էլ մինչեւ վերջ չվերացան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի՝ այս գործը քննող քննիչները պատրաստվում են հայտարարել ավտոբուսի պայթյունի նախաքննությունն ավարտելու մասին: Սակայն վերջին պահին որոշվել է եւս մեկ փորձաքննություն նշանակել: Արդյոք դա նշանակում է, որ գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել, թե պարզապես իրավապահները ինչ-որ բան են բացթողած եղել եւ վերջում միայն նոր նկատել են: Այս խնդիրը կպարզվի միայն, երբ կստացվեն փորձաքննության պատասխանները: Դրանից հետո իրավապահները պետք է որոշեն նախաքննությունը շարունակել կամ էլ կազդարարեն քննությունն ավարտելու մասին:

 

 
ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐ
2016թ. հուլիսի 7-ից մինչեւ 13-ն ընկած ժամանակահատվածում սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը ՀՀ տարածքում Ադրբեջանին (Նախիջեւան) հարակից գոտում գրանցել է 3 բալ ուժգնությամբ (2.6 մագնիտուդ) երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել հուլիսի 10-ին Քաջարան քաղաքից 14 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Այս մասին հայտնում են ՍՊԾ գործակալության լրատվական ծառայությունից: Տարածաշրջանում 6-7 բալ ուժգնությամբ (4.7 մագնիտուդ) երկրաշարժ է գրանցվել հուլիսի 12-ին, Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ գյուղ Բավրայից 13 կմ դեպի հյուսիս-արեւելք: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Հայաստանի հյուսիսային հատվածում, մասնավորապես Ստեփանավան եւ Ալավերդի քաղաքներում՝ 4-5 բալ, Գյումրիում՝ 3-4 բալ, նաեւ մայրաքաղաք Երեւանում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

 

 

ՏՐԱՄԱԴՐԵԼ Է
ՀՀ կառավարությունը «Ունիկում Ինժիներինգ» ընկերությանը տրամադրել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն՝ էլեկտրոնիկայի եւ ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում գործունեություն ծավալելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ ընկերությունը նախատեսում է ԱՏԳ-ում կազմակերպել ռազմական նշանակության գիշերային տեսանելիության եւ ջերմատեսիլ սարքերի արտադրություն: «Նախատեսվում է, որ ծրագրի երկրորդ տարում` 2017թ., արտահանման ծավալները կկազմեն մոտ 5 մլն դոլար, իսկ 5-րդ տարում` շուրջ 12 մլն դոլար: Ծրագրի առաջին տարվա ընթացքում նախատեսվում է արտադրել եւ արտահանել մինչեւ 1000 սարքեր՝ հետագայում ավելացնելով քանակը մինչեւ 5500-ի: Արտահանման հիմնական ուղղությունը հանդիսանում է ՌԴ-ն»,- ասել է նախարարը:

 

 

ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Կարաստամատովին` հայ-բուլղարական հարաբերությունների հետեւողական զարգացման գործում նրա ունեցած անձնական ներդրման համար եւ հույս հայտնել, որ Բուլղարիայի հաջորդ դեսպանը նույնպես ջանք չի խնայի երկու բարեկամ երկրների հարաբերությունների խորացման եւ մի շարք ուղղություններով փոխշահավետ համագործակցության զարգացման համար:




Լրահոս