«ԵԹԵ ԱՅՍ ՊՐՈՑԵՍԸ ՃՆՇՎԻ, ԿՍԿՍՎԻ ՄԵԿ ՈՒՐԻՇԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ հանրության շրջանում հնչում են տարատեսակ մեկնաբանություններ եւ որակումներ հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելու եւ այնտեղ գտնվող անձանց պատանդ պահելու վերաբերյալ, տեղեկություններ են տարածվում այն մասին, որ իրենց տներից, հրապարակներից ապօրինաբար, առանց պատճառաբանության բերման են ենթարկվում քաղաքացիներ, այդ թվում` արվեստագետներ: Հուլիսի 17-ի կեսօրին առանց բացատրության բերման ենթարկեցին գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանին, Ազատության հրապարակում ընդվզող քաղաքացիների կողքին կանգնած դերասանուհի, ռեժիսոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Թամար Հովհաննիսյանը ահազանգեց «անմեղ մարդկանց հավաքել-տանելու մասին», արդեն հուլիսի 18-ին մամուլը գրեց արձակագիր Հովիկ Վարդումյանին բերման ենարկելու մասին. միակ պատճառաբանությունն այն է եղել, որ Վարդումյանը 92-93 թվականներին Արցախում կռվել է Ժիրայր Սէֆիլյանի հետ, հայտնի դարձավ նաեւ, որ «Գոհար» երգչախմբի երաժշտին նույնպես բերման էին ենթարկել առանց պատճառաբանության:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Թամար Հովհաննիսյանը ստեղծված իրավիճակը որակեց որպես կրիտիկական: «Սա այնքան մեծ կծիկ է, որ չեմ պատկերացնում` հանգուցալուծումը որը պետք է լինի: Բայց երկրի նախագահը թող հեռանա, թող հրաժարական տա, դա է ելքը: Առաջին քայլը դա պետք է լինի»,-ասաց նա:
Մենք զրուցեցինք խնդրով մտահոգ արվեստագետների հետ, որոնք չեն խուսափում արտահայտել քաղաքական-հասարակական խնդիրների շուրջ իրենց կարծիքը: Դերասան Սերգեյ Դանիելյանը, օրինակ, այն համոզման է, որ սա շատ ցավալի, բայց օբյեկտիվ, ոչ զարմանալի պրոցես է. «Տարիներ շարունակ ժողովուրդը սահմանադրական միջոցներով ոչնչի չի հասել, եւ պարզ է, որ դա պետք է բերի այսպիսի այլանդակությունների: Հանգուցալուծումը իշխանությունների ողջախոհությունն է` տղերքի հետ բանակցությունների գնալը: Ես նրանց որպես տեռորիստ, որպես թշնամի դիտարկել չեմ կարող: Կարծում եմ` յուրաքանչյուր բանակցություն կարող է կանխել աղետը: Մեզ մնում է ավելի չսրել իրավիճակը, կամ, եթե ամբողջ ժողովուրդը դուրս գա փողոց, դա էլ է լուծում. իշխանությունը կհասկանա, որ սա պատահական խուլիգանների խումբ չէր, այլ ժողովրդի զգալի մասի հույզերն արտահայտող մարդիկ»,-կարծիք հայտնեց նա:
Անդրադառնալով ոստիկանության ապօրինի գործողություններին` Ս. Դանիելյանը նկատեց, որ ոստիկանությունը միշտ էլ եղել է իշխանության գործիքը. «Նրանից այլ բան սպասելը մանկամտություն է, նա անում է այն, ինչ իրեն հրամայում են: Դա բիրտ, ուժային կառույց է, իրենց ասել են՝ օրենքը խախտի, խախտում են, ես ոստիկանությանը չեմ մեղադրում: Իհարկե, անհատական մակարդակով կարելի է մեղադրել, բայց ոստիկանությունը, որպես այդպիսին, բարոյականությունից դուրս է»,-ասաց նա:
Դերասանը նշեց, որ զինված խմբի անդամներին կարեկցողներ կան, բայց չի էլ կարող մեղադրել ժողովրդին այն բանի համար, որ նրանց կողքին չի կանգնում. «Եթե այս պրոցեսը ճնշվի, կսկսվի մեկ ուրիշը, հո չպրծա՞վ: Չլինեն սրանք, վաղը կգան մյուսները»,-մեկնաբանեց նա:
ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը, անդրադառնալով թեմային, նախընտրեց լակոնիկ լինել. «Ժողովուրդն ամեն ինչ հասկանում է, էդ մի քանի ճղճղացողները, որ մեջտեղ են ընկել, դրանցով մի՛ դատեք»,- ասաց նա` զերծ մնալով մանրամասնել` կոնկրետ ինչ կամ ում նկատի ունի:
Դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին էլ ամենաշատը մտահոգում է ժողովրդի անունը. «Մեր ազգի մեջ նման բաներ միշտ լինում են, ու դա շատ սխալ է: Մարդիկ պետք է հասկանան, որ մենք խաղաղասեր, արվեստասեր, աշխատասեր ժողովուրդ ենք: Պետք է զգույշ լինել, այնպիսի քայլեր անել, որ դրանք վատ ադրադարձ չունենան մեր ժողովրդի բարձր անվան վրա»,-շեշտեց նա:
Իսկ, ահա, երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանը, անդրադառնալով վերոնշյալ իրադարձություններին, հիշեց ամիսներ առաջ համացանցում մեծ տարածում գտած տեսանյութը, որտեղ մի պապիկ վրդովված դիմում էր երկրի նախագահին. «Նա ասում էր՝ տունս խլել են, երեխեքս՝ թողել-գնացել են, ինչպե՞ս ապրեմ: Ձե՛զ փոխեք, ոչ թե Սահմանադրությունը: Իսկ նախագահի հեռանալուց հետո վիրավորված ետեւից գոռում էր՝ ուզում եք մեզ շինեք տեռորի՞ստ, կստանաք: Կարծում եմ, որ հենց այդ պատճառներով էլ հասանք այս վիճակին` օր օրի ահագնացող աղքատություն, օր օրի ավելացող գործազրկություն, ընտրովի արդարադատություն, այսինքն` անպատժելիություն, ահռելի մասշտաբների հասնող կոռուպցիա, բացարձակ անհաղորդություն քաղաքացու խնդիրներին: Իսկ համբերության բաժակը լցրեց ապրիլը, երբ վերջապես պայթեց անվտանգության փուչիկը»,-եզրափակեց նա:

 

 

 
ՆՈՐ ՎՈԿԱԼԻՍՏԻՆ ՊԱՏԱՀԱԿԱՆ ԵՆ ԳՏԵԼ

Դեռեւս ապրիլին «Էմփիրեյ»-ի անդամ, երաժիշտ Գիսանե Պալյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրել էր, որ ռոք խումբը մենակատար է փնտրում: 2013-ից հետո, երբ խմբի վոկալիստ Սարգիս Մանուկյանը մեկնեց ԱՄՆ, մյուս անդամները մի քանի էքսպերիմենտներ արեցին: Սարգիսին նախ փոխարինեց Եվա Սուջյանը, ապա` Սուրեն Պողոսովը: Երկու փորձերն էլ, սակայն, ձախողվեցին. վերջիններս չէին համապատասխանում խմբի ոճին, չէին կարողանում ստեղծագործել էմփիրեյական ձեռագրով: Այժմ արդեն Գ. Պալյանը մեզ հետ զրույցում ուրախությամբ նշեց, որ խումբը նոր վոկալիստ ունի` ի դեմս երիտասարդ կատարող Գարիկ Խաչատրյանի:

Երաժիշտի խոսքով` նախորդ երկու փորձերի արդյունքում ընտրված մենակատարները հանրության կողմից չեն ընդունվել. մարդիկ մշտապես համեմատականներ են տարել Սարգիսի եւ նրանց միջեւ, խմբի անդամներն էլ իրենց լիարժեք բավարարված չեն զգացել: «Եվայի դեպքում, օրինակ, հասկացանք, որ կանացի վոկալը մեր խմբին բնորոշ չէ, իսկ Սուրենի պարագայում առկա էին ալտերնատիվ ռոքի մոտեցումներ, որոնք չէին համապատասխանում մեր պատկերացումներին: Ի վերջո, փնտրտուքներից հետո ամուսինս` խմբի կիթառահար Կարեն Արզումանյանը, նկատել էր Գարիկին, որը երգում էր հանրության լայն շրջանակներին ոչ այնքան հայտնի ռոք խմբում: Մենք լսեցինք նրա ձայնագրությունները, տեսանք, որ մեծ պոտենցիալ, լավ կատարողական արվեստ ունի, հրավիրեցինք մեր խումբ` այն համոզմունքն ունենալով, որ երիտասարդական լիցքերն ու մոտեցումները դրականորեն կազդեն մեր ստեղծագործական գործընթացի վրա: Առաջարկն ընդունելուց հետո արդեն մեկնարկեցին խմբի փորձերը: Այսպիսով` Գարիկին պատահական գտանք, եւ պետք է ասեմ, որ բարձր ենք գնահատում նաեւ նրա մարդկային որակները»,- մեկնաբանեց Գիսանեն:
Նա պատմեց, որ տարիների ընթացքում իրենց խումբը ստեղծել էր նոր գործեր, եւ առաջին երգը, որ ձայնագրեցին նոր վոկալիստի հետ, եղել է «Չկարծես»-ը. «Դեռեւս տեսահոլովակ չենք նկարահանել. մեզ համար շատ հետաքրքիր էր հանրության կարծիքը: Ասեմ, որ բավական լավ արձագանքներ են եղել, շատերը բարձր են գնահատում Գարիկի վոկալը, եւ մենք մեզ լիովին բավարարված ենք զգում»,- նշեց երաժիշտը:
Նա նաեւ հավելեց, որ հուլիսի 23-ին պլանավորում են խմբով հանդես գալ ակումբային համերգով, որի շրջանակում հանդիսատեսը հնարավորություն կունենա շփվել «Էմփիրեյ»-ի նոր մենակատարի հետ:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՄԵՐ ԴՈՒԴՈՒԿԸ` ԼՈՆԴՈՆՈՒՄ
Հուլիսի 17-ին Լոնդոնում կայացել է ամենամյա Armenian Street Festival-ը, որի նպատակն է վեր հանել հայկական մշակույթն ու սերտ կապեր ստեղծել Լոնդոնում բնակվող մեր հայրենակիցների հետ: News.am style-ի փոխանցմամբ` փառատոնի հատուկ հյուրն այս տարի «Եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը ներկայացրած երգչուհի Իվետա Մուկուչյանն էր: Նա փառատոնին ելույթ է ունեցել դուդուկահար Գեւորգ Կարապետյանի, ջութակահար Լեւոն Չիլինգարյանի եւ այլ ճանաչված հայերի հետ: Իվետան կատարել է ե՛ւ իր սիրված երգերից մի քանիսը, այդ թվում եվրատեսիլյան «LoveWave» հիթը, ե՛ւ cover կատարումներ։ Միջոցառումը վարել է Նազենի Հովհաննիսյանը: Ներկաներին հատկապես գրավել է Իվետայի եւ Գեւորգ Կարապետյանի համատեղ ելույթը, որի ընթացքում հայկական դուդուկի եւ զուռնայի հնչյունները տարածվել են ամբողջ Քենսինգթոնում։
Նշենք, որ Armenian Street Festival-ի այս տարվա ողջ հասույթը տրամադրվելու է Մեծ Բրիտանիայի հայկական եկեղեցուն:

 

 

ԼԵՊՍՆ ՈՒ ՄԱՖԻԱՆ
Ռուս հայտնի երգիչ Գրիգորի Լեպսը Բաքվում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները հրաժարվել են իրեն վիզա տրամադրել: Նրա խոսքով` փաստաթղթերը 120 օր ուսումնասիրելուց հետո առանց որեւէ բացատրության իրեն մերժել են:
Snob.ru-ի փոխանցմամբ` 2013թ. հոկտեմբերին երգչին արգելվել է մուտք գործել ԱՄՆ, քանի որ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը Լեպսին ներառել է Brothers՚ Circle («Եղբայրական շրջապատ») մաֆիոզական կազմակերպության հետ կապերի մեջ կասկածվող անձանց ցուցակում: Նշենք, որ այդ կազմակերպությունը մեղադրվում է Եվրոպայում, Ասիայում, Լատինական Ամերիրկայում եւ ԱՄՆ-ում թմրանյութերի տարածմամբ զբաղվելու մեջ: ԱՄՆ-ի իշխանությունները հայտնել են, որ Լեպսը հանցախմբի շրջանակներում զբաղվել է գումարի տեղափոխմամբ:
Նշենք, որ երգիչը բազմիցս հերքել է իր` մաֆիայի հետ կապեր ունենալու վերաբերյալ լուրերը:

 

 

ԲԱՆԴԵՐԱՍԸ` ՎԵՐՍԱՉԵԻ ԴԵՐՈՒՄ
55-ամյա Անտոնիո Բանդերասը կկատարի Ջանի Վերսաչեի դերը: WWD-ի փոխանցմամբ` դանիացի կինոռեժիսոր Բիլե Աուգուստի ֆիլմի նկարահանումները կսկսվեն դեկտեմբերին, Միլանում, կշարունակվեն իտալական Ռեջո Կալաբրիա քաղաքում եւ կավարտվեն Մայամիում, որտեղ մոդելավորողին սպանել էին սեփական տան շեմին:
Ֆիլմի մասին այլ մանրամասներ հայտնի չեն: Միայն տեղեկանում ենք, որ սցենարը չի համաձայնեցվել Վերսաչեի ընտանիքի հետ, գրվել է առանց նրա ազգականների մասնակցության:




Լրահոս