ՄԵԿ Է` ԿԹԱՆԿԱՑՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ մայրաքաղաքի հանրային տրանսպորտի սակագնի հարցերի ուսումնասիրմամբ զբաղվող հանձնաժողովը շարունակում է իր աշխատանքները, իսկ Երեւանի քաղաքապետարանի պատասխանատուներն էլ ամեն առիթով շեշտում են, որ խնդրի շուրջ ընթանում են թափանցիկ քննարկումներ` հաշվի առնելով հնչեցվող բոլոր փաստարկները, արդեն իսկ պարզ է, որ այդ հանձնաժողովն ի վերջո կատարելու է տրանսպորտի սակագնի թանկացման մասին Տարոն Մարգարյանի որոշման լեգիտիմությունն ապահովող շղարշի դեր: Երեկ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը մոտ մեկ ամսից կավարտի աշխատանքները, եւ տրանսպորտի սակագինը հաստատ կբարձրանա: «Ո՞վ է ասել, որ տրանսպորտի գինը չպետք է թանկանա»,-իր հեղինակավոր տարակուսանքն է հայտնել ողջ կյանքը ծառայողական մեքենաներով շրջող պաշտոնյան` ընդգծելով, որ թանկացման դեպքում պետք է վերանայվեն սպասարկման որակը, երթուղային ցանցերը, մեքենաների կահավորանքը, ուղեւորներին ժամանակին սպասարկելու եւ չվացուցակի հետ կապված հարցերը. «Քանի որ սա է հանրային պահանջը»: Բնականաբար, բոլոր ժամանակների փոխքաղաքապետին դժվար է հասկացնել, որ հանրային պահանջը նախ եւ առաջ մատչելի հանրային տրանսպորտ ունենալն է, իսկ մնացած խնդիրները` կապված չվացուցակների, լեփ-լեցուն երթուղայինների եւ ավտոպարկի թարմացման հետ` ցանկության դեպքում շատ հանգիստ կարելի է լուծել, այնպես, ինչպես ժամանակին մի կարճ շրջան արեց Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Իսկ ահա ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը վճռական է տրամադրված սեփական բիզնեսի բարգավաճումն ապահովելու հարցում, եւ արդեն իսկ գրեթե կասկածից դուրս է, որ Ամանորից առաջ քաղաքային իշխանությունները երեւանցիներին «հաճելի նվեր» կմատուցեն` այնուամենայնիվ թանկացնելով տրանսպորտի սակագինը: Արդեն իսկ խոսվում է 200, անգամ 250 դրամի մասին` ըստ ամենայնի, որպեսզի սահմանվելիք 150 դրամը երեւանցիների կողմից ընդունվի որպես չարյաց փոքրագույն: Սակայն արդյոք դա տեղի կունենա, արդյոք հասարակության ակտիվ հատվածը կրկին չի ընդվզի, ինչպես նախորդ անգամ: Այս հարցի պատասխանը, վստահաբար, քաղաքային իշխանություններն ունեն: Ու սակագնի թանկացման որոշման հետողորմյան, թերեւս, արված էր նաեւ որոշակի հաշվարկների հիման վրա. ակտիվիստների պայքարի արդյունքում նախ` գազի թանկացման հետ կապված համապետական սոցիալական բունտի վտանգը վերջնականապես չեզոքացվեց, բացի այդ՝ հասարակական դժգոհության թեյնիկից զգալի գոլորշի բաց թողնվեց, ապա եւ`  հասարակության ուշադրությունը շեղվեց սպասվելիք կարեւորագույն, ճակատագրական գործընթացներից` կապված Մաքսային միությանն անդամակցելու հետ: Այնպես որ, առաջադրված բոլոր խնդիրները լուծված են, եղանակներն էլ առաջիկայում կցրտեն, ուստի կարելի է հանգիստ կրկին գործարկել «վճարի՛ր 100 դրամ» շարժումը: Մի թեթեւ, իհարկե:
Հ.Գ. Սպասենք հեռուստատեսային «աստղերի եւ աստղիկների» քաղաքացիական ըմբոստության նոր ալիքին:




Լրահոս