ՍՈՑԱՊ ՆԱԽԱՐԱՐՆ ՈՒ ՊԱՏԻ ՏԱԿԻ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, անդրադառնալով էլեկտրոնային կենսաթոշակային համակարգ ստեղծելու համար 84 մլն 500 հազար դրամ ծախսելուն, ասաց.«10 անգամ ավելի թանկ արժի այդպիսի համակարգը ներդնելը»:

«Ժողովուրդ»-ը 2016 թվականի հուլիսի 6-ին անդրադարձել էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության էլեկտրոնային կենսաթոշակային համակարգ ստեղծելու գործընթացին: Դիմել էինք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ պարզելու, թե էլեկտրոնային կենսաթոշակային համակարգ ստեղծելու համար որքան գումար է պետբյուջեից հատկացվել, եւ երբվանից է այն գործում: Ի պատասխան մեր հարցմանը՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել էին. «Կենսաթոշակային հաշվառման «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի ներդրման նպատակով ՀՀ կառավարության 2011 թ. մայիսի 26-ի թիվ 689-Ն որոշմամբ պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությանը 2011 թ. 1-ին կիսամյակում հատկացվել է 84 մլն 500 հազար դրամ»:
Ասել է, թե 210 հազար դոլար է ծախսվել՝ ընդամենը մեկ ծրագրային ապահովման խնդիր լուծելու համար:
«Ժողովուրդ»-ը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից փորձեց հետաքրքրվել, թե որքանով է արդարացված «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի ներդրման համար 84 մլն 500 հազար վատնելը, այն դեպքում, երբ այդպիսի միջոցներով, ըստ մասնագետների, հնարավոր էր մի քանի նման ծրագրեր ստեղծել:
-Պարո՛ն Ասատրյան, որքանով է արդարացված ընդամենը մեկ տեղեկատվական ծրագրի ներդրման համար 84 մլն 500 հազար դրամ ծախսելը, արդյո՞ք հնարավոր չէր ավելի պակաս միջոցներով նմանատիպ ծրագիր գործարկել:
-Կարծում եմ, որ ընդհանրապես որեւէ տեղեկատվություն տրամադրելուց առաջ լավ կլինի, որ ունենաք մասնագիտական եզրակացություններ եւ ոչ թե ուղղակի ենթադրություններ կամ ցանկություններ ինչ-որ բաներ արտահայտելու:
-Սա ցանկություն չէ ինչ-որ բան արտահայտելու, ցանկացած ծրագրավորող կարող է ապացուցել, որ նման գումարով, մեղմ ասած, մի քանի համանման ծրագիր կարելի է ստեղծել: Մեզ հետ զրույցում մասնագետները նշել են, որ արդարացված չեն համարում 84 միլիոն դրամի ներդրումը:
-Դուք այս պահին պատի տակի խոսակցություններ եք ասում, չի կարելի այդպես: Իմ առաջարկն այն է, որ երբ խոսում եք մասնագետի մասին, այդ մասնագետը որեւէ բանի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տալու համար նախ պետք է ուսումնասիրի այդ աշխատանքը, այդ արդյունքը եւ նոր կարողանա գնահատականներ տալ: Ես համարում եմ, որ նմանատիպ արտադրանքը մոտ 10 անգամ ավելի թանկ արժի:
-Այսինքն՝ 85 միլիոնը դեռ մի բան էլ քի՞չ էր այդ համակարգի համար:
-Այո՛, 10 անգամ ավելի թանկ արժի այդպիսի համակարգ ներդնելը, Դուք կարող եք Ձեզ նեղություն տալ եւ ուսումնասիրել տարբեր երկների փորձը:
-Պարո՛ն Ասատրյան, հատկապես վերջին շրջանում կարծես թե նման վիճահարույց ներդրումներից, ծրագրերից հետո որոշ պաշտոնյաներ հայտնվում են իրավապահների ուշադրության կենտրոնում, վստա՞հ եք, որ Դուք եւս չեք համալրի այդ ցանկը:
-Ուրմեն նշեցի՝ այն աշխատանքները, որոնք արվել եւ շարունակվում են արվել, դրանք բոլորը արդյունավորված են, եւ այդ աշխատանքների արդյունքներն այսօր առարկայական կիրառական նշանակություն ունեն այդ համակարգի կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հետ կապված: Արդյունքները, որոնք տրվել են երկրին, հասարակությանը, չափվում են տասնյակ միլիարդներով:
-Խոսեցիք արդյունքներից: Ինչպես գիտենք՝ 2013 թվականին Եվրամիությունը 1 մլն եվրո գումար էր տրամադրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը: Նպատակը մեկն էր՝ կանխել արտագաղթը: Ըստ այդ ծրագրի՝ Հայաստանի մի քանի մարզերում, որտեղից շատ են արտագնա աշխատանքի մեկնողները, պետք է ներդրվեր սոցիալական աշխատողի ինստիտուտը: Վերջինս անհատական աշխատանք պետք է անկացներ մոտ 2500 ընտանիքների՝ 10 հազարից ավել անդամների հետ, նաեւ տարբեր համայնքներում ցերեկային խնամքի կենտրոններ էր նախատեսված ստեղծել, որտեղ պիտի հաճախեին մարդիկ, կամ էլ բնակիչներին պիտի այցելեր հենց հոգեբանը: Իսկ եթե այսքանից հետո մարդը չէր համոզվի ու կորոշեր արտագաղթել, նրանց ներկայացվելու էր համապատասխան տեղեկատվություն աշխատանքային միգրանտի, այլ երկրների օրենսդրության վերաբերյալ: Պարո՛ն Ասատրյան, կասեք՝ կոնկրետ ի՞նչ արեցիք 1 մլն եվրո գումարի հետ, ի՞նչ արդյունք ունեցանք:
-Ձեզ ոչնչով օգնել չեմ կարող:
-Մեզ օգնել պետք չէ, ԵՄ-ն կոնկրետ տվել էր գումարը, հիմա ուզում ենք հասկանալ՝ ինչ եղավ այդ ծրագրի հետ:
(Լռում է եւ քայլում Ք.Մ)
-Մեր երկրում արտագաղթը ավելացել է, մարդկանց սոցիալական վիճակն էլ՝ գնալով վատացել, գումարը ճիշտ չխածսվե՞ց, թե՞ նպատակին չծառայեց, ին՞չ եղավ:
(Լռում է եւ քայլում Ք.Մ)
-Ինչո՞ւ չեք պատասխանում, ուզում ենք իմանալ՝ ի՞նչ եղավ ծրագրի հետ:
Լռում է եւ քայլում: Իսկ քիչ անց Արտեմ Ասատրյանը հեռախոսը դնում է ականջին՝ տպավորություն ստեղծելով, թե զանգահարում է:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ՀԱՂՈՐԴՈՒՄ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԴԵՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս հատուկ քննչական ծառայություն է դիմել մի կին եւ ՀՀ պաշտոնատար անձի կողմից կատարված հանցագործության մասին հաղորդում ներկայացրել: Նա հայտնել է, որ օրեր առաջ իր աշխատասենյակ է եկել ՀՀ պաշտոնատար անձանցից մեկը, եւ ինքը նրա հետ աշխատասենյակում սեռական հարաբերություններ է ունեցել: Ըստ կնոջ՝ այդ ընթացքում պաշտոնատար անձը իր պարանոցից պոկել է թանկարժեք ոսկյա զարդը եւ բացահայտ կերպով դրել իր գրպանը:
Կինը իրավապահներին հայտնել է, որ այդ ժամանակ պաշտոնյային ասել է, որ վերադարձնի իր վզնոցը, սակայն իր սենյակում գտնվող պաշտոնյան հրաժարվել է այն իրեն տրամադրել: Չի բացառվում, որ մինչ իրավապահներին դիմելը կինը ցանկացել է ամեն գնով իր ոսկյա թանկարժեք զարդը հետ վերադարձնել, սակայն փորձերն անցել են ապարդյուն, եւ կնոջ միակ ելքը մնացել է իրավապահներին դիմելը: Արդյունքում դիմելով հատուկ քննչական ծառայություն՝ նա պատմել է եղելությունը, իսկ քննիչները սկսել են նյութեր նախապատրաստել: Եվ, ահա, մեզ տեղեկություններ հասան, որ նախօրեին ՀՔԾ-ում կնոջ հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի առաջին մասի հատկանիշներով` կողոպուտը, ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
«Ժողովուրդ»-ը տեղեկությունը փորձեց ճշտել հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանից, որը հաստատեց մեր տեղեկությունը եւ հայտնեց, որ փաստի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԱՆՆԱԽԱԴԵՊ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ավարտվել է «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերությունում գնումների կազմակերպման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պարզվել է, որ ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գ. Մարկոսյանը, նույն ընկերության կոմերցիոն տնօրեն Ռ. Մովսեսյանը, ֆինանսների եւ էկոնոմիկայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Մ. Մովսիսյանը եւ վերանորոգման, նախապատրաստման եւ կարգավորման բաժնի պետ, գնումների գործընթացի պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Է. Ղազարյանը, ստեղծելով կազմակերպված հանցավոր խումբ եւ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, կատարել են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն՝ պետությանը պատճառելով էական վնաս: Հանցագործությունը բացահայտվել է, իսկ դրանով պետությանը պատճառված 783 միլիոն 586 հազար դրամի չափով վնասն ամբողջությամբ հատուցվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

 

 
ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին՝ Միացյալ Թագավորության Պահպանողական կուսակցության ղեկավարի եւ երկրի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

 

 

ԱՐԴԱՐԱՑՐԻՆ
ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը երեկ հայտարարել է, որ սոցփաթեթների ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է շուրջ 300 միլիոն դրամի չարաշահում. «Վերահսկիչ պալատը ուսումնասիրություններ է իրականացրել ՀՀ խոշոր հանգստյան գոտիներ համարվող Ծաղկաձորի, Դիլիջանի, Արտավանի, Աղվերանի, Արզնիի եւ Հանքավանի ընտրանքային կարգով ուսումնասիրված հյուրանոցներում եւ հայտնաբերել է շուրջ 300 միլիոն դրամի տարբեր տիպի խախտումներ»: Զաքարյանն ասել է, որ Ծաղկաձորում ՎՊ-ն ուսումնասիրել է 21 հանգստյան տներ եւ հյուրանոցներ եւ հայտնաբերել է 128 միլիոն 681 հազար դրամի խախտում, Ջերմուկ քաղաքում՝ 13 հանգստյան տներ ու հյուրանոցներ, եւ հայտնաբերվել է 62 միլիոն 432 հազար դրամի խախտում, Դիլիջանում ուսումնասիրվել է 7 հանգստյան տուն ու հյուրանոց, եւ հայտնաբերվել է 44 միլիոնի խախտում: ՎՊ նախագահը նշել է, որ հանգստի կազմակերպման գործում ներգրավված են եղել 69 զբոսաշրջային օպերատորներ, սակայն ՎՊ-ն դեռեւս ուսումնասիրություններ է իրականացրել 7 ընկերություններում, ինչից ակնհայտ է դարձել, որ որոշ ընկերություններ լիարժեք չեն կատարել իրենց պարտավորությունները, ավելին՝ սոցիալական փաթեթով հանգիստը կազմակերպել են այնպիսի ընկերություններ, որոնք դրա լիազորությունները չեն ունեցել: Իշխան Զաքարյանը կառավարությանն առաջարկել է լրամշակել սոցիալական փաթեթի՝ հանգստին վերաբերող դրույթը, իսկ մինչ ուսումնասիրությունների ավարտը՝ կասեցնել:

 

 

ՔՐԻՍՏՈՆՅԱՅԻՆ ՎԱՅԵԼ
ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը իր դեմ մահափորձ իրականացնողների նկատմամբ ներման խնդրանքով բաց նամակ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: «2013 թվականի դեկտեմբերի 29-ին իմ դեմ կազմակերպված մահափորձի գործով ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-րդ, 103-րդ եւ 245-րդ հոդվածների հիմքով մեղադրանք է առաջադրվել եւ ԼՂՀ առաջին ատյանի իրավասության դատարանի վճռով ազատազրկման են ենթարկվել Արա Ռաֆայելի Ավետյանը (11 տարի) եւ Սերգեյ Բորիսի Հարությունյանը (9 տարի): Ես՝ որպես տուժող կողմ, ներման խնդրանքով եմ դիմում Ձեզ՝ հաշվի առնելով դատապարտյալների ընտանիքների սոցիալական վիճակը, անչափահաս երեխաների առկայությունը եւ Արցախի Հանրապետությունում տիրող ընդհանուր ռազմաքաղաքական իրավիճակը»: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ArmLur.am-ին ասել է՝ քանի որ նամակը երեկ է հրապարակվել, ժամանակ է պետք՝ այն քննարկելու եւ որոշում կայացնելու համար:

 

 

ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն: Նա շնորհավորել է դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանության աշխատակիցներին եւ ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին:




Լրահոս