«ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ»-Ը ԲԱՐԿԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության վերնախավն ապրիլի երկուսին գյուղապետարանի շենքի դիմաց սպանված Պռոշյանի գյուղապետի հարազատների հետ միասին երեկ երթ իրականացրեց՝ սպանության արագ բացահայտման պահանջով հասնելով մինչեւ Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր՝ նամակ հանձնելով անձամբ Սերժ Սարգսյանին: Դատելով դաշնակցականների ներկայացուցչական միջոցառման լրջությունից՝ ավանդական կուսակցության անդամները հիմնավոր կասկածներ ունեն, որ Հրաչ Մուրադյանը սպանվել է քաղաքական դրդապատճառներով: Երեկ էլ սպանված գյուղապետի եղբորորդին՝ Հակոբ Մուրադյանը, հայտարարել էր, որ իր հորեղբոր սպանության «կնքահայրը» Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն է:
Այն, որ Ս. Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ականների թիմը հեռու չէ հարցերն արյամբ կարգավորելուց, վաղուց հայտնի իրողություն է, սակայն ուշագրավն այստեղ այն է, որ ՀՅԴ-ականները մեկ էլ հայ-թուրքական հակահայ արձանագրությունների նախաստորագրումից հետո այսպիսի աղմուկով երթ արեցին: Նշանակում է՝ Մուրադյանի սպանության բացահայտման հարցը դաշնակցականների համար իսկապես սկզբունքային է: Թեեւ վատ չէր լինի, եթե այդ կուսակցության ներկայացուցիչները նույնպիսի սկզբունքայնությամբ պայքարեին նաեւ 2001-ի սեպտեմբերի 24-ին «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած անզգույշ քաշքշուկի հետեւանքով մահացած Պողոս Պողոսյանի դեպքում: Հիշեցնենք, որ «պրիվետ, Ռո՛բ» արտահայտության համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահը զուգարանում ծեծելով սպանեց դաշնակցական Պողոս Պողոսյանին:




Լրահոս