ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՅՐԸ ՁԵՌՔ Է ՔԱՇԵԼ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, երեկ ոստիկանության քննչական մարմնին հայտնել է, որ ինքը չի աշխատում, անվճարունակ է եւ չի կարող վճարել փաստաբանի ծառայությունների համար: Նրան հատկացվել է հանրային պաշտպան: Հիշեցնենք, որ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 268-րդ հոդվածի 3-րդ մասի (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը) եւ 215-րդ հոդվածի 2-րդ մասի (մաքսանենգությունը) հատկանիշներով:

ԽՈՇՈՐՆԵՐԻ ՏԱՍՆՅԱԿԸ
ՊԵԿ հրապարակած` 2013-ի հունվար-սեպտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկատուների ցուցակի համաձայն՝ ՀՀ ամենախոշոր հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որն առաջ է անցել «Հայռուսգազարդ»-ից` վճարելով  26,356 միլիարդ դրամ հարկ: Երկրորդ տեղը զբաղեցրած «Հայռուսգազարդ»-ը վճարել է 25,349 դրամ հարկ: Երրորդ տեղում է «Ղ-Տելեկոմ»-ը 22,303 միլիարդ դրամով: Իսկ Սամվել Ալեքսանյանի «Ալեքս-Գրիգ»-ը  չորրորդն է` 11,794 միլիարդ դրամով: Խոշորագույն հարկատուների հնգյակը եզրափակում է «Արմենտել»-ը 11,544 դրամով: Ապա հաջորդում են «Ֆլեշ» (ավելի քան 8,532 մլրդ), «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ավելի քան 8,377 մլրդ), «Գեո պրո մայնինգ գոլդ» (ավելի քան 6,455 մլրդ), «Սիփիէս օիլ քորփորեյշն» (ավելի քան 5,629 մլրդ) ընկերությունները։ Խոշորագույն հարկատուների տասնյակը եզրափակում է «Ֆիլիպ մորրիս Արմենիա» ընկերությունը ավելի քան 5,342 մլրդ դրամ հարկերով։

ՆՈՒՆԵԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Անկախության օրը Նունե Եսայանի համերգի համար հատկացված 54 մլն դրամը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հատկացրել է «Լույս» հիմնադրամը, որը  կրթաթոշակ է շնորհում հայ ուսանողներին աշխարհի առաջատար բուհերում սովորելու համար: «Երկիր»-ին հայտնի է դարձել, որ երգչուհու համերգի պատճառով հիմնադրամն ուշացրել է արտասահմանյան բուհերում սովորող երիտասարդների ուսման վարձերի փոխանցումները, ինչի արդյունքում ուսանողները ստիպված են եղել տուգանքներ վճարել բուհերին: Օրինակ` աշխարհի առաջատար բուհերից մեկում սովորող մի քանի ուսանողներ պարբերականին ասել են, որ  ուսման վարձի ուշացման հետեւանքով ստիպված են եղել վճարել 150-ական ԱՄՆ դոլար տուգանք:

ՊԱՏԺԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ

Այսօր Գյումրու մանկավարժական համալսարանում կկայանան օտար լեզուների ֆակուլտետի դեկանի ընտրությունները: Առաջադրված միակ թեկնածուն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի մայրն է՝ Թամարա Մելիքյանը, որը բուհում ռուսաց լեզու է դասավանդում: «Առավոտ»-ը հիշեցնեում է, որ անցյալ տարի մեծ սկանդալ էր ծագել այս ֆակուլտետում, անգամ քրեական գործ էր հարուցվել, քանի որ օտար լեզուների ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Հասմիկ Սուքիասյանը, հանրապետությունից բացակայելով հանդերձ, գնահատականներ էր ստացել: Արդյունքում աշխատանքից ազատվել էին օտար լեզուների ֆակուլտետի դեկան, ճանաչված մասնագետ Սայա (Սահականուշ) Գրիգորյանը, ինչպես նաեւ ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Կարինե Սուքիասյանը, որը «հեռակա կարգով» գնահատական «ստացած» ուսանողուհու մայրն էր: Ինչ վերաբերում է տիկին Մելիքյանին, հենց նա էր եղել ուսանողուհուց անմիջական քննություն ընդունողը, եւ նրա ստորագրությամբ էր գնահատականը նշանակվել, սակայն սկանդալն ավարտվեց նրանով, որ որոշ մասնագետներ ազատվեցին աշխատանքից, գործն էլ կարճվեց, իսկ պատգամավորի մայրն անմասն մնաց այդ ամենից:




Լրահոս