«ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ԼԱՎ ՏՈՒՆ ՉԿԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաղորդավար ԵՐՎԱՆԴ ՂԱՐԻԲՅԱՆԸ հետեւում է երկրի ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանում կատարվող իրադարձություններին: Քաղաքականությամբ ընդհանրապես չի զբաղվում, բայց եւ մտահոգված է` տեսնելով տարբեր խնդիրներ:   
-Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշմանն ինչպե՞ս եք վերաբերում:
-Քանի որ մենք ո՛չ Մաքսային միության պայմանագրի կետերը գիտենք, ո՛չ էլ Եվրամիության հետ  ասոցացման համաձայնագրի, դրա համար էլ շատ դժվար է ծանրութեթեւ անելը, հասկանալը` որն է լավ, որը` վատ: Ընդհանուր առմամբ համաշխարհային գլոբալ ուժերի պայքարի արդյունքում Հայաստանն իր տեղը պետք է որոնի եւ գտնի: Այդ առումով մենք բարդ իրավիճակի մեջ ենք, բայց ելնելով մեր ժողովորդի անցած ուղուց, ընդհանուր տրամադրությունից` կարծում եմ, որ մենք դեռեւս մնում ենք ռուսամետ կողմնորոշման պետություն եւ ժողովուրդ: Այդ առումով այդքան էլ սարսափելի չեմ տեսնում այս քայլերը, որ այսօր արվում են:
-Այսօր Հայաստանի թիվ մեկ խնդիրը շարունակվող արտագաղթն է, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս պետք է այն կասեցնել:
-Ինձ համար շատ ցավալի երեւույթ է: Մեր ազգի բնավորության գծերից մեկն է արտագաղթելը, ես չեմ մեղադրում այդ մարդկանց, որոնք գնում են, բայց ամբողջ սրտով ու հոգով դեմ եմ այդ երեւույթին: Լինում են դեպքեր, երբ դրսում հանդիպում ու խոսում եմ մեր հայության հետ, լավ է, որ մարդիկ կարողանում են էնտեղ ինչ-որ բան գտնել, բայց եկե՛ք համաձայնեք, որ գնացողների 10 տոկոսն է միայն, որ կարողանում է իրեն պահել, հաջողության հասնել, մնացած 90 տոկոսը սեւագործ աշխատանքների մեջ է: Եվրոպայում շատ ավելի վատ է վիճակը, հիմնականում գողություն են անում, ես դա ասում եմ ամենայն լրջությամբ, տեղյակ լինելով: Եվրոպայում հիմնավորվելը բարդ է` կապված այդ երկրների օրենսդրության հետ: Այլ բան է ԱՄՆ-ն, Ռուսաստանը, այնտեղ ավելի մեղմ է աշխատելու իրավունք ստանալը: Գուցե գնացողները չեն էլ պատկերացնում` ինչ է իրենց դրսում սպասվում:
-Իսկ Ձեզ մոտ մեկնելու ցանկություն չի՞ առաջանում:
-Երբ խորը նայես ամեն ինչին, գուցե նման ցանկություն առաջանա, բայց տարբեր երկրներում տեսնելով` ինչն ինչպես է, դու քեզ հարց ես տալիս` որ ես գնամ, ի՞նչ պետք է անեմ, ես ո՞վ եմ Եվրոպայում, ԱՄՆ-ում կամ այլ տեղ: Ես Հայաստանում եմ, ինձ այստեղ են ճանաչում:
-Կարելի՞ է ենթադրել, որ գոհ եք Ձեր ապրուստից:
-Ո՛չ, բացարձակապես գոհ չեմ, բայց դա չի նշանակում, որ պետք է գնամ, դրսում ապրեմ: Մարդ իր հայրենիքում պետք է ապրի, ու դրանից լավ տուն չկա: Ես իմ քաղաքում ինձ հարազատ եմ զգում` չնայած, որ այսօր կենտրոնում մեքենա քշել հնարավոր չէ, էլի հազար ու մի բաներ կան, որոնց վրա բարկանում եմ:
-Մեքենաներից խոսեցիք. Հայաստանից բացի` էլ ո՞ր երկրում եք այսքան շատ շքեղ մեքենա տեսել: Եվ դա` հաշվի առնելով մեր երկրի տնտեսական աղետալի վիճակը:
-Մենք ունենք ցուցամոլության ազգային առանձնահատկություն, ցանկանում ենք ցույց տալ այն, ինչ մենք իրականում չկանք: Մեքենաները դրսից դզում-փչում են, պատուհանները մգացնում, իմիջ են ստեղծում: Ընդհանրապես, մեքենաները շատացել են, քաղաքը չի հասցնում: Մեր փողոցները գծագրվել են շատ վաղուց` առանց հաշվի առնելու այս մեծ հոսքը: Քաղաքի կենտրոնը պետք է թեթեւացնել տրանսպորտի երթեւեկությունից: Մի քանի տարուց կենտրոն կարելի է ոտքով գալ, որովհետեւ այն արդեն պերմանենտ խցանման մեջ է: Պետք է միջոցներ ձեռնարկել, ինչպես, օրինակ, դրսում են անում` մի օր իրավունք ունեն կենտրոն մտնել կենտ համարով վերջացող մեքենաները, մյուս օրը` զույգ:
-Մեքենան խոսո՞ւմ է տիրոջ մասին:
-Եթե մեքենայի տերը գիտակցված ընտրություն է արել, իհարկե խոսում է, բայց եթե ուրիշներին ցույց տալու համար է դա գնել…
-Դուք ի՞նչ մեքենա եք վարում:
-«Ինֆինիտի» մակնիշի, սպորտային կռոսովեր է:
-Որքանո՞վ են մեր վարորդները կարգապահ:
-Հիմա շատ ավելի, քան տարիներ առաջ: Կարգապահության առումով առաջընթաց կա նաեւ ճանապարհային ոստիկանության մոտ, իզուր տեղը մարդկանց չեն կանգնեցնում, որոշակի քաղաքակիրթ կանոններով են շարժվում:
-Ի՞նչ կասեք կին վարորդների մասին:
-Ես չեմ դժգոհում, ողջունում եմ, որ կին վարորդներ կան, ի դեպ, կանայք մի քիչ ավելի կարգապահ են:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս