Արդեն հայտնել էինք, որ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը եղել է ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում` փորձելով ներս մտնել գնդի ներս, սակայն իրավապահները չեն թողել նրան անգամ մեկ քայլ անել: Ոստիկանությունն արդեն հայտարարել էր, որ գնդի ներսում շտապօգնության չորս աշխատակից գտնվում են պատանդի կարգավիճակում և «Սասնա ծռեր» խմբավորման անդամները նրանց պատրաստ են թողնել` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի փոխարեն:
ArmLur.am-ի հետ զրույցում նախարարի օգնական Տաթևիկ Գրիգորյանը տեղեկացրեց.
«Նախարարը եղել է ՊՊԾ գնդի տարածքում`մտահոգ լինելով վիրավորների պատշաճ բուժօգնության կազմակերպման պայմաններով, ինչպես նաև ներսում գտնվող բժիշկների արձակման հանգամանքով: Եղել է տարածքում, սակայն իրավապահ մարմիններն այս պահին նպատակահարմար չեն գտել` նրա մուտքը տարածք թույլ տալու համար», – փոխանցեց Տաթևիկ Գրիգորյանը, հավելելով, որ նախարարին չեն թողել ներս մտնել:
Հարցին` հնարավո՞ր է բանակցություններ տեղի ունենան իրավապահների հետ և նախարարին ի վերջո թույլ տան ներս մտնել, նախարարի օգնականը նշեց, որ այս պահի դրությամբ այլ տեղեկություններ չունի: