Նախօրեին «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները` ի դեմս Դավիթ Սանասարյանի, Մաքսիմ Սարգսյանի, հանրային քննարկում էին հրավիրել Ազատության հրապարակում, որտեղ տեղի ունեցած բռնությունների ընթացքում հավաքն ավելի մարդաշատ դարձավ: Իսկ երեկ արդեն զինյալ ապստամբներից Վարուժան Ավետիսյանը Կարո Եղնուկյանի միջոցով ակտիվիստներին խնդրել էր հավաքվել Խորենացու փողոցում: Այդպիսով զինյալները փորձում են հասարակական աջակցություն ստանալ, ու դարձյալ եղան բախումներ, վիրավորվեց 3 ոստիկան:
ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆ
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի 25-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը հունիսի 24-ին 17-ամյա Աստղիկ Հանիսյանին դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել, որի հետեւանքով նա մահացել է: Ա. Հանիսյանը սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղում բնակվում էր մոր եւ խորթ հոր հետ: Հունիսի 24-ին Ա. Խոջոյանն Ա. Հանիսյանին հրավիրել էր Բերդի «Ուռենի» սրճարան, հյուրասիրել, ապա միասին գնացել էին Վերին Կարմիրաղբյուրի «Ճակատի աղբյուր» տեղանք, որտեղ տեղի էր ունեցել դեպքը: Ա. Խոջոյանի վկայությայմբ՝ Աստղիկի հետ վիճաբանության ընթացքում վերջինս իրեն մայր է հայհոյել, ինչի պատճառով էլ նա դանակի մեկ տասնյակից ավել հարվածներ է հասցրել անչափահաս աղջկան: Ա. Խոջոյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր. 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը»): Հիշեցնենք, որ Ա. Խոջոյանը 2014թ. մարտի 7-ից ապրիլի 10-ը գտնվել է Ադրբեջանի տարածքում՝ գերության մեջ: Նրա նկատմամբ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել 2 ամիս ժամկետով կալանքը: Վերջին ժամանակաշրջանում Ա. Խոջոյանը Սեւանի տարածաշրջանում վարձով հովիվ է աշխատել: Ադրբեջանական գերությունից վերադառնալուց հետո նա բուժվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում: Արդյոք այնտեղ նրա ախտորոշումը ճի՞շտ է կատարվել, եւ նրա բուժումը բավարա՞ր է եղել: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունից տեղեկացանք, որ նրա նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել: Փորձաքննությունը ստացիոնար է, Ա. Խոջոյանը տեղափոխվել է Երեւանի «Նորք» հոգեբուժական կենտրոն:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԿՄԵԿՆԻ ՓԱՐԻԶ
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը հուլիսի 19-21-ն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ, որտեղ նախատեսվում է ստորագրել փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ ԿԳՆ եւ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության միջեւ համատեղ գիտահետազոտական եւ համալսարանական ծրագրերի իրականացման մասին:
ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի աջակցությամբ Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում իրականացվող «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում հայտարարված միջազգային մրցույթի արդյունքներով կնքվել է պայմանագիր «Երեւանի ՋԷԿ»-ի 220 կՎ ենթակայանի կառուցման գլխավոր կապալառու ընտրված AB SUBSTATIONS AND COBRA INSTALACIONES Y SERVICIOS S.A. (Շվեդիա/Իսպանիա) կոնսորցիումի հետ: Պայմանագրի գինը կազմում է 11,3 մլն դոլար, 4,7 մլն եվրո եւ 6,9 մլն շվեդական կրոն: Պայմանագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել «Երեւանի ՋԷԿ»-ի 220 կՎ նոր ենթակայան, ինչը պայմաններ կստեղծի կրճատելու գործող 220/110/35 կՎ ենթակայանի սարքավորումների խափանումների հաճախականությունը: Հիշեցնենք, որ «Երեւանի ՋԷԿ»-ին է բաժին ընկնում երկրում տարեկան արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի շուրջ 20 տոկոսը:
ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆՆ ՈՒ ՈՉ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1.2 տոկոս գնանկում: Այն հիմնականում պայմանավորված է բանջարեղենի, կարտոֆիլի, ձվի, մսամթերքի էժանացմամբ:
Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մրգի շուկայում արձանագրվել է 12.7 տոկոս գնանկում, իսկ մայիսի համեմատ` 27.4 տոկոս գնաճ:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ բոլոր քաղաքներում այս տարվա հունիսին մայիսի համեմատ մրգի գներն աճել են 17.1-49.1 տոկոսով: Իսկ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 27.2 տոկոսով: Տեղեկացնենք, որ այս տարվա հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում թանկացել են հրուշակեղենն ու ոչ ոգելից խմիչքը: Բանջարեղենի եւ կարտոֆիլի շուկայում նույնպես թանկացումներ են արձանագրվել: Այս տարվա հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բանջարեղենի եւ կարտոֆիլի շուկայում արձանագրվել է 21.4 տոկոս գնաճ: Իսկ ահա հանրապետության բոլոր քաղաքներում այս տարվա հունիսին մայիսի համեմատ բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբի գները նվազել են 22.7-15.3 տոկոսով: Նշենք, որ գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Աշտարակ քաղաքում: Երեւանում բանջարեղենի եւ կարտոֆիլի գները նվազել են 18.5 տոկոսով:
Սրան զուգահեռ նվազել է կանաչ պղպեղի, կանաչ լոբու, սխտորի գինը: Էժանացել է նաեւ խառը կանաչին, կաղամբը, ծաղկակաղամբը, սունկը, գլուխ սոխը: Իսկ ահա գազարը թանկացել է 0.7 տոկոսով, կարտոֆիլը՝ 1.7 տոկոսով, ճակնդեղը՝ 35.7 տոկոսով, վարունգը՝ 36.1 տոկոսով:
Ս. Հ.