Հոկտեմբերի 24-ին կայացավ Նոյեմբերյան համայնքի ավագանու նիստ, որի օրակարգում 11 հարց կար, սակայն ամենակարեւոր խնդիրը համայնքային ենթակայության 5 հիմնարկության լուծարումն ու դրանց հենքի վրա մարզամշակութային կենտրոնի ստեղծումն էր: Ըստ ավագանու որոշման՝ լուծարվում են քաղաքային մշակույթի տունը, գրադարանը, մանկական գրադարանը, գեղարվեստի դպրոցը, մարզադպրոցը: Այդ հիմնարկներում այժմ աշխատում է 35 հոգի: 2014 թվականի հունվարից կգործի մարզամշակութային կենտրոնը, որը կունենա 19 աշխատող: Նոյեմբերյանի քաղաքապետարանի աշխատակազմից կկրճատվի 4 աշխատող, եւ այդպիսով, կրճատվողների ընդհանուր թիվը կհասնի 20-ի: Նշենք, որ նախկինում քաղաքապետարանի աշխատակազմից եւս 5 աշխատակից է կրճատվել: Մարզամշակութային հիմնարկի ստեղծման հարցը ավագանու նիստում բուռն քննարկումներ առաջացրեց: Ավագանու անդամ Արարատ Գիշյանն առաջարկեց վերոհիշյալ 5 հիմնարկները միավորել եւ նոր կատարել կրճատումները, ոչ թե լուծարել այդ հիմնարկները եւ նոր հիմքով աշխատակիցների մի մասին աշխատանքի ընդունել: Սակայն քվեարկությամբ ընդունվեց 5 հիմնարկները լուծարելու եւ նոր կենտրոն ստեղծելու` Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի առաջարկը: Քաղաքապետը ներկայացրեց նորաստեղծ կենտրոնի տնօրենի միակ թեկնածուին` Նոյեմբերյանի քաղաքապետարանի առաջատար մասնագետ Մելսիդա Վերանյանին: Վերջինս մշակույթի ոլորտի փորձառու աշխատող է, նաեւ ՀՀԿ Նոյեմբերյանի տարածաշրջանային կազմակերպության կանանց թեւի ղեկավարն է: Ավագանու անդամները Մելսիդա Վերանյանին հարցեր ուղղեցին նորաստեղծ կենտրոնի գործունեության ծրագրերի վերաբերյալ: Որոշվեց, որ մեկ տարի հետո նա ավագանու նիստում հանդես կգա հաշվետվությամբ: Ավագանու անդամները ձայների մեծամասնությամբ հավանություն տվեցին Մ. Վերանյանի նշանակմանը: Նիստում հայտարարվեց, որ քաղաքային ենթակայության 5 հիմնարկների կրճատվող 16 աշխատողներին ընտրելու հարցում Մելսիդա Վերանյանը կհամագործակցի Նոյեմբերյանի քաղաքապետի եւ համայնքի ավագանու անդամների հետ: Նշենք, որ Նոյեմբերյանն ունի 5600 բնակիչ, իսկ քաղաքապետարանում եւ դրա ենթակայության հիմնարկներում աշխատում է 137 հոգի: Վերջերս ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից գրություն է ուղարկվել Նոյեմբերյան` քաղաքապետարանում եւ համայնքային ենթակայության հիմնարկներում աշխատողների օպտիմալ թիվ ապահովելու հրահանգով: Ինչպես տեսնում ենք, տեղական իշխանությունները չեն ուշացնում հրահանգի կատարումը:
Տավուշ