ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅԼԵՎՍ ԱՌԱՋՎԱՆԸ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 17-ի կիրակին կմնա Հայաստանի պատմության մեջ որպես պետության գոյության ընթացքում շրջադարձային իրադարձությունների սկիզբի օր: Անկախ նրանից, թե «Հիմնադիր խորհրդարանի» անդամների կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրավելու այս միջադեպն ինչպես կհանգուցալուծվի, կասկածից վեր է, որ այն իր բացասական հետքն է թողելու Հայաստանի զարգացման վրա: Ստեղծված իրավիճակը պատային է: Միայն կողմերի` ՀՀ իշխանությունների եւ ՊՊԾ գունդը գրավելուն մասնակցած անձանց սառնասրտությունն ու ողջախոհությունը կարող է Հայաստանը զերծ պահել նոր զոհեր ունենալու հեռանկարից:
Բայց այդ իրադարձությունների առաջին արձագանքը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունները փաստացի որոշել են առիթն օգտագործել, եւ արդեն երկու օր է՝ բոլոր այլախոհներին ապօրինի եւ բռնությամբ բերման են ենթարկում ոստիկանության բաժիններ, խուզարկում նրանց բնակարանները: Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանի իրավապահ համակարգը, որն անցած քսան տարիների ընթացքում բազմաթիվ արյունալի (Հոկտեմբերի 27, մարտի 1) իրադարձությունների միջով է անցել, այդպես էլ չի սովորել ՀՀ քաղաքացու հետ օրենքով հարաբերվել: Բավական է մի փոքր իրավիճակը լարվի, իրավապահները վերածվում են պատժիչ մահակի: Բայց ի՞նչն է խանգարում անգամ բերման ենթարկելու օրինական, փաստաթղթային ընթացակարգը պահելը:
Թեեւ մյուս կողմից գործ ունենք զինված ապստամբների հետ, որոնք առանց աչք թարթելու կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ, եւ կան զոհ ու վիրավորներ:

 

 
Իշխանական շրջանակներում տիրող անորոշ վիճակն այն աստիճան է խորացել, որ բարձրաստիճան պաշտոնյաները լրագրողների հետ մասնավոր զրույցներում սկսել են իրենց մտահոգությունների մասին խոսել: Նրանք չեն պատկերացնում, թե 2017 թվականից հետո իշխանությունն ինչպես է «կիսվելու»: Մինչ այս իշխանական համակարգում բոլորը գիտակցել են, որ նախագահական ընտրություններում իրենք բոլորով պաշտպանում են իրենց ընդհանուր ղեկավարին: ԱԺ ընտրություններում իշխանական համակարգի ներկայացուցիչները ազատ են եղել ամեն մեկն իր «մասի» համար պայքարելու, նրանցից մի քանիսը նույնիսկ ընդդիմադիր դիրքերից են այդ «կտորի» համար կռվել: Այդ ամենն իշխանական համակարգի վրա չի ազդել, քանի որ ընտրությունների արդյունքում իշխանության կրողի հարց չի լուծվել: 2017-ի ԱԺ ընտրություններում այդպես չի լինելու, եւ իշխանական համակարգի ներկայացուցիչները չեն պատկերացնում, թե իրենց ներքին գզվռտոցներն ինչ հետեւանքներ կունենան:

 

 

 
Վերջին օրերին Ազատության հրապարակում շրջանառվող լուրերից մեկն այն է, որ ԼՂ խնդրի շուրջ բանակցություններում քննարկվում է ազատագրված տարածքներից 30 կմ խորությամբ տարածքներ զիջելու տարբերակը: ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե արդյոք Արցախը պատրաստ է նման զիջումների, կա՞ նման խոսակցություն Արցախում: «Նմանատիպ խոսակցություններ չկան: ՀՀ նախագահը այցելել է Արցախ, հանդիպել է մեզ հետ, եւ որեւէ նմանատիպ խնդիր այսօր օրակարգում, սեղանի վրա որեւէ փաստաթուղթ ներկայացված չէ: Բանակցային գործընթացներ են՝ տարբեր ձեւաչափերով, տարբեր հանդիպումներ, խոսակցություններ, հարցի լուծման միտված աշխատանքներ, բայց նմանատիպ խնդիր ՀՀ նախագահը մեր առջեւ չի դրել»,- պատասխանեց ԼՂՀ ԱԺ պատգամավորը: Մեր այն հարցին, որ եթե, այնուամենայնիվ, պարզվի, որ նման տարբերակ է պարտադրվում, իսկ այլընտրանքն էլ պատերազմի վերսկսումն է, ինչպես կվարվի Արցախը, Հյուսնունցը պատասխանեց. «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծումը գտնվում է Ստեփանակերտում»:

 

 
Ինչպես հայտնի է՝ հուլիսի 10-ից սկսած Ռուսաստանի Դաշնությունից մեկ ամսով դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը: Պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ գազամատակարարումը դադարեցվել է Վրաստանի տարածքում «Ղազախ-Սագուրամո» մայրուղային գազատարի վնասված հատվածներում վերականգնողական եւ սողանքի շրջանում նոր կառուցված գազատարի ներմիացման աշխատանքներն իրականացնելու համար: «Ժողովուրդ»-ը ահազանգ ստացավ առ այն, որ հուլիսի 10-ից հետո հաճախակիացել են Հայաստանի մարզերում առանձին գյուղերի գազամատակարարումը դադարեցնելու դեպքերը: Երբեմն գազամատակարարման դադարները տեւում են նույնիսկ մեկ կամ երկու օր: Որպես կանոն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից անջատումները պատճառաբանում են գազատարները վերանորոգելու պրոֆիլակտիկ աշխատանքներով: Սակայն կարծիքներ կան, որ այսպես «Գազպրոմ-Արմենիան» իրականում փորձում է հնարավորինս նվազեցնել գազի սպառման ծավալները, ձեռքի հետ էլ վերանորոգման աշխատանքներն են իրականացվում:

 

 

 
ԱՌԱՆՑ ԶԵՆՔԻ
Այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 17-ին Երեւանում՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում, շոկային էր բոլորիս համար: Կատարվածն անթույլատրելի էր ոչ միայն զոհի եւ վիրավորների, առհասարակ, զինված հարձակմամբ եւ ոստիկանական օբյեկտի գրավմամբ իշխանափոխության հասնելու, այլեւ նման ծայրահեղ քայլի արտաքին քաղաքական ծանր հետեւանքների տեսանկյունից: Հատկապես այս փուլում, երբ Հայաստանն ու Արցախը կանգնած են պատերազմի շեմին եւ ընթանում են ակտիվ բանակցություններ, որոնց ընթացքում, բնականաբար, կիրառվում են լուրջ ճնշումներ՝ հայկական կողմին զիջումների հարկադրելու ուղղությամբ /Ադրբեջանի վրա գործադրվող ճնշումներն, անշուշտ, եւս փոքր չեն/, Երեւանի սրտում նման հարձակումը չի կարող բացասական ազդեցություն չունենալ բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքերի վրա:
Ապրիլյան պատերազմից հետո 800 հա տարածքի կորստի մասին իշխանություններից առաջ բարձրաձայնեց հենց «ահաբեկիչ» դարձած Վարուժան Ավետիսյանը, ապա Ժիրայր Սէֆիլյանը, եւ անցած ամիսները ցույց տվեցին, որ, ցավոք, մեր քաղաքական դաշտում հայկական կողմի կրած կորուստների շուրջ ընդդիմադիր դաշտի մնացած ուժերը անհասկանալիորեն լղոզված եւ կրավորական կեցվածք ունեն: Վերջին երեք ամիսներին կորցրած տարածքների վերադարձի եւ նոր տարածքային զիջումների վտանգի մասին ամենաբարձրը հենց Ժիրայր Սէֆիլյանն ու նրա համախոհներն էին ահազանգում: Եվ նախօրեին ոստիկանական գնդի գրավումն ու յոթ ոստիկանների պատանդառությունը շատերի կողմից գնահատվում է որպես տարածքների հանձնման ուղղությամբ Սերժ Սարգսյանի հնարավոր որոշումը կանխելուն ուղղված միակ միջոց: Այդ մասին, ի դեպ, կատարվածից մի քանի օր առաջ Սէֆիլյանը բաց տեքստով գրել էր նաեւ Գարեգին Չուքասզյանին ուղղված իր նամակում՝ կոչ անելով ի գործ:
Եվ հիմա, երբ այդ գործի մեկնարկը տրված է, հարց է առաջանում՝ իսկ ինչ գին պետք է վճարեն ոչ միայն իրենք՝ խմբի անդամները, այլեւ ողջ հասարակությունը եւ, ամենակարեւորը, Արցախը, եթե այս իրավիճակը չզարգանա «Սասնա ծռերի» նախանշած սցենարով: Արդյոք հենց այս փուլում երկրում խժդժությունների բարձրացումն այն տրոյական ձին չէ, որը թշնամու առջեւ կբացի հենց նույն ազատագրված տարածքների, եւ ոչ միայն, դարպասները: Այլ պարագայում միգուցե կարելի էր նման հարցադրումները համարել արտաշեսգեղամյանականություն, սակայն ապրիլյան պատերազմից հետո, կարծում ենք, այս հարցի շուրջ մոտեցումների վերանայում պետք է լիներ նաեւ արմատական ընդդիմության մոտ:
Իհարկե, կոռումպացված իշխանությունը բազում այլ «տրոյական ձիեր» է այս տարիներին ներս թողել, որոնք քայքայել են մեր երկրի անվտանգությունը: Պետք է պայքարել դրա դեմ, պետք է պարտադրել իշխանություններին վերափոխվել կամ հեռանալ: Սակայն դա պետք է արվի առանց զենքի եւ առանց զոհերի:




Լրահոս