ՀԱՐՑ. Ամուսնալուծության պետական գրանցման համար կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Բադալյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացվում են՝
1. անձը հաստատող փաստաթուղթ,
2. ամուսնության վկայական (առկայության դեպքում),
3. ամուսինների համատեղ դիմումը՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում ամուսինների միջեւ փոխադարձ համաձայնության առկայությամբ ամուսնալուծություն կատարելու համար,
4. ամուսիններից մեկի դիմումը, եթե մյուսը դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ կամ դատապարտվել է ազատազրկման երեք տարուց ոչ պակաս ժամկետով,
5. ամուսինների դիմումը եւ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ դատական կարգով ամուսնալուծություն կատարելու դեպքում:
Վերը նշված դիմումների ձեւանմուշները կարող եք ձեռք բերել ՀՀ արդարադատության նախարարության կայքից՝ www.moj.am հասցեով կամ ՔԿԱԳ մարմնից:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` այս տարվա 9 ամիսներին ՀՀ-ում գրանցվել է 13.828 ամուսնություն, յուրաքանչյուր հազար բնակչից ամուսնացել է ընդամենը 5-6 զույգ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ամուսնության դեպքերը նվազել են, փոխարենը 3.1%-ով աճել է ամուսնալուծությունների թիվը: Ինչպես տեսնում ենք, վիճակագրությունն առավել քան տխուր պատկեր է ներկայացնում: