ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ ՉԷ, ՈՐ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՈՒՄ ՏԱՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը Երեւանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների եւ ղարաբաղյան հիմնահարցի շուրջ մի քանի հարց է ուղղել ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցին:

-Պարո՛ն Հյուսնունց, հետեւե՞լ եք Հայաստանում զինված հարձակման հետեւանքով ծավալվող զարգացումներին: Ձեր կարծիքով ինչո՞ւ նման բան եղավ, եւ ո՞րն է խնդրի հանգուցալուծման Ձեր մոտեցումը:
-Երեւույթն ինքնին դատապարտելի է, լավ ճանապարհ չի՝ խնդիրներ կամ քաղաքական հայացքներ, տեսակետներ առաջ տանելու համար: Սկզբունքի համար մարդիկ ոչ թե պետք է մեռցնեն, այլ պետք է պատրաստ լինեն մեռնելու: Այս պարագայում հակառակն է կատարվում, եւ արդեն կա զոհ, ոստիկանության գնդապետը զոհվեց: Մենք բոլորս միահամուռ կերպով պետք է ե՛ւ զգոնության, ե՛ւ իմաստության կոչերով դիմենք, որպեսզի այս կատարվածը շուտ ավարտ ունենա, եւ աշխարհով մեկ չխայտառակվենք: Բոլոր խնդիրները մենք կարող ենք լուծել սեղանի շուրջ բանակցությունների, հանդիպումների միջոցով, եւ կարծում եմ, որ այս ճանապարհը ամենախելամիտ ճանապարհն է, եւ բոլորս պետք է աղոթենք, որ արյունահեղություն չլինի, առճակատում չլինի: Սա օրհասական պահ է մեր ազգի համար, ես կոչ եմ անում բոլորին ոչ թե գնալ փողոցներ, այլ գնալ եկեղեցի մոմ վառել ու աղոթել, որ այս իրավիճակը լուծվի խաղաղ ճանապարհով եւ ճիշտ ճանապարհով:
-Երեւանում լուրեր են շրջանառվում, որ Արցախի պաշտպանության փոխնախարար, գեներալ Սամվել Կարապետյանը` Օգանովսկին, որոշակի քանակությամբ զորք է տեղափոխել այստեղ՝ գործող իշխանություններին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար:
-Ես գեներալ, պաշտպանության փոխնախարար Կարապետյան Սամվելին մի ժամ առաջ տեսել եմ մեր քաղաքում, բարեւել ենք, ուղղակի մի ժամ առաջ: Բոլորը հերյուրանքներ են, եւ Կարապետյան Սամվելը ո՛չ զորք է բերել, ո՛չ էլ ինքն է անձամբ Երեւանում: Ես անձամբ իմ աչքերով տեսել եմ իրեն, ինքը գտնվում է Ստեփանակերտում, հավաստի, հարյուրտոկոսանոց ճշմարտություն է սա:
-Իսկ ինչո՞ւ է ամեն անգամ հենց այդ զինվորականի կողմից նման գործողության մասին խոսվում: Հիշո՞ւմ եք՝ 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ էլ էր նույն տեղեկատվությունը շրջանառվում:
-Ես հավաստիացնում եմ, որ Սամվել Կարապետյանը ո՛չ մարտի 1-ին եւ ո՛չ էլ հիմա Երեւանում չի գտնվել, նա գտնվել է քաղաք Ստեփանակերտում:
-Պարո՛ն Հյուսնունց, կարծիք կա, որ այս ամենի արդյունքում հանրության ուշադրությունը շեղվում է ընթացող վտանգավոր զարգացումներից՝ կապված Արցախի հարակից շրջանների հանձնման գործընթացի հետ: Այս օրերին տարատեսակ խոսակցություններ են շրջանառվում հանրության մեջ, եւ քանի որ չկա պաշտոնական պարզաբանում, դրանք հետզհետե ավելի են խրանում: Օրինակ՝ Ազատության հրապարակում երեկ լուրեր էին պտտվում, որ ազատագրված տարածքներից 30 կմ խորությամբ պետք է հանձնվեն: Արցախը պատրա՞ստ է այդ զիջումներին:
-Նմանատիպ խոսակցություններ չկան: Հայաստանի Հանրապետության նախագահը այցելել է Արցախ, հանդիպել է մեզ հետ, եւ որեւէ նմանատիպ խնդիր այսօր օրակարգում չկա, սեղանի վրա որեւէ փաստաթուղթ ներկայացված չէ: Բանակցային գործընթացներ են տարբեր ձեւաչափերով, տարբեր հանդիպումներ, խոսակցություններ, հարցի լուծմանը միտված աշխատանքներ, բայց նմանատիպ խնդիր ՀՀ նախագահը մեր առջեւ չի դրել:
-Իսկ ի՞նչ եք անելու, եթե մի օր անսպասելիորն դրվի այդ խնդրիը Ձեր առջեւ: Ի վերջո, մի՛ մոռացեք, որ Սերժ Սարգսյանը կարողացավ մեկ գիշերում Հայաստանի բնակչության առաջ դնել ԵՏՄ-ին անդամակցելու խնդիրը: Կոնկրետ Արցախի հարակից տարածքների մասով էլ տեղեկություններ կան, որ ՀՀԿ ԳՄ վերջին նիստում Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին ասել է՝ կա՛մ պետք է զիջենք, կա՛մ պատերազմ, այլընտրանք չկա:
-Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծումը գտնվում է Ստեփանակերտում, հանրապետականներն ընդամենը կարող են կողքից հետեւել, քաջալերել, օգնել ղարաբաղցիներին, բայց հանրապետականները չէ, որ պետք է լուծում տան Ղարաբաղի հիմնահարցին:
-Սերժ Սարգսյանը նախօրեին Արցախում էր, ի՞նչ է խոսվել նրա հետ: Ի՞նչ էր նա առաջարկում Բակո Սահակյանին՝ որպես Արցախի շահերը ներկայացնող բանակցային կողմ, տեղյա՞կ եք:
-Որեւէ արտառոց խոսակցություն հատուկ չի եղել, եղել է Ղարաբաղի բանակի կազմակերպման, հանրապետության, կառավարության գործունեության արդյունավետության, նմանատիպ պետական նշանակություն ունեցող խնդիրների քննարկում: Ես հավաստիացնում եմ, որ որեւէ հարց 5 շրջանների վերաբերյալ, Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ չի ներկայացվել մեզ: Մենք խոսել ենք, որ այս հարցը պետք է ազգերի ինքնորոշման իրավունքի հիմունքերի վրա լուծվի, միայն այդ կարող եմ ասել:
-Պարո՛ն Հյուսնունց, Ձեզ համար ո՞ր տարբերակն է ընդունելի՝ արյամբ հողերը պահպանելը, թե՞ լուռ հանձնելը:
-Ես բազմիցս ասել եմ եւ կրկնում եմ՝ մինչեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բանակցային կողմ չլինի, որեւէ առաջարկ, խնդրի լուծման որեւէ տարբերակ անիրագործելի է: Երբ որ Արցախի Հանրապետությունը դառնա բանակցային կողմ, այն ժամանակ մենք կառաջարկենք մեր դիրքորոշումները: Մնացած բոլոր տարբերակները իմիտացիա են, աշխատանքներ են ստատուս քվոյի պահպանման համար: Ես վստահ եմ, որ ինչպես Կոսովոն տարիների ընթացքում ճանաչեցին 104-ից ավել պետություն, եւ այն այսօր լիարժեք ՄԱԿ-ի անդամ է, այնպես էլ մեզ, թեեւ Ադրբեջանը չի ճանաչելու, բայց աշխարհը ընթացքում ճանաչելու է, եթե մենք կարողանանք կառուցել իրականում առաջադեմ դեմոկրատական արժեքների վրա հիմնված ինստիտուտներով մի երկիր: Դա մի ճանապարհ է, որը մենք որդեգրել ենք:

 

 

 
ԲԱԽՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ

«Ոչ թալանին» նախաձեռնությունը նախօրեին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման արդյունքում ստեղծված իրավիճակից ելքերի փնտրտուքի նպատակով երեկ երեկոյան Ազատության հրապարկում հանրային քննարկում էր հրավիրել:

«Իշխանության կողմից ցանկացած ուժի կիրառում կբերի նոր զոհեր եւ վիրավորներ: Եթե ոստիկանությունը շարունակի սահմանափակել մարդկանց ազատ տեղաշարժման իրավունքը կամ դիմի ուժի, ավելի կսրի տիրող լարված իրավիճակը»,- ասված էր մինչ այդ նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:
Երեկ Ազատության հրապարակում հարյուրավոր մարդիկ էին հավաքվել: Ցուցարարները, նախքան իրենց բողոքի ձայնը բարձրացնելը, մեկ րոպե լռությամբ հարգեցին նախօրեին սպանված ոստիկանության գնդապետի հիշատակը: Ապա «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը հորդորեց քաղաքացիներին դուրս գալ փողոց: «Սերժն ու իր սրիկաները իշխանության գլխին են, եւ տանը նստած չի կարելի միայն ասել, որ արյունահեղությունն անընդունելի է: Ես ինքս դեմ եմ զենքով պայքարելուն, բայց մարդիկ ամեն միջոց փորձել են ու հիմա գործ են արել, սոլիդարություն արեք, փողոց դուրս եկեք: Իմ առաջարկն է՝ երթ անելով քայլենք դեպի Էրեբունի»,- ասաց Սանասարյանը:
Ինչպես մյուս բողոքի ակցիաների ժամանակ, այս անգամ եւս ոստիկանների եւ ցուցարարների միջեւ հրմշտոց տեղի ունեցավ: Հատկապես այն պահին, երբ ոստիկանները սկսեցին ցուցարարներին բերման ենթարկել, իրավիճակն էլ ավելի լարվեց, եւ սկսվեց բախում: Ոստիկանությունը փորձում էր ուժի գործադրմամբ ցրել քաղաքացիների ինքնաբուխ հանրահավաքը` բերման ենթարկելով Դավիթ Սանասարյանին, Սիփան Փաշինյանին եւ մի խումբ այլ քաղաքացիների:
Այնուհետեւ մեկնարկեց երթ, որի ժամանակ ոստիկանները հասցրեցին կենդանի պատ կազմել եւ փակել հրապարկից դուրս գալու ելքերը, սակայն քաղաքացիներին հաջողվեց ճեղքել ոստիկանական պատը եւ երթով շարժվել դեպի ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք: Երթի մասնակիցներից Մաքսիմ Սարգսյանը նշեց, որ բացի բերման ենթարկվածներից՝ եւս երկու քաղաքացիների հիվանդանոց են տեղափոխել, նրանցից մեկի ուսը կոտրվել է:
Հյուսիսային պողոտա ժամանած փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը տեւական ժամանակ հորդորում էր քաղաքացիներին վերադառնալ Ազատության հրապարակ, սակայն փոխոստիկանապետի հորդորներն ապարդյուն անցան:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
ԽԵՂԴԱՄԱՀ ԵՆ ԱՐԵԼ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին հայտնի է դարձել, թե ինչի արդյունքում է մահացել հասարակական գործիչ Կարեն Վարդանյանը: Մեր տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն մի շարք փորձաքննություններ էր նշանակել, որոնց պատասխանները օրերս ստացվել են: Պարզեցինք, որ ըստ ստացված եզրակացության՝ Կարեն Վարդանյանը մահացել է ոչ թե սուր կտրող, ծակող գործիքների հետեւանքով, այլ նրան սպանել են խեղդամահ անելու միջոցով: Ավելին՝ մեզ հայտնի դարձավ նաեւ, որ այս գործով կալանավորված Գեւորգ Զոհրաբյանին դատահոգեբանական փորձաքննության ենթարկելու եզրակացությունը եւս ստացել են, ըստ որի՝ նա մեղսունակ է եւ սպանություն իրականացնելիս եղել է սթափ վիճակում: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 1-ին իրավապահները Երեւանի Սիսակյան փողոցում գտնվող ավտոտնակի մեջ հայտնաբերել էին հասարակական գործիչ, վերլուծաբան Կարեն Վարդանյանի թաղված դին: Հաջորդ օրը ՀՀ ոստիկանները սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալել էին Երեւանի բնակիչ, 23-ամյա Գեւորգ Զոհրաբյանին եւ 43-ամյա Արթուր Միհրանյանին:

 

 

ԻՐԵՆՔ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՊԱՀՈՂ ԵՆ
ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամները շարունակում են պնդել իրենց պահանջը, որ Ժիրայր Սէֆիլյանին թույլ տան, որպեսզի նա իրենց հետ հանդիպի: Արդյոք ՀՀ արդարադատության նախարարությունը պատրաստվում է զինված խմբի անդամների պահանջին ընդառաջ գնալ: Ի պատասխան՝ արդարադատության նախարարությունից մեզ պատասխանեցին, որ իրենց գերատեսչությունը եւ քրեակատարողական վարչությունը պատասխանատու են միայն կալանավորված անձանց պահման պայմանների համար, իսկ այս պահի դրությամբ Ժիրայր Սէֆիլյանի պահման պայմանների վերաբերյալ որեւէ բողոք չի ստացվել:

 

 

ՊՆ-Ի ԳՆՈՒՄԸ ՄԵՐԺՎԵԼ Է
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը շրջանակային համաձայնագրերի միջոցով գնել է ջրի բաք: Սակայն ՀՀ ֆինանսների նախարարության գնումների աջակցման կենտրոնը բացասական եզրակացություն է տվել ջրի բաքի գնման գործընթացին: Բանն այն է, որ գնումների աջակցման կենտրոնը պարզել է, որ այն չի համապատասխանում «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված պահանջներին: Այն է` գնման գործընթացը չի իրականացվել «միասնական կանոններով, մրցակցային, թափանցիկ, հրապարակային եւ ոչ խտրական հիմունքներով, պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնմամբ եւ նրանց միջեւ մրցակցության խրախուսմամբ»: Իսկ թե վերը նշված հիմքերից հատկապես որն է խախտվել պաշտոնական փաստաթղթերում, չի հստակեցվում:




Լրահոս