ՀՀՇ-Ն ՎԵՐԱԾՆՎԵՑ ԵՎ ԸՆՏՐԵՑ ՆԱԽԱԳԱՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը տեղի է ունեցել «Հայոց համազգային շարժման» վերականգնման հիմնադիր համագումարը: Ներկա են եղել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը եւ այլք: Թեեւ հրավիրվել էին նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ՄԱԿ կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը եւ ՀԺԿ կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, սակայն նրանք ներկա չէին: Իսկ ՀԱԿ կուսակցությանը ՀՀՇ համագումարին չէին հրավիրել:
Հիշեցնենք, որ ՀՀՇ-ի՝ ՀԱԿ կուսակցության մեջ մտնելուց հետո նախկին ՀՀՇ-ականներ Ալեքսանդր Արզումանյանը, Արարատ Զուրաբյանը, Կարապետ Ռուբինյանը եւ Հովհաննես Իգիթյանը հայտարարել էին, որ մտադիր են վերածնել ՀՀՇ կուսակցությունը: Համագումարում ունեցած ելույթում Ա. Արզումանյանը նշեց, որ ինչ-ինչ տեխնիկական պատճառներով համագումարից բացակայում է ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, ինչպես նաեւ ՀՅԴ-ն, ում հետ համագործակցում են ԱԺ-ում. «Մենք չենք կարող հրաժարվել մեր կենսագրությունից, բաց ճակատով ենք փորձում այսօր հանդես գալ հասարակության առջեւ»:
Այնուհետեւ համագումարին ներկա պատվիրակներն ընտրեցին ՀՀՇ-ի վարչության կազմը, որը բաղկացած է 14 անդամից: Նրանց շարքում են՝ Արարատ Զուրաբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Կարապետ Ռուբինյանը, Հովհաննես Իգիթյանը, Տիգրան Հակոբյանը, Վարդուհի Էլբակյանը, Դավիթ Առաքելյանը, Կարեն Սավզյանը, Կարեն Կարապետյանը, Հակոբ Գրիգորյանը, Կարեն Ստեփանյանը, Սոնա Մուրադյանը, Խաչատուր Թումանյանը եւ Վարդգես Շահբազյանը:
«Ժողովուրդ»-ը փորձեց Ա. Զուրաբյանից պարզել, թե ինչպես է լուծվելու կուսակցության գրանցման խնդիրը, քանի որ այժմ ՀՀՇ անվամբ այլ կազմակերպություն գոյություն ունի: «Ընթացակարգն այսպիսին է. մենք արել ենք համագումար, համագումարի նյութերն ամփոփում ենք, ներկայացնում ենք արդարադատության նախարարություն, որից հետո մնում է պետական գրանցումը: Մինչեւ այդ մենք համապատասխան տեղեկատուում հայտարարություն էինք տվել, որ կուսակցության համագումարը պետք է անենք: Այսինքն՝ այդ ընթացակարգի օրինականության բոլոր կետերը պահպանել ենք,-նշեց մեր զրուցակիցը` պարզաբանելով,-«Կուսակցությունների մասին» օրենքն ասում է հետեւյալը. ընդհանրապես,  երբ հասարակական կազմակերպությունները գրանցվում են, դա անում են իրենց անվան մեջ ներառելով իրենց ամբողջ գործունեությունը, իսկ կուսակցություններն ունենում են կոնկրետ իրենց անվանումը, դրանք միմյանցից տարբերվում են: Օրենքն այդտեղ որեւէ սահմանափակում չի դնում»:
Նշենք, որ երեկ կայացել է ՀՀՇ կուսակցության վարչության անդրանիկ նիստը, որի ընթացքում Ա. Զուրաբյանն ընտրվել է ՀՀՇ վարչության նախագահ, Ա. Արզումանյանը՝ ՀՀՇ հանրապետական խորհրդի նախագահ, Կ. Կարապետյանը՝ ՀՀՇ գործադիր քարտուղար:
Հ.Գ. Երեկ «Հայոց համազգային շարժում» ՀԿ-ի նախագահ Վահագն Հայոցյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, թե, բացի ՀՀՇ ՀԿ-ից, այլ կազմակերպությունների կողմից «Հայոց համազգային շարժում» անվամբ հանդես գալը, ինչպես նաեւ ՀՀՇ-ի խորհրդանշանի օգտագործումն ինքնակոչության դրսեւորում է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս