Անկախ նրանից, թե ինչպես կհանգուցալուծվի ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շենքը «Հիմնադիր խորհրդարանի» անդամների կողմից գրավելու պատմությունը, այս միջադեպը Հայաստանի քաղաքական կյանքն անվերադարձ կտրուկ փոխեց: Հուլիսի 17-ի լուսաբացից սկսած Հայաստանում այլ իրողություն է, եւ բոլորս, այդ թվում նաեւ նրանք, ում թվում է, թե ոչ մի էական բան չի տեղի ունեցել, ապրում են այլ երկրում:
Ինչպես հայտնի է՝ «Հիմնադիր խորհրդարանի»՝ ՊՊԾ գունդը գրաված զինյալները պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Իսկ իշխանությունները ՊՊԾ գունդը գրաված զինյալներին պահանջում են վայր դնել զենքը եւ առանց դիմադրության հանձնվել: Ստեղծված իրավիճակը պատային է, եւ ցանկացած հանգուցալուծում ունենալու է իր խորքային հետեւանքները:
Խնդիր առաջին. իշխանությունները որոշում են ընդառաջ քայլ չկատարել, եւ Սերժ Սարգսյանը հրամայում է գրոհել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին: Հասկանալի է, չէ, որ զենք-զինամթերքի հսկայածավալ պաշարների, հատուկ պաշտպանվող տարածքում պատսպարված լինելու պայմաններում իրավապահները ստիպված են լինելու բազում զոհերի գնով գրոհել, ու ոչ ոք չի կարող ասել, թե այդ արյունահեղությունն ինչպիսի ընթացք կստանա: Նախ ոչ ոք չգիտի, թե զինյալները կոնկրետ քանի հոգի են, խոսվում է, թե մոտ 3 տասնյակ, եւ արդյոք հատուկ պահպանվող տարածքում նրանց վրա գրոհելը, երբ նրանք ամեն վայրկյան այդ քայլին սպասում են, ինչ ընթացք կստանա: Արդյոք սա միակ խումբն է, որը ներգրավված է այս «ապստամբության» գործողությունների մեջ: Որեւէ մեկը, այդ թվում Հայաստանի ներկա իշխանությունները, չեն բացառում, որ համանման մեկ կամ երկու խմբեր էլ հանրապետության ինչ-որ տարածքում պատսպարված իրենց հրամաններին են սպասում: Ակնհայտ է, որ եթե անգամ իշխանությունները որոշեն, որ իրենց համար զոհերի լինել-չլինելու հարցն էական չէ, ապա գրոհը մարտավարական տեսանկյունից եւս ռիսկային է: Կա մի կարեւոր հարց, որը չի հնչել, եւ դրա պատասխանը ոչ ոք, թերեւս բացի զինյալներից, չգիտի. ՊՊԾ գունդը գրավելուց հետո նրանք ազատ գործելու ժամանակ ունեցել են, թե ոչ, որքան ժամանակ հետո են ոստիկանները տարածքը շրջափակել եւ օղակի մեջ վերցրել: Իրավապահները կարո՞ղ են միանշանակ համոզված լինել, որ մինչեւ տարածքն իրենց կողմից օղակի մեջ վերցնելը ՊՊԾ գնդում գտնվող զենք-զինամթերքից որոշակի քանակ դուրս չի տարվել:
Եթե անգամ Սերժ Սարգսյանը գրոհելու հրաման էլ արձակի, եւ իրադարձությունները զարգանան միայն ՊՊԾ գնդի տարածքում, ու երկուստեք զոհերի գնով իշխանությունները զինյալներին զինաթափեն, ապա Հայաստանի հասարակության զարգացումն առնվազն մի քանի տարով կրկին ետ կշպրտվի: Հաշվի առնելով, որ Հայաստանի հասարակությունը ներկայումս, մեղմ ասած, մի երեւելի վիճակում չէ, հասկանալի է, որ նման զարգացումների բացասական հետեւանքները կարող են կործանարար լինել մեր երկրի համար: Հայաստանի հասարակությունը կրկին կերկփեղկվի, եւ հանրությանը պատած հուսալքությունն էլ ավելի կխորանա ու կնպաստի արտագաղթի ծավալների մեծացմանը:
Խնդիր երկրորդ. ենթադրենք իշխանությունները ինչ-որ հրաշքով որոշում են կատարել «Հիմնադիր խորհրդարանի» անդամների պահանջները կամ դրանցից մեկը: Անկախ նրանից, որ այդ պահանջներն արդարացի են, եւ որ հանրության մեծ մասը դրանց հետ համամիտ է, միեւնույն է՝ իշխանությունների կողմից զենքի ճնշման տակ զիջումների գնալու քայլից հետո Հայաստանը կդադարի պետություն լինելուց: Իսկ երբ չկա պետություն, այլեւս անիմաստ է քննարկել, թե ով կամ ովքեր են այն ղեկավարում, քանի որ մշտապես կգտնվեն մարդիկ, որոնք կորոշեն նույնը կրկնել:
Այսինքն՝ գործ ունենք պատային վիճակի հետ: Անկախ նրանից, թե ով ինչպես է վերաբերվում ստեղծված իրավիճակին, այն այլեւս իրողություն է, եւ դրանից պետք է լուծումներ գտնվեն: Իսկ խնդրի լուծման բոլոր բանալիները մեկ մարդու` Սերժ Սարգսյանի ձեռքում են, ինչ տարբերակ կընտրի նա, այժմ որոշվում է, եթե, իհարկե, գիշերը չի որոշվել` մինչեւ այս հրապարակման լույս տեսնելը:
Հ.Գ. Որքան էլ աբսուրդային հնչի, բայց ակնհայտ է, որ ՊՊԾ գնդի գրավումը մեկ «դրական» հետեւանք կարող է ունենալ. նման պայմաններում ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ բանակցությունները մի առ ժամանակ չեն կարող առաջին պլան գալ: Այս «պաուզան», թերեւս, շատ կարեւոր է, քանի որ վերջին շրջանում ակնհայտ էր, որ հայկական կողմը շատ բարդ իրավիճակում էր հայտնվել՝ գտնվելով աշխարհի գերտերությունների ճնշման տակ:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Գյումրիում եւ Վանաձորում հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակացույցը: Ինչպես հայտնի է՝ նշված քաղաքներում պետք է տեղի ունենան ավագանու ընտրություններ, ինչպես Երեւանում: Իսկ քաղաքապետին կընտրի նորընտիր ավագանին իր կազմից: Ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանում գրանցված կուսակցությունները: Փաստացի այն կուսակցությունը, որը ավագանու կազմում կունենա մեծամասնություն, նրա թեկնածուն էլ կդառնա Գյումրիի կամ Վանաձորի քաղաքապետ: Գյումրիի եւ Վանաձորի ավագանու թեկնածուների համամասնական ցուցակների առաջադրումը նախատեսված է օգոստոսի 18-ից 28-ը, մինչեւ ժամը 18.00-ն: Իսկ ավագանու անդամի թեկնածուների համամասնական ցուցակների գրանցումը նախատեսված է օգոստոսի 28-ից սեպտեմբերի 2-ը: Նախընտրական քարոզչությունը նախատեսված է սեպտեմբերի 9-ից 30-ը ներառյալ:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ
Հոկտեմբերի 2-ին Ստեփանավանում տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ: Մեր տեղեկություններով ՝ՀՀԿ-ի վերնախավը կողմոնորշվել է Ստեփանավանում իր թեկնածուի հարցում: Ըստ այդմ իշխանությունների թեկնածուն լինելու է Ստեփանավանի գործող քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը: Նրա եւ եղբոր անունը պարբերաբար կապվում է տարբեր աղմկոտ պատմությունների հետ: Մինչ այս, կասկածներ կային, որ ՀՀԿ-ն հնարավոր է՝ չպաշտպանի Միքայել Ղարաքեշիշյանի թեկնածությունը, եւ այդ դեպքում հնարավոր էր, որ նա չառաջադրվեր, սակայն այժմ արդեն ակնհայտ է, որ նա իր խնդիրները լուծել է եւ կմասնակցի ընտրություններին:
ԱՐՏԱՀԵՐԹ ՉԵՆ ՀԱՎԱՔՎԻ
Երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանից փորձեց պարզել, թե հնարավո՞ր է՝ Երեւանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված ՀՀԿ գործադիր մարմինն արտահերթ նիստ հրավիրի: Ի պատասխան՝ Թադեւոսյանն ասաց. «Դեռ որեւէ բան չեմ կարող ասել արտահերթի մասին, բայց հերթական նիստ կլինի հինգշաբթի»: Մեր այն դիտարկմանը, իսկ հնարավո՞ր է՝ ԳՄ նիստի ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների մասին քննարկումներ տեղի ունենան, վերջինս ասաց. «Իհարկե, հնարավոր է, ինչ է եղել, այդպիսի հարցերը կբարձաձայնենք»:
Ի դեպ, երեկ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել Երեւանում տեղի ունեցող իրադարձությունների հետեւանքով վիրավորների իրական թիվը, քանի որ տեղեկություններ կան այն մասին, որ նախագահականից հրահանգվել է թիվը փոքր ներկայացնել: Հայթայանն այս առնչությամբ ասաց. «Ինչ ունենք այդ մասին, գրել ենք: Ուրիշ տեղեկություն ես չունեմ: Որեւէ հրահանգ որեւէ մեկից չենք ստացել, ընդհակառակը, մեզ խնդրել են հնարավորինս ճշտել, հստակեցնել, որովհետեւ հիվանդանոցները մեր ոլորտն է»:
ՆՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ ստեղծվել է հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողով:
ՇՈԳԻՑ ՄԱՀԱՑԵԼ Է
Հյուսիսային Օսիայում՝ Վրաստանի հետ սահմանում, Պյատիգորսկից Ստեփանակերտ ուղեւորվող ուղեւորատար ավտոբուսի վարորդը շոգից մահացել է: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ավտոբուսի վարորդը Ստեփանակերտի բնակիչ 38-ամյա Աստետ Մակարյանը կանգնած է եղել սահմանին գոյացած 4 կիլոմետրանոց խցանման մեջ: Շոգին երկար սպասելուց նրա ինքնազգացողությունը վատացել է, եւ նա մահացել է: Հիշեցնենք, որ Ռուսաստանը եւ Վրաստանը միացնող սահմանին սողանքների հետեւանքով հունիսի վերջերից սկսած՝ ճանապարհը պարբերաբար փակվում է, ինչն էլ խցանումների պատճառ է դառնում: Երբեմն մարդիկ ստիպված են լինում սպասել ավելի քան 12 ժամ:
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Հուլիսի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Արզումանյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Հովհաննես Հովհաննիսյանն ու Էմիլ Տարասյանը, այլ պաշտոնատար անձինք: Քննարկվել են բեռնափոխադրման, փաստաթղթաշրջանառության, արտահանման ապահովագրության, պետական գնումների կարգավիճակին, արտադրողների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր: Կարեւորվել է տեղական արտադրանքի խթանմանն ուղղված նոր գործիքակազմի մշակումը: Ներկայացված առաջարկներին համապատասխան լուծում տալու համար նոր հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել, ինչը հնարավորություն կտա արդյունավետ դարձնելու դրանց հաջող իրականացումը:
ԶՈՐԱՎԱՐԺԵԼՈՎ
Արցախի զինված ուժերում հուլիսի 18-ից մեկնարկել են բազմաստիճան շտաբային զորավարժություններ, որոնց նպատակն է կատարելագործել զինված ուժերի ղեկավարման համակարգը, հրամանատարների ու շտաբների գործնական ունակությունները, ներգրավված սպայակազմի՝ իրադրության գնահատման եւ որոշումներ ընդունելու ունակությունները, դաշտային վարժվածության մակարդակը: