Ծաղկակաղամբն ու սունկը որոշ բժիշկների կարիերայի համար իսկական պատուհաս դարձան: Հոկտեմբերի 24-ին դերասան Սոս Ջանիբեկյանը վատացել է, եւ նրա համար շտապօգնություն էին կանչել: Ֆեյսբուքյան իր էջում երեկ Սոս Ջանիբեկյանի մայրը` Աննա Աղասարյանը, պատմել է, թե ինչպես են վարվել իրենց հետ շտապօգնության բժիշկը եւ բուժքույրը: «Երեկ, վերադառնալով Մոսկվայից (ռուսական ֆիլմի նկարահանումներ), տղաս վատացավ, շտապօգնության մեքենան մեզ տարավ հիվանդանոց: Բժիշկ- Ի՞նչ է սրսկել շտապօգնության բժիշկը։ Ես- Այդտեղ չի՞ գրված։ Բժիշկ- Չէ, բա մենք հիմա ո՞նց իմանանք՝ ինչ է սրսկել, որ մենք նույն բանը նորից չսրսկենք։ Ես- Նա պարտավոր էր գրել, չէ՞։ Բժիշկ- Մոռացել է: Սոսը շարունակ փսխում էր, անձեռոցիկ եմ խնդրում (իմ վերցրածը վերջացել էր): Բժիշկ- Չկա, սա հիվանդանոց է, կաֆե չի, որ անձեռոցիկ տանք: Ես- Խնդրում եմ, գոնե բինտ կամ բամբակ տվեք: Քիչ անց «դաժանության» քույրը բերում է… զուգարանի թուղթ երեւի մոտակա զուգարանից, ու ես սարսափով նայում եմ, թե անօգնական որդիս ինչպես է դրանով մաքրում բերանը: Բժիշկ- ԲԱԿ անալիզ պիտի արվի: Ես- Արեք: Բժիշկ- Մենք չունենք: Ես- Ո՞վ ունի, որտե՞ղ կա: Բժիշկ- Նորքի հիվանդանոցում: Նորից շտապօգնություն են կանչում: Սոսը դողացնում է: Վերմակ են գցում վրան: Վերմակի վրա չորացած փսխանքի հետքեր են: Ես- Վերմակը կեղտոտ է։ Բուժքույր- Շտապօգնությունը լվացքատուն չունի: Ես- Բայց կարող է դուք սրանով տիֆով հիվանդ եք տեղափոխել եւ հիմա գցել եք իմ երեխու վրա։ Բուժքույր- Դե մենք ի՞նչ իմանայինք, որ հիվանդը Սոս Ջանիբեկյանն է: Ես- Ես թերթում կգրեմ այս մասին: Բժիշկ (խառնվելով խոսակցությանը)- Դրանից բան չի փոխվի: Մենակ մեզ գործից կհանեն: SOS!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!»: Այնուհետեւ դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժողովուրդ ջան, շատ զգացված եմ մտահոգության համար: Ուղղակի անհատական այդքան չպատասխանեմ: Մոսկվայում թունավորվել էի, հիմա լավ եմ արդեն։ Ծաղկակաղամբից եւ սնկից զգույշ եղեք»: Ինչպես պարզեցինք, դերասանին շտապօգնությունը տեղափոխել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Ինչպես ՀՀ ԱՆ բժշկական քաղաքականության վարման վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը «Ժողովուրդ»-ին հավաստեց, ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրվելու է պատահածը։ «Սա անթույլատրելի երեւույթ է, բայց, քանի որ համապատասխան փաստեր չունենք դեռ, չենք շտապի մեղադրանքներ ներկայացնել բժիշկներին»,- ասաց Ծ. Վարդանյանը: Հարցին, թե բժիշկների անբարեխիղճ վերաբերմունքը հաստատվելու դեպքում ինչ է սպասվում նրանց, Վարդանյանը դժվարացավ պատասխանել. «Համապատասխան միջոցները կձեռնարկվեն, բայց նախ խորհրդակցության նման մի բան կհրավիրենք»,-ասաց նա: Նշենք, որ «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը եւս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ անպայման կպարզեն՝ ինչ է տեղի ունեցել: Այսպիսով, մեր բժշկական համակարգի մասին պատմող «ողբերգական» այս պատմությունը, հազարավոր մյուսների նման անտարբերության մատնվելով, սուսուփուս կվերանար, եթե հիվանդը հասարակական ուշադրությունը չբեւեռեր խնդրի վրա: Սրանից հետեւություն. եթե բժիշկներն իրենց բարեխիղճ չեն պահում, պետք է աղմուկ բարձրացնել, քանի որ «մինչեւ երեխան չի լացում, մայրը չի կերակրում նրան»: