ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՆ ՈՒ ՌԻՍԿԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ. ՀՀ պետական բյուջեի եկամուտները նախատեսված են 1 տրիլիոն 134 մլրդ, իսկ ծախսերը` 1 տրիլիոն 244 մլրդ դրամ. այդ մասին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` ԱԺ մշտական հանձնաժողովների երեկվա նիստում ներկայացնելով երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագիծը: 2013թ. համեմատ՝ հաջորդ տարվա պետական բյուջեն լինելու է մոտ 100 մլրդ դրամով ավելի: Տ. Սարգսյանը հասցրել էր նույնիսկ անվանակոչել պետական բյուջեն` «ծրագրային»:
Միայն թե վարչապետը բյուջեի նախագիծը ներկայացնելիս երեկ արդեն իսկ հող էր նախապատրաստում դրա տապալման կամ էլ, լավագույն դեպքում, թերակատարման համար: «Մենք առաջին անգամ ենք այդ մոտեցումով բյուջեն ձեզ ներկայացնում եւ այդ առումով խնդրում ենք՝ շատ խիստ չդատեք մեզ, քանի որ, մեր գնահատականներով, առնվազն 3 տարի է մեզ անհրաժեշտ լինելու, որպեսզի ամբողջությամբ ներդնենք ծրագրային բյուջետավորման համակարգ… Դեռեւս նույնիսկ շատ զարգացած երկրներում այդ գործառույթի ներդրումն առնչվում է շատ խնդիրների, որովհետեւ այդ վարժությունը բավականին բարդ է, եւ մեզ, ուզում եմ կրկնել, առնվազն 3 տարի է անհրաժեշտ լինելու, որպեսզի այդ կարողությունները ձեւավորենք»,-հայտարարեց նա: 2014թ. բյուջեի նախագծի ուղերձում, խոսելով ռիսկերի մասին, կառավարությունը կրկին տխուր ապագա է կանխատեսում: Բնականաբար, այդ ռիսկերի մեջ որեւէ խոսք չկա վարչապետի ու իր ղեկավարած կառավարության ապաշնորհության կամ քաղաքական կամքի բացակայության մասին: Փոխարենը բավական ճոխ ներկայացված են արտաքին ռիսկերը: «Համաշխարհային տնտեսությունը շարունակում է զարգանալ էական անորոշությունների ներքո… ՀՀ-ն, լինելով փոքր բաց տնտեսություն ունեցող երկիր, առավել զգայուն է արտաքին հատվածից փոխանցվող ազդակների նկատմամբ… դեռեւս առարկայական են նաեւ ճգնաժամային հին ռիսկերը, եւ ի հայտ են գալիս նորերը… ՀՀ տնտեսության եւ պետական բյուջեով նախատեսվող հոսքերի վրա հիմնական ազդեցությունները կարող են ի հայտ գալ ինչպես զարգացող երկրներում տնտեսական աճի դանդաղման, այնպես էլ ԵՄ երկրներում դեռեւս շարունակվող անկման, ճգնաժամի վերջնական կարգավորման հեռանկարների բարձր անորոշության, ներքին խնդիրների եւ արտաքին պահանջարկի նվազման արդյունքում»,-նշված է բյուջեի ուղերձում: Այլ կերպ ասած՝ Տ. Սարգսյանը կրկին իր տարերքի մեջ է. ցանկացած ձախողման մեջ մեղավոր կլինեն բոլորը՝ բացի իրենից: Ինչ վերաբերում է ՀՀ կառավարությանը, ապա ընդհակառակը, վերջինս ներկայացված է որպես ռիսկերին դիմագրավող քաջարի մարտիկ. «ՀՆԱ-ի աճի ուղղությամբ նպաստող հիմնական ռիսկերը պայմանավորված կլինեն ՀՀ կառավարության կողմից իրականացվող տնտեսական բարեփոխումների ընթացքով: Եթե … արդյունքներն արտահայտվեն ավելի արագ, քան ակնկալվում է, ապա տնտեսական աճի մակարդակը կլինի կանխատեսվածից ավելի բարձր» եւ այսպես շարունակ:
Ճիշտ է, չնայած այս ողջ դժվարություններին՝ Տ. Սարգսյանի հերոսական կառավարությունը խոստանում է հունվարի 1-ից կենսաթոշակների, ինչպես նաեւ զինծառայողների աշխատավարձերի, իսկ հուլիսի 1-ից` նաեւ քաղծառայողների աշխատավարձերի բարձրացում: Բացի այդ՝ կառավարությունը խոստանում է 5.2 տոկոս տնտեսական աճ: Թե որքանով կհաջողվի ապահովել այդ աճը, դժվար չէ ենթադրել. 2013թ. բյուջեի նախագծում կառավարությունը խոստանում էր 6.2 տոկոս տնտեսական աճ, իսկ այսօր ստիպված են խոստովանել` այդ աճը հազիվ 4.1 տոկոսի կհասնի: Նույնը, թերեւս, կարելի է ասել գնաճի մասին. 2014թ. կառավարությունը կանխատեսում է մոտ 4.5 տոկոս գնաճ: Սակայն հարկ է նկատել, որ 2013թ. բյուջեի նախագծում կառավարությունը կանխատեսել էր 4.2 տոկոս գնաճ, իսկ այսօր հենց իրենք են ստիպված խոստովանել, որ գնաճը հասել է 7.4 տոկոսի: Ասել է թե՝ չկա որեւէ երաշխիք, որ 2014թ. եւս նույնը չի կրկնվի:
Ի դեպ, վարչապետն ԱԺ-ում երեկ մեկնաբանել է, թե ինչու 2013թ. չի կարող ապահովել խոստացած տնտեսական աճը: Որպես առաջին խոչընդոտ՝ նա մատնանշել է արտաքին գործոնները: Իսկ ահա երկրորդ բացասական գործոնը, թերեւս, ամենաուշագրավն է. «2013թ. ՀՀ-ում շեշտակիորեն բարձրացան գազի եւ էլեկտրաէներգիայի գները, ինչը, բնականաբար, չէր կարող չանդրադառնալ տնտեսական աճի ցուցանիշի վրա»: Այլ կերպ ասած՝ վարչապետը ՀՀ տնտեսական զարգացումը խոչընդոտելու մեջ մեղադրել է ՌԴ-ին, քանի որ ռուսական «Գազպրոմ»-ը բարձրացրեց գազի սակագինը, ինչն էլ իր հետեւից բերեց շղթայական գնաճի: Միանգամից նշենք, որ վարչապետի այս դիտարկումը միանգամայն ճիշտ է: Սակայն այստեղ հարց է առաջանում. իսկ մի՞թե գազի գնի թանկացումն անակնկալ էր իրենց համար: Բնականաբար ոչ: Դեռ ավելին, այդ հարցը 2012թ. աշնանը խորհրդարանում բարձրացրել էր ԱԺ ՀԱԿ խմբակցությունը, սակայն իշխանությունները տենդագին հերքում էին: Եվ միայն նախագահի ու Երեւանի ավագանու ընտրություններից հետո` մայիսին, ի հայտ եկավ գազի սակագնի բարձրացման «ավետիսը»: Ընդ որում, նաեւ պարզվեց, որ գազի սակագինը բարձրացել էր շատ ավելի շուտ, ուղղակի այդ փաստը պաշտոնապես չէին հայտնում: Բայց սա արդեն խոսակցության այլ թեմա է:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս