ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՊԱՐԶԻ
Կարծես թե սայլը տեղից շարժվում է: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը որոշել է դիմել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով` դատավոր Աիդա Հովհաննիսյանի հարցը քննարկելու եւ համապատասխան որոշում ընդունելու միջնորդությամբ: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ պարուսույց Նունե Մկրտչյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանին պարտքով գումար է տվել ու մինչ օրս չի կարողանում այն հետ ստանալ: Թեեւ դատավորի քույրը` Ադելինա Հովհաննիսյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրել էր, թե իր քույրը ոչ ոքի պարտք չէ, սակայն Նունե Մկրտչյանը լուրջ ապացույցներ ունի, որ դատավորն իրեն «քցել է»: Իսկ թե ինչ կպարզի քննությունը, կիմանանք առաջիկայում:
ԴԱՏԱՐԿ ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ՝ ԱԺ-ում 2014թ. ՀՀ պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ, մատնանշել է Հայաստանում ամենակոռումպացված ոլորտները. «Ընդհանուր առմամբ, պետք է նշեմ, որ կոռուպցիայի ընկալման ցուցանիշը, որը խիստ մտահոգում է մեզ եւ մեր քաղաքացիներին, առաջին հերթին դրսեւորվում է երկու ոլորտներում. դա առողջապահությունն է եւ կրթությունը: Եվ հենց այս երկու բնագավառներում էլ արձանագրում ենք, որ կոռուպցիայի ընկալման ցուցանիշի վատթարացում գոյություն ունի»: Չնայած ՀՀ վարչապետը մատնանշում է կոռումպացված կոնկրետ ոլորտները, սակայն դրանից հետո նա որեւէ հետեւություն չի անում ու չի պատժում կոնկրետ պատասխանատուներին` ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին ու ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Այնինչ տարրական տրամաբանությունը հուշում է, որ կոնկրետ ոլորտներ մատնանշելուց հետո պետք է հետեւեին նաեւ պաշտոնանկությունները կամ պատժի այլ իրավական ձեւեր:
ՇՌԱՅԼ ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
Արմեն Գեւորգյանի ղեկավարած տարածքային կառավարման նախարարությունը բավական շռայլ է ճաշկերույթների հարցում: Ու սա հասկանալի է, քանի որ այդ ճաշկերույթների գումարների համար նրանք վճարում են ոչ թե սեփական գրպանից, այլ ՀՀ պետական բյուջեի միջոցներից: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս նախարարությունը հունիսին մոտ 1 մլն դրամ է ծախսել «Հին Էրիվան» ռեստորանում ճաշկերույթի, 825 հազար դրամ էլ` «Վիկտորիա կոնցեռն» ՍՊԸ-ին պատկանող ռեստորանում ընթրիքի համար: Այս նախարարությունը 1 մլն 165 հազար դրամ էլ ծախսել է հունիսի 18-ին ու 19-ին Ազգային գրադարանում, այնուհետեւ` Մատենադարանում կազմակերպված միջոցառման ժամանակ սուրճի եւ ճաշի ընդմիջումների համար: Խոստովանենք` Արմեն Գեւորգյանի նախարարության հյուրասեր որակները ՀՀ քաղաքացիներիս գրպանի վրա բավական թանկ են նստել: