ՀԱՂԹԵՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին երկու շաբաթվա ընթացքում հատկապես գրականության եւ երաժշտության հետ այս կամ այն կերպ առնչվող մարդկանց ուշադրության կենտրոնում երկու ստեղծագործական միություններում տեղի ունեցող իրադարձություններն էին։
Հանկարծամահ եղած Լեւոն Անանյանի փոխարեն հոկտեմբերի 20-ին ընտրվեց Հայաստանի գրողների միության նոր նախագահ։ Այդ աթոռն այսուհետ կզբաղեցնի Էդվարդ Միլիտոնյանը։ Գրողների միությունում տեղի ունեցած իրադարձություններին «Ժողովուրդ»-ն արդեն անդրադարձել է, իսկ այսօր մի փոքր կխոսենք Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունում (ՀԿԵՄ) տեղի ունեցածի մասին։ Կոմպոզիտորները, ինչպես նրանցից մեկը նշեց, բաժանվել էին երկու մասի՝ իշխանություն եւ ընդդիմություն։ Իշխանությունը ներկայացնում էր գործող նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, իսկ ընդդիմությունը՝ կոմպոզիտոր Արամ Սաթյանը։ Ընդ որում, համագումարն սկսվեց «Արամ Խաչատրյան» համերգասրահում, որտեղ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի ելույթից հետո սկսվեցին քննարկումները։ Ռ. Ամիրխանյանն այսպես հիմնավորեց համերգի անհրաժեշտությունը. «Կոմպոզիտորների միության դահլիճն ունի ընդամենը 130 տեղ, այսքան մարդ ինչպե՞ս տեղավորվի… Բացի այդ` միությունը գաղտնի կազմակերպություն չէ, թաքցնելու ոչինչ չունի, եւ մեր մեծերի երաժշտությամբ հիշեցնում ենք՝ որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում, ինչ լույս ենք պահպանում…»։
Համագումարը շարունակվեց կոմպոզիտորների միության շենքում։ Մանրամասներին չանդրադառնալով` առանձնացնենք  մի քանի կարծիք։ Երաժշտագետ Սվետլանա Ավագյանը մասնավորապես նշեց, որ ՀԿԵՄ նախագահը ոչ թե ղեկավարել, այլ իշխել է միությունում, իսկ կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանը միությունն անվանեց «Ամիրխանյանի երկրպագուների ակումբ»: Կոմպոզիտոր Վարդան Աճեմյանն էլ շեշտեց. «Երաժշտության բնագավառում անճաշակությունն ահավոր չափերի է հասել, իսկ միությունում սեկցիաները չեն գործում, միության կազմակերպած որոշ համերգների ներկա լինելով՝ ուրախանում էի, որ դրսից մարդիկ չկան… Եթե այսպես շարունակվի, կկորցնենք ազգային կոմպոզիտորական դպրոցը»…
Իհարկե, եղան նաեւ ՀԿԵՄ նախագահին պաշտպանող ելույթներ, բայց, ի վերջո, ամեն ինչ վճռեց քվեարկությունը, եւ երկու ձայնի առավելությամբ հաղթեց ընդդիմությունը՝ ի դեմս միության նոր նախագահ կոմպոզիտոր Արամ Սաթյանի։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս