«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ի՞նչ վիրավորների մասին է խոսքը, որոնց փրկելու համար այդքան մտահոգվել էր ոստիկանությունը: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել «Շտապօգնության» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանից: Նրա տեղեկացմամբ՝ հուլիսի 27-ի առավոտյան՝ ժամը 9:30-ին, կանչ են ստացել, որ գնդի ներսում կա երկու վիրավոր. «10:00-ի շրջակայքում մենք հայտարարեցինք, որ օգնություն կցուցաբերենք չեզոք գոտում, իսկ մինչ այդ 24 ժամ հերթապահում էինք գնդի տարածքում, ինչը դժվար էր: Ինչեւէ, կանչը ստացանք, մեր բժիշկները` մեկը բուժքույրի հետ, մյուսը՝ բուժակի հետ, պատգարակներով, առանց դեղորայքի արկղի, մտան գնդի տարածք: Իսկ ինչու միայն պատգարակով, քանի որ չէին պատրաստվում ներսում մնալ:
Ընդամենը վիրավորներին պետք է դուրս հանեին, սակայն թույլ չտվեցին տարածքից հանել: Երբ ես խոսում էին բժշկի հետ, մեկը, չգիտեմ ով, վերցրեց հեռախոսը եւ ասաց, թե ձեր բժիշկները դուրս չեն գալու տարածքից մինչեւ առողջապահության նախարարը չկազմակերպի այս տարածքում այդ հիվանդներին վիրահատելու հնարավորությունը: Ու երբ անձամբ նախարարը կգա, այդ ժամանակ նոր բժիշկները դուրս կգան տարածքից: Մեր աշխատակիցները ներկա պահին այնտեղ ոչ մի աշխատանք չեն կատարում, քանի որ դեղորայք, սարքավորում, այլ միջոցներ չունեն՝ բացի պատգարակից»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: