ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ԱՄԵՆԱՏԱՐԱԾՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի մոդելավորող Ռալֆ Լորենն ասել է. «Նորաձեւությունը բրենդներն ու պիտակները չեն: Նորաձեւությունն այն է, ինչը թաքնված է հոգու խորքում»: Այսօր շատերը պարզապես «տառապում են» նորաձեւ լինելու մոլուցքով` մոռանալով սեփական ինքնատիպ ոճը կերտելու եւ կոմֆորտի մասին: «Ժողովուրդ»-ը ոճաբան Դիանա Շատվերյանի հետ առանձնացրել է աչքի զարնող մի քանի սխալներ, որոնք մենք հաճախ թույլ ենք տալիս` «ջուրը գցելով» մոդայիկ երեւալուն ուղղված մեր բոլոր ջանքերը:

Առօրյա հագուստ եւ ճչացող զարդեր
Սա արդեն իսկ շատ վատ համադրություն է: Թերեւս միայն բոյֆրենդ ոճի ջինսե կլասիկ տաբատների հետ կարելի է կրել ոչ շատ էլեգանտ զարդեր: Իսկ, առհասարակ, տեղին է հիշել Կոկո Շանելի խոսքերը. «Տանից դուրս գալուց առաջ նայեք հայելու մեջ եւ հանեք զարդերից մեկը»:
«Բոհո» ոճի առանձնահատկությունը
Այս ոճը հիմա բավական ակտուալ է, օրինակ` տասը մատին մատանի դնելու միտումն ակտուալ է, բայց պետք է ուշադրություն դարձնել, որպեսզի դրանք լինեն նույն ոճի եւ ցանկալի է նաեւ նույն գույնի:
Գույների խառնաշփոթ
Իհարկե, գովելի է, երբ, հատկապես, ամռանը դուք համադրում եք ամենատարբեր վառ գույներ, բայց հաճախ մենք ականատես ենք լինում, թե ինչպես են ոմանք համադրում տարբեր` մեկը մյուսի հետ կապ չունեցող երանգներ` իրենց պահարանից ընտրելով ինչ պատահի: Ոճաբանը խորհուրդ է տալիս այցելել ֆեշն բլոգեր եւ ծանոթանալ գունային հետաքրքիր համադրությունների: Դիանա Շատվերյանն, օրինակ, նախընտրում է մուգ կապույտի, վառ վարդագույնի, փիրուզագույնի եւ բաց կանաչի համադրությունը. «Թվում է, թե սրանք միմյանցից շատ տարբեր գույներ են, բայց արի ու տես, որ միասին գեղեցիկ են նայվում»,-ասաց նա:
Գերերը եւ կիպ զգեստները
Կա տարածված թյուր կարծիք, թե կիպ զգեստը վիզուալ առումով նիհար է ցույց տալիս այն կրողին: Այնինչ՝ այդպիսի հագուստն ավելի է ընդգծում գեր մարդու կազմվածքի թերությունները: Գիրուկ կանայք, օրինակ, կարող են ուղիղ զգեստներ կրել, բայց ոչ կիպ:
Ինչպես ինկուբատորի ճուտիկներ
Հայաստանում հաճախ կարելի է հանդիպել միմյանց նման հագնված հարյուրավոր մարդկանց: Բանն այն է, որ վերջիններս ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, թե իրենց շրջապատում նորաձեւ համարվող մեկը ինչ է հագնում: Հետեւել միշտ էլ պետք է, կրկնօրինակել` ոչ: Չէ՞ որ նորաձեւության միտումները բազմազան են, ինչու ֆիքսվել դրանցից միայն մեկի վրա: Ոճաբանը մեզ հիշեցրեց տարիներ առաջ մեծ տարածում ունեցող միտումը. Հայաստանում բոլորը դիմում էին կանաչի եւ դեղինի համադրությանը. «Պատահում է նաեւ այնպես, որ մարդիկ հետեւում են այս կամ այն սերիալի հերոսուհուն, փորձում են կրկնօրինակել նրա հագուկապը` առանց հաշվի առնելու՝ որ երկրում են իրենք ապրում, ինչ կազմվածք ունեն եւ ինչ տարիքի են»,-հավելեց նա:
Քարերն ու նախշերը` եղունգներին
Չի կարելի միանշանակ ասել, թե երկար եղունգներն այլեւս ակտուալ չեն, այլ հարց է, թե դրանք որքանով են կիրառելի եւ հարմար առօրյայում: Օրինակ` նույնպիսի երկար եղունգներ չի կարող պահել ե՛ւ բեմի մարդը, ե՛ւ բանկի աշխատակցուհին: Պետք է նկատել նաեւ, որ նկարազարդված, քարերով, նախշերով եղունգները երբեք էլ նորաձեւության գագաթնակետում չեն եղել: Այդպիսի եղունգներ կարելի է ունենալ, օրինակ, թեմատիկ ֆոտոսեսիաների դեպքում, ոչ ավելին:
Պետք չէ ամբողջովին «բացվել»
Երբեք հետաքրքիր չէ կնոջը տեսնել ամբողջովին «բացված»: Նա միշտ էլ պետք է իր մեջ կրի ինչ-որ առեղծված, ինտրիգ կամ գաղտնիք: Եթե դուք հագել եք, օրինակ, կարճ կիսաշրջազգեստ, պետք չէ դրա հետ կրել բաց կրծքով վերնահագուստ եւ հակառակը:
Փակ վիզ եւ մազեր
Իհարկե, այս խորհուրդը միանշանակ չէ, բայց փակ վզով զգեստ կրելու դեպքում ցանկալի չէ մազերն արձակել, անհրաժեշտ է դրանք հավաքել:
Եվ վերջում տեղին է հիշել Լոուրեն Հաթոնի հետեւյալ խոսքերը. «Նորաձեւությունն այն է, ինչ առաջարկում են դիզայներները տարին 4 անգամ։ Ոճն այն է, ինչ դուք ընտրում եք ներկայացվածից»։

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս