ԳԱՌԱՆ ՄՈՐԹՈՎ ԳԱՅԼԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած կիրակի Վրաստանում կայացած նախագահական ընտրությունները կրկին ցույց տվեցին, որ  վրաց հանրության ժողովրդավարացման գործընթացն արդեն անշրջելի իրողություն է: «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլու վարած քաղաքականությունն, ի հեճուկս շատերի հոռետեսական ակնկալիքների, միանգամայն արդարացրեց իրեն: Համենայնդեպս, հակառակ Սահակաշվիլու ժողովրդավարացման գերէմոցիոնալ եւ հաճախ թատերականացված պոռթկումների, Իվանիշվիլու թիմը կարողացավ այս նախագահական ընտրություններն անցկացնել այնպես, որ շահեց ոչ միայն իրենց թեկնածուն, այլեւ Վրաստան պետության հեղինակությունը: «Վրացական երազանք»-ի առաջադրած թեկնածուն` Գիորգի Մարգվելաշվիլին, հաղթեց ընտրությունների հենց առաջին փուլում` ստանալով ձայների 64 տոկոսը, ինչը չխանգարեց, որ նրա քաղաքական հակառակորդը` Դավիթ Բաքրաձեն, որը ստացել էր ձայների 21 տոկոսը, շնորհավորեր հաղթած թեկնածուին: Բոլոր դիտորդական կազմակերպությունները, այդ թվում եւ ԵԱՀԿ-ն, այդ ընտրությունները գնահատեցին որպես» դրական եւ թափանցիկ», իսկ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարը նշեց, որ» այդ մաքուր ընտրությունները վկայում են Վրաստանում դեմոկրատիայի հասունացման մասին»: Հատկապես Հարավային Կովկասի երեք երկրներում անցկացված նախագահական ընտրություններից հետո առավել ակնառու դարձավ այն բովանդակային տարբերությունը, որն առկա է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Եվ եթե ի տարբերություն Վրաստանի, Ադրբեջանի ընտրություններն անգամ խավիարային դիվանագիտության գործարկման արդյունքում ԵԱՀԿ-ն չգնահատեց որպես արդար եւ թափանցիկ, ապա Հայաստանում իրավիճակը փոքր-ինչ այլ էր: Հայաստանը, կարելի է ասել, գտնվում է մեջտեղում` ադրբեջանական ավտորիտարիզմի եւ վրացական դեմոկրատիայի: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ դեպքում` կա բովանդակային լիակատար համապատասխանություն, մինչդեռ Հայաստանում  առկա է բովանդակության եւ ձեւի խորին հակասություն, ինչը, թերեւս, երկրի զարգացման համար էլ ավելի վտանգավոր է: Քանզի ցանկացած` անգամ ավտորիտար համակարգը կարող է ավելի արդյունավետ լինել երկրի զարգացման համար, քան «անձի երկվության» համախտանիշով իշխանությունները, որոնք իրենց իմիտատիվ ժողովրդավարությամբ,  սակայն ավտորիտար մտածողությամբ այդպես էլ չեն կարողանում համակարգ ձեւավորել: Ի վերջո, Հայաստանի վերջին խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները դրա գործնական կիրառությունն էին, երբ Հովիկ Աբրահամյանի առաջադրած սխեմայով` ընտրատեղամասերում ամեն ինչ կարգին էր, սակայն դրանցից դուրս` քվեները համատարած գնվում էին: Արդյունքում` Սերժ Սարգսյանի թիմը ողջ հայ ժողովրդին դարձրեց ընտրակեղծարար` ընտրակաշառատվությունը հասցնելով պետական մակարդակի: Բանահյուսական ձեւակերպմամբ` «գառան մորթու տակ թաքնված գայլի» այս գործելակերպն է, որն էլ ավելի վտանգավոր է, քան անգամ բացահայտ ավտորիտարիզմը:




Լրահոս