ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՎ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրանում է հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա «Սասնա ծռեր» ջոկատի հարձակման հինգերորդ օրը, բայց իրավիճակի հանգուցալուծումը դեռ չի ուրվագծվում: Ավելին՝ երեկ երեկոյան մայրաքաղաքում, մասնավորապես Սարի թաղում, Խորենացի փողոցում եւ Տիգրան մեծի պողոտայում իրավիճակն էլ ավելի լարվեց:

Հիշեցնենք, որ զինված խմբի անդամները երկու հիմնական պահանջով են հանդես եկել՝ Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակում ու Սերժ Սարգսյանի հրաժարական:
Ի վերջո, ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ինչպիսի լուծում կարող ենք ակնկալել. այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանի հետ:
-Տիկի՛ն Վարդանյան, հուլիսի 17-ին սկսած զարգացումներն ինչի՞ արդյունք են: Ինչպե՞ս եւ ինչո՞ւ դա տեղի ունեցավ:
-Ամեն ինչը այնպես չի, որ հրատապ սկսվեց: Ամեն ինչը սկսվել է այն պատճառով, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական գործընթացներով որեւէ խնդրի լուծում տալ հնարավոր չի լինում: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ իշխանություններն օգտագործում են միայն նեղ շրջանակների համար, որ ընտրություններով հնարավոր չէ իշխանություն փոխել եւ, բնականաբար, այս ամենի արդյունքում ստեղծված մթնոլորտը, ստեղծված իրավիճակն է, որ բերեց այսպիսի հանգուցալուծման:
-Արդեն հինգ օր է, ինչ մայրաքաղաք Երեւանում շարունակվում է այս լարված իրավիճակը: Դուք ինչպե՞ս եք տեսնում հանգուցալուծումը:
-Ես կարծում եմ, որ հանգուցալուծումը պետք է միայն խաղաղ ճանապարհով լինի, այսինքն՝ պետք է բացառվի ուժի որեւէ գործադրում, եւ, բնականաբար, պետք է օգտագործվեն բոլոր հնարավոր միջոցները, խողովակները, որպեսզի երկուստեք խաղաղ ճանապարհով լուծում գտնվի:
-Տիկի՛ն Վարդանյան, Ձեր կարծիքով իշխանությունը կբավարարի՞ զինված խմբի պահանջները, մասնավորապես Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը:
-Ես, անկեղծ ասած, չեմ կարող ենթադրություններ անել, թե իշխանությունը ինչպիսի լուծման պետք է գնա, բայց միանշանակ պետք է կոչ անենք, որպեսզի իշխանությունը զերծ մնա ուժի կիրառումից, որպեսզի արյունահեղության հիմք, պատճառ չհանդիսանան իշխանության գործողությունները:
-Բայց արդեն իսկ քաղաքացիների շրջանում է լարվածությունը մեծանում, եւ հետզհետե էսկալացիայի միտումներն ավելի տեսանելի են դառնում: Ըստ Ձեզ՝ այս իրավիճակը մոտ օրերս կկարգավորվի՞:
-Գիտեք, ես կարծում եմ՝ այո՛: Չի կարող այս իրավիճակը հավերժ շարունակվել: Այսինքն՝ պետք է, բնականաբար, լուծման ելքեր գտնվեն: Եւ, բնականաբար, լուծման ելքերը պետք է լինեն բանակցային արդյունքում ձեռք բերված ելքեր: Մյուս կողմից՝ նաեւ ոստիկանության աշխատակիցները պետք է զերծ մնան լրացուցիչ բռնություն գործադրելու միջոցով հրահրումներ եւ լարվածություն մտցնելուց:
-Տիկի՛ն Վարդանյան, Դուք լինելով ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ինչպե՞ս եք գնահատում ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ տեղի ունեցած վերջին բախումները, ինչի արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ բերման ենթարկվեցին:
-Ճիշտ է, բազմաթիվ քաղաքացիներ բերման ենթարկվեցին ոստիկանության բաժիններ, ինչը, իհարկե, մարդու իրավունքների խստագույն խախտումներ են: Ես ինքս անընդհատ կապի մեջ էի ե՛ւ ոստիկանության, ե՛ւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ, եւ մինչեւ ուշ գիշեր բոլոր ակտիվիստները ազատ էին արձակված: Ես կոչով դիմեցի եւ օգտվելով առիթից, քանի որ չեմ բացառում, որ այդպիսի գործողություններ կարող են կրկնվել, եւս մեկ անգամ զսպվածության կոչ եմ անում: Որովհետեւ լրացուցիչ ազդակները, որոնք կարող են լարվածություն առաջացնել, իրավիճակի լուծմանը միանշանակ չեն նպաստելու, այլ հակառակը՝ ավելի խորացնելու են առանց այն էլ լարված մթնոլորտը:

 

 

 
ԲԱԽՈՒՄ, ԱՐՑՈՒՆՔԱԲԵՐ ԳԱԶ, ՎԻՐԱՎՈՐՆԵՐ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՓՈՂՈՑՈՒՄ

Ինչպես նախորդ օրերին, երեկ եւս Երեւանում իրավիճակը լարված էր: Հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին Խորենացու փողոցում` իրենց աջակցությունը հայտնելու «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրավվել է «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների կողմից, որոնք պահանջում են ազատել իրենց մարտական ընկերոջը` Ժիրայր Սէֆիլյանին, ինչպես նաեւ նպատակ ունեն հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին:
Երեկ Խորենացի փողոցում երեկոյան ժամերից սկսած ոստիկանական ուժերի ակտիվություն էր նկատվում: Քաղաքացիների հիմնական մտահոգությունն այն էր, որ սնունդ փոխանցվի «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին եւ ներսում գտնվող ոստիկանության ներկայացուցիչներին:
Վերջիններս տարբեր տեղերից սնունդ էին բերել եւ ցանկանում էին ներս ուղարկել, սակայն ոստիկանները չթույլատրեցին: «Սպասում ենք պատասխանի, դրական չեղավ, գործողություն ենք իրականացնելու»,-հայտարարեցին ցուցարարները:
Անցավ բավականին երկար ժամանակ, բայց այդպես էլ ոստիկանները ո՛չ դրական, ո՛չ բացասական պատասխան չտվեցին:
Այնտեղ գտնվող ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս պահին հնարավոր չէ սնունդը փոխանցել` շեշտելով, որ տղաներն այն սնունդը, որը ոստիկանությունն է տանում, չեն օգտագործում: Բացի այդ՝ վերջինս հայտարարեց, որ ինքը պայմանավորվածություն է ձեռք բերել Վարուժան Ավետիսյանի հետ, որ իր իմացած տեղից սնունդ է ձեռք բերելու եւ անձամբ փոխանցելու իրենց: «Մինչեւ ինքս գնումներ չանեմ, նման պատասխանատվություն չեմ վերցնի ինձ վրա»,- ընդգծեց նա:
Քիչ հետո իրավիճակը կրկին լարվեց, քանի որ ոստիկանների կողմից այդպես էլ չլսելով «Սասնա ծռեր» զինված խմբին սնունդ փոխանցելու մասին որոշումը՝ քաղաքացիները սկսեցին պլաստմասե շշեր եւ քարեր նետել ոստիկանների ուղղությամբ: Վերջիններս սկսեցին աղմկարար նռնակներ, գազային պայթուցիկներ նետել, հատուկ միջոցներ կիրառել՝ ցուցարարներին ցրելու համար, ինչի հետեւանքով մի շարք քաղաքացիներ եւ ոստիկաններ վիրավորվեցին: Այս իրավիճակը շարունակվեց մինչեւ ուշ գիշեր:
Նշենք, որ լարված իրավիճակ էր նաեւ Սարի թաղում, որտեղ բերման էին ենթարկում մի շարք քաղաքացիների:
Հ.Գ. Ժամը 01:00-ի սահմաններում բախումը վերսկսվեց: Ցուցարարների փոխանցմամբ` պատճառը քաղաքացիներից մեկին բերման ենթարկելու փորձն էր: Արդյունքում կողմերն իրար ուղղությամբ քարեր նետեցին: Նիկոլ Փաշինյանի եւ հոգեւորականների հորդորներից հետո միայն հանդարտվեցին:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ
ՀՀ կառավարությունն առաջիկայում ավելի քան 36 մլն դրամ կտրամադրի՝ երկու վարկային պայմանագրերի իրականացման արդյունքում առաջացող հարկային պարտավորությունները մարելու համար: Ինչպես հայտնի է՝ անցած տարի մայիսի 11-ին, դեկտեմբերի 11-ին ՀՀ-ի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ կնքվել է «Երեւանի քաղաքային լուսավորության ծրագրի» եւ «Երեւանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի» ֆինանսավորման վարկային համաձայնագրերը: Նշենք, որ խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրերը կնքվել են Երեւանի քաղաքապետարանի եւ «Գրանթ Թորնթոն», «ՋիԷմՍիԷս-Պրահա» կազմակերպությունների միջեւ՝ դրամաշնորհային միջոցների շրջանակներում: Հայաստանի կառավարությունը պարտավորվել է, որ ծրագրի իրականացման արդյունքում առաջացող հարկային պարտավորությունն ինքն է վճարելու:

 

 

ԵՐԿԱՐԱՁԳԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 2015 թվականի նոյեմբերի 25-ի Նոր Նորքում վնասազերծված հանցավոր խմբի քրեական գործով նոր տեղաշարժ է եղել: Հուլիսի 10-ից 15-ը այս քրեական գործով նոր քննչական գործողություններ են տեղի ունեցել, որոնց արդյունքում իրավապահները պետք է գործով անցնող մեղադրյալների վերաբերյալ որոշումներ կայացնեն: Սակայն հուլիսի 17-ին տեղի ունեցած իրադարձությունները խանգարել են գործընթացին, ինչի արդյունքում ԱԱԾ քննիչները միջնորդություն են ներկայացրել դատարան, եւ գործով անցնող որոշ անձանց խափանման միջոցը երկարաձգվել է եւս երկու ամսով: Ասել է, թե այս գործով անցնող մեղադրյալները կշարունակեն մնալ կալանքի տակ: Հիշեցնենք, որ խումբը ԱԱԾ-ի կողմից վնասազերծվել էր Նորք-Մարաշ վարչական շրջանի առանձնատներից մեկում: Խմբի ղեկավարը «Հայոց Վահան» անվամբ կազմակերպության հիմնադիր Արթուր Վարդանյանն է:

 

 

ՓՈԽԶԻՋՈՒՄ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, Ախալքալաքի նախկին ոստիկանապետ Սամվել Պետրոսյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ըստ իրեն՝ Երեւանում հուլիսի 17-ից սկսած իրադարձություններն ինչպես կարելի է հանգուցալուծել: «Այն իրավիճակը, որն այսօր ստեղծվում է Հայաստանում, շատ բացասական գնահատական եմ տալիս: Դա սազական բան չէ, հայերիս համար շատ վատ բան է: Ես կընդունեի, եթե նստեին կլոր սեղանի շուրջ, խոսեին, բանակցություն վարեին: Տեղի է ունեցել սպանություն, մահացել է ոստիկան գնդապետ, մարդը, ով նախկինում գնացել է Ղարաբաղ, պաշտպանել է մեր Հայոց հողը: Ես ծանր եմ տանում: Ինձ թվում է՝ կգա մի պահ, բոլորը կհասկանան, որ պետք է փոխզիջումներ լինեն: Եթե ուզում ենք, որ Հայաստանը ապրի օրենքի սահմաններում, ամեն ինչը պետք է օրինական արվի»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց Սամվել Պետրոսյանը:




Լրահոս