ՂԱՐԱԲԱՂԻ՝ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՍԵՂԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԱԿՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի հակամարտության շուրջ իրադարձությունները զարգանում են աննախադեպ արագությամբ, գուցե թե ավելի համառ ու լուրջ, քան 1997 թվականին: Ապրիլյան պատերազմում Ադրբեջանը հասավ իր նվազագույն նպատակին` մեծ թափ հաղորդելով բանակցային գործընթացին ու համոզելով գերտերություններին, որ մոտեցել է հարցի լուծման պահը: Այդ ամենը հաջողվեց առաջին հերթին Հայաստանի իշխանությունների աղետալի սխալի հետեւանքով, երբ բավարար ջանքեր չգործադրվեցին ԼՂՀ-ն բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու ուղղությամբ:

Ռոբերտ Քոչարյանի արտաքին` իր էությամբ գավառական քաղաքականության առաջնագույն բացասական հետեւանքը Արցախը բանակցային գործընթացից հեռացնելն էր: Դրան թե՛ Հայաստանի քաղաքական վերնախավը, թե՛ հատկապես Արցախի ղեկավարությունը որեւէ լուրջ դիմադրություն ցույց չտվեցին` նախընտրելով հեռու մնալ արտաքին կենտրոնների հետ շփումներից: Արդյունքում Ադրբեջանը ստացավ անպատկերացնելի հաջող իրավիճակ: Ի դեպ, այնպես չէ, որ Քոչարյանը Արցախին բանակցային ֆորմատից դուրս է թողել՝ ինչ-որ «վեհ» պատկերացումներից ելնելով: Դա պարզ փրկագին էր` մատուցված արտաքին ուժային կենտրոններին Հայաստանում պալատական հեղաշրջման ու Քոչարյանի ոչ լեգիտիմ նախագահության ճանաչման դիմաց: Եվ այդ քայլը շահեկան դուրս եկավ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ գերտերությունների համար: Պարզից էլ պարզ է, որ ինչքան նեղ է հակամարտության շրջանակը, այնքան ավելի դյուրին է այն լուծելը:
Քոչարյանից մնացած այսպիսի անհաճո ժառանգությունը Սերժ Սարգսյանը կարծես ամենեւին էլ ծանր չտարավ: Ավելին` իր իշխանավարության հենց սկզբում նա նպաստեց Մինսկի խմբի ձեւաչափի փաստացի վերանայմանը` համաձայնելով ՌԴ նախագահի միջնորդությամբ Ալիեւի հետ հանդիպումներին: Այդ քայլի տրամաբանական հետեւանքը եղավ հակամարտության լուծման գործում ռուսական դիրքերի աննախընթաց ուժեղացումը: Արեւմուտքն էլ դեմ չարտահայտվեց նման զարգացումներին, քանզի ցանկացած պահի կարող էր (ինչպես համոզվեցինք ապրիլյան պատերազմից հետո) միջամտել: Իսկ վերջինիս համար ռուսական միանձնյա միջնորդությունը միանշանակ նախընտրելի էր, քանզի այդ կերպ նախ կարելի էր Ռուսաստանին թողնել կարգավորման ձախողման փլատակների ներքո` սասանելով այդ երկրի աշխարհաքաղաքական դիրքերը մոլորակի մյուս հատվածներում, եւ վերջապես Ռուսաստանն ունակ էր երկու երկրների քաղաքական էլիտաներին իր ստորակայության ներքո պահել: Հարկ է նկատել, որ ադրբեջանցի մարդասպան Սաֆարովի արտահանձնումն ու հերոսացումը Սերժ Սարգսյանի համար կարող էր լինել հարմար առիթ` դուրս գալու Հայաստան-Ադրբեջան վտանգավոր ձեւաչափից, քանզի միջազգայնորեն լիապես հնարավոր էր հիմնավորել ու հասկացված լինել, որ հակամարտությունը այլեւս դուրս է եկել ՀՀ տիրույթից եւ առանց Արցախի օրինական իշխանությունների մասնակցության Հայաստանն անկարող է դաժան մարդասպանությունը հովանավորող երկրի հետ խաղաղ հանգուցալուծման հասնել: Սակայն Սարգսյանը կրկին բաց թողեց պահը` սահմանափակվելով Գորիկ Գուրգենիչին իբր հատուկ հանձնարարություն տալու ցուցադրությամբ:
Թվում էր` ապրիլին Ադրբեջանի ռազմական հարձակումն ու ծանր կորուստներով դրա կանխումը Հայաստանի իշխանությունների համար պիտի հանդիսանար նվազագույնը Արցախի` բանակցային գործընթաց վերադառնալու դժվարին, բայց լիովին լուծելի քայլի մեկնարկը: Արցախի հանդեպ ադրբեջանական ագրեսիան անտարակույս հնարավորություն էր ընձեռում այլեւս չբանակցել Ալիեւի հետ ոչ մի ֆորմատով, նույնիսկ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, քանի դեռ սեղանին իր տեղը չէր զբաղեցրել Արցախը: Դրա փոխարեն Սերժ Սարգսյանն առաջ քաշեց համեմատաբար թույլ երեք հայտնի պահանջները: Բայց պարզվում է, որ դրանք էլ էին սին, քանզի միջազգային հանրությունը ոչ միայն գործնական ընթացք չտվեց դրանց, այլեւ պատերազմից 40 օր անց Սարգսյանին ու Ալիեւին դեմ առ դեմ նստեցրեց: Վերոհիշյալ երեք պահանջների թեման արդեն կարելի է նետել պատմության աղբանոցը` հաշվի առնելով Ադրբեջանի արտաքին հարաբերությունների պատասխանատուների վերջին օրերի հայտարարությունների տարափն ու դրանց ֆոնին հայկական դիվանագիտության քար լռությունը:
Սերժ Սարգսյանը փաստորեն ոչ միայն բաց թողեց պահը` որեւէ քայլ չանելով Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու ուղղությամբ, այլեւ աջակցեց բանակցությունների վերականգնմանը` ի շահ Ադրբեջանի: Պատահական չէ, որ Ալիեւը, ռազմական անհաջողության մատնվելով, շտապեց ընդունել Կազանի փաստաթղթի լրամշակումները` համոզված, որ կայծակնային պատերազմով հարցը լուծելը ծանր հետեւանքերի կարող է բերել: Հայաստանը, հակառակը, էլ ավելի խճճվեց հակամարտության կարգավորման շրջանակներում, ինչի վկայությունն էր Սերժ Սրագսյանի շտապ այցը ԼՂ՝ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կրկին Պուտինի միջնորդությամբ կայացած հանդիպումից անմիջապես հետո: Ըստ էության, Հայաստանի իշխանությունը անկարող եղավ թե՛ Արցախի անվտանգության պատշաճ ապահովման, թե՛ ԼՂ-ին դիվանագիտական գործնական կարգավիճակի հասցնելու գործում: Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանը վերջնականապես թաղեց Արցախը բանակցությունների իրական կողմ դարձնելու հնարավորությունն առնվազն իր իշխանավարության շրջանում: Սա անդառնալի հարված է հայկական դիրքերին, ինչը ուղղակիորեն քայքայիչ նշանակություն ունի հակամարտության հայանպաստ լուծման որեւիցե հեռանկարի համար: Իշխանությունը կրկին ենթարկվեց արտաքին ուժային կենտրոնների ազդեցությանը` հերթական անգամ նախընտրելով սպասարկել օտարի ու սեփական շահը` ի հաշիվ Հայաստանի պետականության ամրության: 1920թ. ամառը հիշեցնող այս իրավիճակում Սարգսյանի միակ խնդիրը «Ընտրական օրենսգրքի» ու Արցախի Սահմանադրության փոփոխությունն է` սեփական իշխանության ամրապնդման հարցում նվազագույն շեղում թույլ չտալու մտահոգությամբ:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է
Մանկավարժական համալսարանը պարզաբանում է. «Ժողովուրդ» օրաթերթի երեկվա համարում տեղ գտած «Ինչ է կատարվում բուհերում» վերնագրով լուրում տեղ են գտել որոշակի անճշտություններ, որոնք պարզաբանման կարիք ունեն: Մասնավորապես, թերթը առանց որեւէ հիմնավորման նշում է ողբերգական դեպքի վարկածներից միայն մեկը, թեեւ շրջանառվում են տարբեր վարկածներ: Նշվում է որպես ինքնասպանության պատճառ ավարտական քննություններից կտրվելու փաստը: Սակայն չի նշվում, որ քննությունները տեղի են ունեցել ողբերգական դեպքից մոտ երկու ամիս առաջ, ինչը էականորեն նվազեցնում է քննությունից կտրվելու դրդապատճառի հավանականությունը:
Ամեն դեպքում հարուցված է քրեական գործ, ընթանում է հետաքննություն, եւ օրերս ՀՀ քննչական կոմիտեն տարածեց տեղեկատվություն, որում մասնավորապես նշված էր. «Հաշվի առնելով երիտասարդ աղջկա ինքնասպանության հասարակական մեծ հնչեղությունը՝ տեղեկացնում ենք, որ քրեական գործով մշակվել են աշխատանքային մի շարք վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, քննության առարկա են դարձվել նաեւ հնարավոր շարժառիթների վերաբերյալ մամուլի հրապարակումները:
Հարգելով ՀՀ Սահմանադրության 31-րդ եւ 34-րդ հոդվածներով երաշխավորված, համապատասխանաբար յուրաքանչյուր անձի մասնավոր եւ ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության, իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունքը՝ ՀՀ քննչական կոմիտեն ձեռնպահ է մնում մշակված վարկածների մասին մանրամասն տեղեկություններ հրապարակելուց: Սակայն միաժամանակ կարեւորելով հասարակական պահանջը՝ տեղեկացնում ենք, որ քննությամբ ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ երիտասարդ աղջիկն ինքնասպանությունից առաջ նամակ է գրել իր ծանոթներից մեկին՝ տեղեկացնելով իր մտադրության ու պատճառների մասին: Քրեական գործով հարցաքննվել են մի շարք անձինք, նրանց թվում՝ երիտասարդը, վերջինիս մայրը, տուժած աղջկա հարազատները, դասախոսներ:
Առգրավվել է նրա բջջային հեռախոսը, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա հեռախոսային խոսակցությունների վերծանումներն ստանալու վերաբերյալ: Քննիչը որոշում է կայացրել հետմահու դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին: Կոչ ենք անում լրատվամիջոցներին՝ հարգել անձի մասնավոր կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքը եւ զերծ մնալ երիտասարդ աղջկա մասնավոր կյանքին վերաբերող տեղեկություններ հրապարակելուց՝ առանց նրա ծնողների համաձայնության»:

 

 

ՄԻՊ-Ն ԸՆԴՈՒՆԵԼ Է
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը երեկ ընդունել է ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանում եւ Իրանում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների օրենսդրական եւ գործնական ամրապնդման խնդիրներին:




Լրահոս