ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒՄ՝ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ՞ ՀԱՇՎԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ հուլիսի 10-ից մինչեւ օգոստոսի 10-ը ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի Հանրապետության գազամատակարարումը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հուլիսի 10-ից հետո ՀՀ որոշ գյուղերում գազամատակարարումը հաճախակի դադարեցվում է: Գյուղ կա, որտեղ 1-2 օրով է դադարեցվում, գյուղ էլ կա՝ մի քանի ժամով: Թեեւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գյուղերի գազամատակարարման ժամանակավոր դադարեցումը կապում է պրոֆիլակտիկ աշխատանքների հետ, այնուամենայնիվ, տարածված տեսակետ կա, որ ընկերությունը պրոֆիլակտիկ աշխատանքները իրականացնում է հենց այս փուլում, որպեսզի գազի ծախսը կրճատի: Այսինքն՝ սպառողի հաշվին գազ է տնտեսում՝ այդպես լուծելով գազի պաշարների սակավության խնդիրը:

Հայտնի է, որ գազամատակարարումը դադարեցվել է Վրաստանի տարածքում «Ղազախ-Սագուրամո» մայրուղային գազատարի վնասված հատվածներում վերականգնողական, գծային փականների փոխարինման, ինչպես նաեւ սողանքի շրջանում գազատարի նոր կառուցված հատվածի ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն շտապեց տեղեկացնել, որ ՀՀ սպառողների անխափան գազամատակարարումը կիրականացվի Աբովյանի ստորգետնյա գազապահեստարան կայանի հաշվին: Գազամատակարարման համակարգի օբյեկտների վթարի դեպքում այդ կայանը, կախված տարվա եղանակից, ի վիճակի է վառելիք մատակարարել 1-1,5 ամիս:
Եվ չնայած դրան՝ հիմնականում ՀՀ մարզերի բնակիչները ժամերով կամ 1-2 օրով մնում են առանց բնական գազի: Այդ մասին արդեն մի քանի օր է, ինչ «Ժողովուրդ»-ի խմբագրությունը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում ՀՀ մի շարք գյուղերի բնակիչներից: Տեղեկացնենք, որ այս խնդիրը ի հայտ է եկել հատկապես հուլիսի 10-ից հետո: Օրինակ՝ հուլիսի 14-ին ՀՀ Կոտայքի մարզի Հացավան գյուղի բնակիչները հնարավորություն չեն ունեցել կապույտ վառելիքից օգտվել: Հացավանի գյուղապետ Շավարշ Սարգսյանը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ իր համագյուղացիները հիմնականում օգտագործում են բնական գազ: Իսկ անջատելու դեպքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տեսուչները պատճառաբանում են, որ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: «Հուլիսի 14-ին է գյուղի գազամատակարարումն անջատվել: Մեր գյուղի բնակչության 90 տոկոսը հիմնականում սպառում է բնական գազ: Մեր գյուղացիների համար գազը առաջնային տեղում է: Գյուղի գազամատակարարումը անջատելուց առաջ մեզ նախապես տեղեկացրել են. իրենք մեզ հստակ ժամանակացույց են տրամադրել: Ճիշտ նույն ժամին էլ անջատել են ու միացրել»,- ներկայացրեց հացավանցի գյուղապետը:
Նշենք, որ նույն մարզի Գառնի գյուղը մի քանի օր առաջ նույնպես զրկված է եղել բնական գազից: Այստեղ ավելի քան մեկ օր բնակիչները մնացել են առանց կապույտ վառելիքի: Բացի այս՝ Գառնիում գազալցակայան կա: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այն այդ օրերին նույնպես չի գործել, իսկ բնակիչներն իրենց ավտոմեքենաները գազով լիցքավորելու համար ստիպված են եղել հասնել Երեւան: Ի դեպ, Գառնիում գտնվող գազալցակայանը պատկանում է գյուղապետ Աշոտ Վարդանյանին: Տեղեկանալու համար, թե ինչու չի աշխատել գազալցակայանը «Ժողովուրդ»-ը զրուցեց Գառնիի գյուղապետ, գազալցակայանի սեփականատեր Աշոտ Վարդանյանի հետ: Մեր հետաքրքրասիրությունը, սակայն, նրան դուր չեկավ. ««Ժողովուրդ» օրաթերթն ինչո՞ւ է այդ հարցով զբաղվում, մասնավոր սեփականություն է, չենք ուզում, չենք տալիս գազը: Բնակիչներն ինչո՞ւ են բողոքում: Վերանորոգվում է: Լսեք, հարգելի՛ս, սա պետական կառույց չէ, այլ մասնավոր է, կուզի կտա, չի ուզի՝ չի տա»,- չգիտես ինչու՝ զայրացավ գյուղապետը: Իսկ գյուղի բնակիչներին բնական գազի մատակարարման դադարեցման մասով էլ փոխանցեց, որ պատճառը գազի խողովակների հետ կապված աշխատանքներն են եղել:
Այնուամենայնիվ, խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց նաեւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մամլո խոսնակ Շուշան Սարդարյանի հետ: Վերջինս հայտարարեց, որ սովորաբար ընկերությունը պրոֆիլակտիկ աշխատանքներն իրականացնում է ամռան ամիսներին: Ներկայացնելով խմբագրության ստացած ահազանգերը՝ մենք նշեցինք, որ գազամատակարարման հաճախակի դադարեցման ֆոնին տեսակետ է շրջանառվում, որ այս կերպ ընկերությունը փորձում է սպառողի հաշվին գազ տնտեսել: Ըստ այդմ, բոլոր պրոֆիլակտիկ աշխատանքները տեղափոխելով հատկապես այս ժամանակահատված՝ այսպես ե՛ւ պրոֆիլակտիկ աշխատանքներն են իրականացնում, ե՛ւ գազի սպառման ծավալներն են նվազեցնում: Այսինքն՝ սպառողի հաշվին ընկերությունը երկու խնդիր է լուծում: Այս տեսակետը լսելուց հետո ընկերության մամլո քարտուղարը փոխանցեց հետեւյալը. «Ոչ, նման բան չկա: Ոչ, գազ տնտեսելու խնդիր չունենք, որովհետեւ մենք ամբողջ ծավալը կարողանում ենք ապահովել: Հուլիսի 10-ից մինչեւ օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի տարածքում լայնածավալ, մեծ մասշտաբի աշխատանքներ են իրականացվում: Իսկ ինչ վերաբերում է հանրապետության ներսի վիճակին, ապա մենք անխափան գազամատակարարումն ապահովում ենք ամբողջական ծավալով, այսինքն՝ մենք սպառման ծավալների խնդիր չունենք: Ընկերությունը պահանջարկը ամբողջությամբ ապահովում է»,- վստահեցրեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մամլո խոսնակը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ
ՀՀ ոստիկանության ծառայողներ Գեւորգ Խանզադյանին եւ Տիգրան Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2014թ. հուլիսին աշխատելով ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Դիլիջանի պահպանության բաժանմունքում որպես հրաձիգ՝ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, միմյանց հետ նախնական համաձայնության գալով, ունենալով տարածք ազատ մուտքի իրավունք, իրենց պահպանությանը հանձնված Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոցի 5 հասցեում գտնվող «Սահակյանշին» ՓԲԸ կողմից իրականացվող ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի շինարարական հրապարակի տարածքից պարբերաբար գաղտնի հափշտակել եւ Տիգրան Գրիգորյանի անձնական օգտարգործման «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով դուրս են հանել ընկերությանը պատկանող ընդհանուր 124 հազար դրամ արժողությամբ մեկ տոննա ցեմենտ, 4 տարայով, ընդհանուր 80 լիտր բետոնամածուկ, 100 կգ քաշով, 16 մմ տրամագծով ամրան եւ 25 հատ մետաղյա կապիչ:
Գ. Խանզադյանին եւ Տ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Այս հոդվածով բնութագրվող արարքների համար որպես պատիժ նախատեսվում է 500 հազար դրամից մինչեւ 1 միլիոն դրամ տուգանք կամ ազատազրկում՝ 2-5 տարի ժամկետով: Գ. Խանզադյանի եւ Տ. Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նշված քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մեկնարկել է հուլիսի 12-ին, հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 19-ին: Սույն քրեական գործի հետ կապված ուշագրավ հանգամանքներ կան: Նախ ոստիկանները գողություն են կատարել իրենց պահպանությանը հանձնված տարածքից: Բացի այդ՝ ՊԵԿ Դիլիջանի ուսումնական կենտրոնի վերաբերյալ մամուլը հետաքրքիր բացահայտումներ է արել՝ պարբերաբար նշելով, որ ՀՀ պետական սուղ բյուջեից այնտեղ ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսվել, շքեղ շինություններ, գոլֆի եւ ֆուտբոլի խաղադաշտեր են կառուցվել: Այդ կենտրոնի համար թանկարժեք սպասք է գնվել, կարծես թե ոչ թե ուսումնական կենտրոն է կահավորվում, այլ շքեղ հյուրանոց: Ոչ բարձր աշխատավարձ ստացող ոստիկաններ Գեւորգ Խանզադյանն եւ Տիգրան Գրիգորյանն էլ, տեսնելով այդ ամենը, հավանաբար որոշել են իրենք էլ մասնակցել պետական բյուջեի միջոցների թալանին: Հավելենք, որ նույն «Սահակյանշին» ՓԲԸ-ն պետբյուջեի միջոցներով միջպետական ավտոճանապարհից նշված ուսումնական կենտրոն տանող կամուրջ է կառուցում: Էլի մեծ ծախս պետական բյուջեի հաշվին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս