ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԲՈՒՆ ՊԱՏՃԱՌԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երեք օր է` «Սասնա ծռեր» խմբի կողմից գրավված է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը, եւ բոլորի համար ակնհայտ է, որ այս միջադեպը Հայաստանի հետագա զարգացման վրա էական ազդեցություն է ունենալու: Ու այստեղ շատ կարեւոր է, թե ինչպես կդրսեւորեն իրենց քաղաքական դաշտի ներկայացուցիչները: Տվյալ դեպքում առանցքային դերակատարությունը կարող են ունենալ Հայաստանի խորհրդարանի պատգամավորները:

Իսկ ինչու հենց պատգամավորները, որովհետեւ նրանք ԱԺ պատգամավորի մանդատը ստանձնելուց հետո ոչ միայն անձեռնմխելիություն են ձեռք բերում, այլեւ ստանձնում են խիստ որոշակի պարտավորություններ:
Հիշեցնենք պատգամավորի երդումը. «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:
Նկատենք, որ բոլոր պատգամավորները՝ անկախ այն բանից, թե ինչ ճանապարհով են հայտնվել խորհրդարանում, մանդատը վերցնելով եւ անցնելով պատգամավորական գործառույթների իրականացմանը, փաստացի համաձայնում են երդման տեքստի հետ: Այսինքն՝ բոլոր 131-ն էլ փաստացի խոստացել են «անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության համար»:
Այս օրերին մենք ականատես ենք լինում, թե ազգընտիրներից քանիսն են իրենց երդմանը հավատարիմ: Մինչ օրս պատգամավորներից միայն Նիկոլ Փաշինյանն է, որը կոնկրետ քայլեր է կատարել Հայաստանի հասարակության համերաշխությունը պահպանելու ուղղությամբ: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հանդես է եկել կոչով, որը, ի դեպ, ստորագրել է որպես անհատ պատգամավոր եւ ոչ թե իբրեւ խմբակցության ղեկավար եւ կուսակցության նախագահ: Պատգամավորներից Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, ՀԱԿ խմբակցության անդամներ Գագիկ Ջհանգիրյանը եւ Արամ Մանուկյանը, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը, լրագրողների հարցումներին ի պատասխան, միջադեպի վերաբերյալ իրենց կարծիքն են արտահայտել: Էդմոն Մարուքյանն իր կուսակցության անունից է հայտարարություն տարածել հեռավոր ԱՄՆ-ից, ՕԵԿ-ական պատգամավորները եւս այս ընթացքում հասցրել են դատապարտող կոչերով հանդես գալ: Երեկ ՊՊԾ գնդի օղակի մոտ ժամանեց նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը:
Անժխտելի փաստն այն է, որ Հայաստանն այս օրերին ծանր կացության մեջ է հայտնվել, եւ ստեղծված իրավիճակն իր բացասական հետքը կթողնի ինչպես հասարակական հարաբերությունների, այնպես էլ առանց այդ էլ ծանր կացության մեջ գտնվող տնտեսության վրա:
Հատկապես իշխող ՀՀԿ-ի 69 պատգամավորները եւ փաստացի իշխանական հովանավորության ներքո գործող որեւէ խմբակցությունում չընդգրկված 7 պատգամավորները ստեղծված իրավիճակի համար պատասխանատվության ամենամեծ բաժինն ունեն որպես իշխանության մի մասնիկ: Սակայն նրանք խորը ընդհատակ են անցել: Լրագրողները խոշորացույցով անգամ չեն կարողանում իշխանական պատգամավորներ գտնել. մեկը քառասունքի մեջ է, մյուսը՝ հանգստի, երրորդը՝ բիզնես գործերով եւ այլն: Նրանք իրենց պատասխանատվության չափաբաժինը չեն գիտակցում:
Մինչդեռ նրանք առավել շատ պատասխանատվություն պետք է զգան, քանի որ իրենցից յուրաքանչյուրը կաշվից դուրս է եկել՝ Սերժ Սարգսյանին իշխանության բերելու համար, եւ հիմա հայտնվել են մարդիկ, որ ամենածայրահեղ ու անթույլատրելի քայլն են իրականացրել՝ զենքով գրոհ կազմակերպելով՝ ընդդեմ իշխանության: Սակայն իշխանական պատգամավորներն իրենց բաժին պատասխանատվության ողջ բեռը թողնում են ՀՀԿ առաջնորդի՝ Սերժ Սարգսյանի վրա:
Իհարկե, մյուս կողմից պետք է արձանագրել, որ ՀՀԿ-ականներն իրենց վարքով հաստատում են՝ Հայաստանում առկա վիճակի համար մեղավորը միմիայն Սերժ Սարգսյանն է: Իրենք ընդամենը դրածոներ են, մարդիկ, որոնք սեփական կարծիք չունեն, այլեւ համարձակություն՝ ինքնուրույնության դրսեւորման: Իսկ հարյուրից ավել բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք պետք է ձեւավորեն Հայաստանի քաղաքական օրակարգը, իրականում անգործունակ են եւ ոչնչի ընդունակ չեն:
Հենց այս փաստն է ստեղծված իրավիճակի բուն պատճառը, ինչպես նաեւ՝ Հայաստանի ամենամեծ ողբերգությունը. բոլորը նայում են դեպի Բաղրամյան 26:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՏԱՔՍԻՍՏՆԵՐԸ ՀՔԾ-ՈՒՄ
2016 թվականի ապրիլի 18-ին ՀՔԾ-ն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ տարբեր անվճարունակ քաղաքացիներ, խաբեությամբ, նախնական համաձայնության գալով թանկարժեք մեքենաներ ունեցող եւ վճարունակ անձանց հետ, նրանց հասցեագրված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման վարչական ակտերն իրենց անվամբ վերահասցեագրելու նպատակով կեղծ դիմումներ են ներկայացրել ՀՀ ճանապարհային ոստիկանություն: Վերահասցեագրումից հետո այդ որոշումներով նախատեսված գումարները չվճարելով` պետությանը պատճառել են խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Գրել էինք, որ վնասի չափը կազմում մոտ 8 միլիոն դրամ, սակայն պարզվում է՝ այս պատմությունը շարունակում է ընդլայնվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս ՀՔԾ են դիմել մի շարք տաքսի ծառայությունների աշխատակիցներ եւ հայտնել, որ տվյալ ընկերության սեփականատերերը մեքենաները գրանցել են իրենց անունով եւ խոստացել, որ տուգանքներն իրենք՝ վարորդները չեն վճարի: Ավելի ուշ, սակայն, ԴԱՀԿ ծառայությունից ծանուցումներ են ստացել՝ միլիոնների հասնող տուգանքների վերաբերյալ:

 

 

ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ
Վերջին մեկ ամսում Հայաստանի եւ Արցախի քաղաքական շրջանակների քննարկման հիմնական թեման այն է, թե արդյոք ճիշտ է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ բանակցություններում քննարկվում է Ադրբեջանին հինգ շրջան հանձնելու տարբերակը: Նույնիսկ կոնկրետ տարբերակ է շրջանառվում, թե իբր դիտարկվում է ազատագրված տարածքներից 30 կմ խորությամբ տարածքներ զիջելու հարցը: «Ժողովուրդ»-ը փորձեց ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանից պարզել, թե ըստ իրեն՝ Արցախը պատրա՞ստ է նման զիջումների: «Չեմ կարծում՝ որեւէ մեկը զիջումների գնալու տրամադրվածություն ունի, եւ չեմ կարծում, որ Արցախի ժողովրդի եւ իշխանությունների մոտ կա նման որդեգրված քաղաքական գիծ: Ամեն մի ապատեղեկատվության համապատասխան մեկնաբանություն չի տրվում: Այդպիսի ապատեղեկատվությանը որեւէ մեկնաբանություն տալը շատ լուրջ, անհեթեթ բան է ինձ համար»,- պատասխանեց Դավիթ Իշխանյանը:

 

 

ՄԵՔԵՆԱ ԹԵ ՄԵՏԱՂԱՋԱՐԴՈՆ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը աճուրդի է հանել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գույքը: Խոսքը ավտոմեքենաների մասին է, որոնք ռուսական արտադրության են եւ անչափ հին: «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ վաճառքի հանված ավտոմեքենաները 1999 թվականի արտադրության «Գազ-3110», 1994 թվականի արտադրության «Գազ-31029», 1988 թվականի արտադրության «Վազ-2121» է: Դրանք թվով 8-ն են եւ աճուրդի են հանվել մարտի 10-ին, սակայն մինչ օրս չեն վաճառվել:

 

 
ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ
ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը համատեղ աշխատում են մի շարք հարցերի, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ: Այս մասին NBC հեռուստաալիքի եթերում ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Մեկնաբանելով Ռուսաստան կատարած իր այցը՝ Քերին նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մի շարք հարցեր է քննարկել, այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը: Ջոն Քերին անցած շաբաթ Մոսկվա կատարած այցի ընթացքում հանդիպումներ է անցկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

 

 

ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՉԽՈՉԸՆԴՈՏԵԼ
Հաշվի առնելով վերջին օրերին ոստիկանության ծառայողների կողմից բերման ենթարկված անձանց իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փորձերը՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը կոչ է անում ոստիկանության ծառայողներին. 1. ապահովել քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 64-րդ հոդվածով ամրագրված իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրացումը. 2. չխոչընդոտել փաստաբանների մասնագիտական գործունեությանը:

 

 

ԳՈՐԾՈՆ Է
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Lenta.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովող գործոններից մեկը ԼՂՀ-ի զինված ուժերն են: «Նոր պատերազմի հավանականությունը կախված է մի շարք գործոններից: Ամենագլխավորները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի մարտունակությունն ու հակամարտության ուժային լուծման անընդունելիության մասին միջազգային հանրության հստակ դիրքորոշումն են»,-նշել է Բակո Սահակյանը՝ հավելելով, թե լայնամասշտաբ եւ տեւական պատերազմը կդառնա անհամեմատ ավելի մեծ աղետների կատալիզատոր ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ ողջ աշխարհում:

 

 

 

ԴԻՄԵԼ ԵՆ ՀՔԾ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, ստացված ահազանգերի, քաղաքացիներին անհիմն բերման ենթարկելու վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ քննություն իրականացնելու հարցով գրություններ է ուղարկել ՀՀ ոստիկանություն: Բոլոր այն հաղորդումներով կամ հրապարակումներով, որոնք պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության առերեւույթ հատկանիշներ, գրություններ են ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով: Այդ հաղորդումների թվում են Դավիթ Սանասարյանի, Վաղինակ Շուշանյանի եւ մի շարք այլ քաղաքացիների հաղորդումները:

 

 

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է վերջին երեք օրերին ոստիկանության կողմից ապօրինի գործողությունները: Տեղի են ունենում մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների կոպիտ եւ անօրինական խախտումներ, ինչպես նաեւ բարոյական բոլոր նորմերին ի հակառակ ոչ լեգիտիմ իշխանությունների կողմից բռնությունների հրահանգների կատարում: Որպես հետեւանք անօրինական բերման ենթարկելը զուգորդվել է նաեւ խոշտանգումներով, այդ թվում «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանի նկատմամբ»:




Լրահոս