«Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելուց անցել է արդեն երեք օր, սակայն գնդի ներսում պատանդներ կան, իսկ խմբավորման հետ բանակցությունները երեկվա դրությամբ դեռ շարունակվում են: Պատանդի կարգավիճակում են գտնվում արդեն 4 ոստիկաններ, որոնց թվում են ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: ՊՊԾ գունդը գրաված զինյալները պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ քաղբանտարկյալների ազատությունը:
Իսկ ինչ են մտածում այս իրադարձությունների մասին Մոսկվայում: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ռուս ռազմական փորձագետ, ռազմավարական կոնյուկտուրայի կենտրոնի տնօրեն Իվան Կոնովալովի հետ:
-Պարո՛ն Կոնովալով, մի խումբ զինյալներ գրավել են ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը, որտեղ մեծ թվով ոստիկանական զենքեր կան: Ըստ Ձեզ, տեխնոլոգիապես ի՞նչ մեթոդներով է հնարավոր զորամասում իրավիճակի տեր դառնալ:
-Դատելով այն հանգամանքից, թե ինչպես են ծավալվում իրադարձությունները, այստեղ բանակցությունների միջոցով համաձայնության հասնելու հնարավորությունն առկա է: Պարզ է, որ ԱԱԾ-ն, որը կարող է գործողությունների դիմել, չի դիմում, ինչը նշանակում է, որ բանակցելու շանսեր կան: Ես հույս ունեմ, որ ամեն դեպքում կողմերը կգան որեւէ որոշման, եւ իշխանությունները այնպիսի պայմաններ կառաջարկեն, որի դեպքում խմբավորման անդամները կհամաձայնեն հանձնել զենքերը եւ ազատել պատանդներին: Եթե բանակցություններն ընթանում են, նշանակում է բանակցությունների միջոցով հարցի լուծման հասնելու հավանականություններն ամեն դեպքում առկա է:
-Առհասարակ նման դեպքերում վնասազերծման ինչպիսի՞ մեթոդներ են առկա: Հայաստանում, օրինակ, խոսք է գնում չերյոմուխայի օգտագործման, արցունքաբեր գազի կիրառման, կրակելով քնեցնելու եւ այլ տարբերակների մասին: Նման դեպքերում ինչպիսի՞ պրակտիկա կա:
-Դուք գիտեք, որ տարբեր երկրների ԱԱԾ-ները տարբեր կերպ են գործում եւ տարբեր ռազամավարություն են կիրառում: Բայց, ընդհանուր առմամբ, մեծ թվով տեխնիկական միջոցներ առկա չեն, եւ ես չեմ կարծում, որ այստեղ կարող են օգտագործվել հատուկ միջոցներ, ինչպես եղավ Նորդ-Օստի ժամանակ:
-Այսինքն՝ Դուք բացառո՞ւմ եք Նորդ-Օստի պրակտիկայի կիրառումն այստեղ:
-Իհարկե, ինձ համար դժվար է պատասխանել ՀՀ իշխանությունների փոխարեն: Ես տեսնում եմ, որ ամեն դեպքում ՀՀ իշխանությունները ցանկանում են բանակցություններով հարցը լուծել: Եթե նրանք հասկանային, որ այլ միջոց չկա, եւ բանակցություններն օգուտ չեն տալիս, ապա միանգամից կգրոհեին, որպեսզի այդ խմբի մարդկանց չթողնեին հետագա քայլեր կիրառելու: Այստեղ իրավիճակը մի փոքր այլ է, այդ մարդկանց ահաբեկիչներ չեն համարում Երեւանում, նրանց այդպիսին չեն համարում նույնիսկ իշխանությունների կողմից, եւ հասկանալի է, որ Հայաստանում քաղաքական առումով իրավիճակը մի փոքր այլ է, եւ կան մարդիկ, ովքեր ռադիկալ փոփոխությունների կողմնակից են եւ այդպիսի կոչեր են անում: Եթե իրավիճակը մի փոքր այլ լիներ, եւ այդ մարդիկ ահաբեկիչներ լինեին, ապա գրոհը չէր ուշանա: Հասկանալի է, որ ԱԱԾ-ն ունի գրաված գնդի տարածքի քարտեզը, գիտի ինչպես գործել, ինչ մոտեցումներ կան եւ ինչ հատուկ միջոցներ կիրառել: Խնդիրը հենց այդ մարդկանց հանդեպ մոտեցումն է, քանի որ նրանց ահաբեկիչներ չեն համարում: Լրիվ այլ իրավիճակ էր վերջերս Ղազախստանում, երբ միանգամից գրոհը սկսվեց, խմբին չթողեցին քայլեր անել, եւ ոչ մի բանակցություն էլ չեղավ:
-Այսօր արդեն երրորդ օրն է, ինչ այդ տարածքը գրավված է: Ամեն դեպքում, ճի՞շտ է ժամանակ ձգելն ու բանակցելը, թե՞ Ձեր խոսքի մեջ նշված Ղազախստանի փորձն ավելի էֆեկտիվ է:
-Եթե կարելի է կանխել արյունահեղությունը, ապա բանակցությունները կարող են նույնիսկ մեկ շաբաթ շարունակվել: Դատելով, որ երեք օր է, ինչ բանակցությունները շարունակվում են, նշանակում է՝ ելքեր գտնելու եզրեր կան:
-Իսկ, առհասարակ, Մոսկվան ինչպե՞ս է վերաբերում Երեւանում ստեղծված իրավիճակին:
-Հասկանալի է, որ Մոսկվան ուշադիր հետեւում է այդ գործընթացներին, քանի որ Հայաստանը մեր դաշնակիցն է, այդտեղ է գտնվում մեր ռազմաբազան եւ յուրաքանչյուր այդպիսի իրավիճակ Մոսկվայում տագնապ է առաջացնում, չնայած կարծիքներն ավելի զուսպ են: Բոլորն էլ այստեղ կարծում են, որ հնարավոր է այս հարցը լուծել խաղաղ կարգավիճակով: Վերջին օրերին տեղի ունեցած դեպքերը՝ Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձը, Ղազախստանում եւ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները կատարվում են Ռուսաստանի սահմանների հարեւանությամբ եւ, իհարկե, այստեղ տագնապ առաջացնում են: Այդ ամենը նույնիսկ մեկ շղթայի շարունակության է նմանվում, չնայած պատճառներն են տարբեր: Ամեն դեպքում, կարծես թե որեւէ մեկը պրովակացիայի էր ենթարկել այդ մարդկանց, եւ այդ դեպքերը տեղի ունեցան միաժամանակ: Եվ այդ ամենը կատարվում է Ռուսաստանի կողքին, մեզ մոտ Երեւանի դեպքերի հանդեպ վերաբերմունքն այլ է: Մեզ մոտ ընդհանրապես չեն ցանկանում, որ Հայաստանի հասարակությունում բախումներ տեղի ունենան: Ես չեմ հավատում, որ սա կարող է վերածել քաղաքացիական պատերազմի, բայց նման իրադարձությունները Ռուսաստանին ընդհանրապես պետք չեն:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՔԱՇՔՇՈՒԿ
Երեկ մինչեւ ուշ գիշեր մի քանի հարյուր քաղաքացիներ հավաքված էին Խորենացի փողոցում՝ փորձելով կանխել հնարավոր անցանկալի զարգացումները: Երեկոյան՝ այն բանից հետո, երբ ՊՊԾ շենքի տարածքում կրակոցներ հնչեցին, լարվածությունը մեծացավ, իսկ արդեն ուշ երեկոյան ոստիկանության գունդը գրաված «Սասնա ծռեր« ջոկատի անդամ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, թե իրենք տեղեկատվություն են ստացել, որ Ռուսաստանից ժամանելու է 65 հոգանոց «Ալֆա ջոկատ»՝ գիշերը գազային գրոհ իրականացնելու համար:
Երեկ առավոտյան «Հիմնադիր խորհրդարանի» անդամները հաղորդագրություն տարածեցին` ահազանգելով, որ անջատված են «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների հեռախոսները, եւ հնարավոր է՝ իշխանական ուժերը գնան զինված գրոհի: Սակայն քիչ հետո ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց՝ հերքելով զինված գրոհի նախապատրաստման մասին տեղեկատվությունը: «ՀՀ իրավապահ մարմիններն անում են հնարավոր ամեն ինչ՝ զինված խմբին նոր արյունահեղությունից հետ պահելու համար, եւ ունեն բավարար ներուժ եւ կարողություններ՝ իրենց առջեւ դրված խնդիրներն իրականացնելու համար»,- նշված էր հաղորդագրության մեջ:
Արդեն երեկոյան իրավիճակը կտրուկ լարվեց այն բանից հետո, երբ ՊՊԾ գնդի տարածքից հնչեցին կրակոցներ, ապա տարածքից երեք շտապօգնության մեքենաներ դուրս եկան: Հավաքվածները բորբոքված սկսեցին սուլել եւ վանկարկել՝ թույլ չտալով ոստիկանական մեքենային մուտք գործել տարածք: Իրավիճակը հանդարտեցրեց Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ զինված խմբի անդամներն ընդամենը օդ են կրակել՝ ի նշան բողոքի՝ ցուցարարների նկատմամբ բռնի ուժ գործադրելու դեմ: Փաշինյանը հավաստիացրեց, որ Վարուժան Ավետիսյանի հետ խոսել է, եւ շտապօգնության մեքենաներով վիրավորների չեն տեղափոխել: Ավելի ուշ, սակայն, նա տեղեկացրեց, որ վիրավորներ կան, բայց ոչ հրազենի կիրառման արդյունքում. երեք ոստիկանների բարկացած քաղաքացիները քարերով հարվածել են:
Հավաքված քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ քաշքշուկները պարբերաբար կրկնվեցին մինչեւ ուշ գիշեր:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ՎԱՌԵԼԻՔԸ ԳՆԵԼ ԵՆ ԽԱԽՏՈՒՄՈ՞Վ
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը շրջանակային համաձայնագրով վառելիք է գնել: Սակայն ՀՀ ֆինանսների նախարարության գնումների աջակցման կենտրոնը բացասական եզրակացություն է տվել գնման գործընթացի վերաբերյալ: Պարզվում է, որ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայությունը գնումների գործընթացում խախտել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված պահանջները: Ստացվում է, որ այս դեպքում գնման գործընթացը չի իրականացվել «միասնական կանոններով, մրցակցային, թափանցիկ, հրապարակային եւ ոչ խտրական հիմունքներով, պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնմամբ եւ նրանց միջեւ մրցակցության խրախուսմամբ»:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՓՈՂԵՐԸ
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ» ընկերությունը դատական վեճերի կիզակետում է: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս տարվա մայիսի 25-ին «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Ռոյալ Բեյկերի» ՍՊԸ-ի: Արսենյանի ընկերությունը պահանջում է պատասխանողից հօգուտ իրենց բռնագանձել գումար եւ դրա վրա հաշվեգրված տոկոսները: Մեզ հաջողվեց պարզել, որ պահանջվող գումարի չափը կազմում է ընդամենը 85 հազար դրամ: Նկատենք, որ սա միակ դատական հայցը չէ, որը առնչվում է ԱԺ պատգամավորին պատկանող ընկերությանը: «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն դիմել է նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Ֆուդ ինտերնեյշնլ սերվիս» ՍՊԸ-ի: Այս ընկերությունից էլ պահանջում են մեկ մլն դրամ:
ՓՐԿՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետ Մուշեղ Ղազարյանը բավական պատկառելի ունեցվածքի տեր է: Վերջինս 2015 թվականի արդյունքներով հայտարարագրել է 33 միլիոն 600 հազար դրամ, 370 հազար դոլար եւ 165 հազար եվրո դրամական միջոց: Անցած տարվա ընթացքում նա 15 մլն դրամով գնել է «TOYOTA CAMRY» մակնիշի ավտոմեքենա: Բացի այդ՝ Ղազարյանն անցած տարվա ընթացքում նաեւ 13 մլն 200 հազար դրամ արժողությամբ ինչ-որ կահույք է գնել: Փրկարար ծառայության տնօրենի աշխատավարձը, սակայն, այդքան էլ չի տրամադրում նման պատկառելի կարողություն կուտակելու հարցում, քանի որ այն ընդամենը տարեկան 5 մլն 228 հազար դրամ է կազմում, կամ նույնն է, թե ամսական 435 հազար դրամ: