2011թ. մայիսի 6-ին սահմանամերձ Ոսկեպար մտնող հիմնական, ասֆալտապատ ճամփեզրի մի հատված` 10 մ երկարությամբ, սողանքից փլվել է, հողը լցվել է ճանապարհից ներքեւ գտնվող 72-ամյա Նարենգյուլ Հարությունյանի տան վրա: Ն. Հարությունյանը ճոպաններով ամրացնել է տվել հարեւանի՝ Լեւոն Գրիգորյանի տան մեծ դարպասը, որպեսզի այն չգլորվի իր տան վրա: Նարենգյուլի ամուսինը` Ռազմիկ Հարությունյանը, 5 տարի առաջ մահացել է թոքերի հիվանդությունից, որը, կնոջ խոսքով, առաջացել է տան խոնավությունից: Նրանք ամուսնացել են 50 տարի առաջ: Ադրբեջանի Ղազախ քաղաքում Ռազմիկը հմուտ արհեստավոր էր, կինն էլ կոնֆետի գործարանում արտադրամասի վարպետ էր: 1987թ. ընտանիքը Ղազախից տեղափոխվել է Ռազմիկի ծննդավայր՝ Ոսկեպար: Մինչ տեղափոխումը նրանք Ոսկեպարում տուն են կառուցել, սակայն տարիների ընթացքում սողանք է ի հայտ եկել:
«Երազում էինք հայրենիքում տուն սարքել, սակայն այն սողանքի տակ է»,-նեղսրտում է տիկին Նարենգյուլը: Նրա տան առաջին հարկը ամբողջությամբ հեղեղվել է ջրով, եղած ողջ սննդամթերքը փչացել է: Պատից պոկվել-ընկել են նաեւ վարագույրները, տան հատակը չի չորանում: Ավելի քան 2 տարի շարունակվող սողանքի, խոնավության պատճառով Նարենգյուլի տան հեռուստացույցը, փոշեծծիչը, երկու ձեռագործ գորգերը, հայելով պահարանը շարքից դուրս են եկել, փչացել: Ն. Հարությունյանը երկրորդ խմբի հաշմանդամ է, տեսողության հետ կապված լուրջ խնդիրներ ունի. նրա ձախ աչքը երկու անգամ վիրահատել են: Հաշմանդամ կինը տան խնդրով դիմել է Ոսկեպարի գյուղապետարան, Տավուշի մարզպետարան եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Տավուշի մարզային փրկարարական վարչություն: Եկել են, ուսումնասիրել: Մարզպետարանում այդ կապակցությամբ փոքր խորհրդակցություն է եղել, հարցը ներկայացվել է կառավարություն:
2011թ. հուլիսի 5-ին հաշմանդամ կինն իր տան վիճակը ներկայացրեց Ոսկեպար այցելած Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին: Վերջինս մեր ներկայությամբ եղավ սողանքի վայրում, ծանոթացավ Ն. Հարությունյանի տան վատթար վիճակին եւ խոստացավ աջակցել: Սակայն մինչ օրս մարզպետարանի միջոցով պետբյուջեից ընդամենը 200 հազար դրամ օգնություն է ցուցաբերվել: Տիկին Նարենգյուլն ասաց, որ այդ գումարը մաս-մաս է տրվել` որպես իր աչքը բուժելու ծախս: Նա 4 զավակ ունի, սակայն նրանք առանձին են ապրում, սոցիալապես վատ վիճակում են եւ չեն կարող օգնել: Իսկ սողանքը չի սպասում, տան կրած վնասները մեծանում են:
Օրերս էլ` հոկտեմբերի 25-ին, երբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը սահմանամերձ Ոսկեպարում մասնակցեց համայնքային կենտրոնի բացմանը, տիկին Նարենգյուլը ցանկացավ վարչապետին ներկայացնել իր տան խնդիրը, սակայն նրան թույլ չտվեցին: Նարենգյուլ Հարությունյանն ասաց, որ առանձնատանը կից շինությունները սողանքից քանդվել են եւ արդեն փակում են իր տան մուտքը:
Տավուշ