ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆՔ ՑՈՒՑՄՈՒՆՔ ԵՆ ՏԱԼԻՍ ԻՐԱՐ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մի շարք պաշտոնյաները կհայտնվեն մեղադրյալի աթոռին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հարցաքննվում են ՔԿՀ-ի մի շարք պաշտոնյաներ, որոնք ՔԿՀ-ի ներքին խոհանոցի մասին ուշագրավ մանրամասներ են պատմում:

Նախ պաշտոնապես
Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող հիշյալ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Մասնավորապես պաշտոնատար անձի թողտվությամբ քրեակատարողական հիմնարկի սենյակներում կենտրոնացել է տարբեր քաղաքացիների կողմից որպես օգնություն փոխանցված եւ դեռեւս չպարզված հանգամանքներում քրեակատարողական հիմնարկի տարածք մուտք եղած տարբեր քանակի եւ տեսակի սննդամթերք եւ այլ իրեր, այդ թվում` արգելված:

«Զոն նայողներ»-ն ու «գրեֆ»-ը
Այս տարվա մայիսի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում աղմուկ էր բարձրացել: Մեզ հետ զրույցում դատապարտյալները պահանջում էին իրենց հասանելիք սնունդը. «ՔԿՀ-ի զոն նայողները պետք է ուղարկված սնունդը «գրեֆ անեն» կամ, այսպես ասած, օգնություն տան դատապարտյալներին եւ կալանավորներին, սակայն ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցները «զապրետ են դրել» այդ սնունդի վրա եւ չեն թողնում, որ ուտելիքը հասնի դատապարտյալներին: Դրա համար մենք էլ՝ ՔԿՀ-ի դատապարտյալներս ու կալանավորներս, աղմուկ ենք բարձրացրել եւ թույլ չենք տալիս, որ զապրետ դնեն այդ սնունդի վրա: Դա պատճառ դարձավ, որ կարանտինում գտնվող դատապարտյալները կամ կալանավորները անկողնային պարագաները այրեն եւ դուրս քցեն, ահավոր վիճակ էր»:
Այնուհետեւ ՔԿՀ-ում ստուգումներ սկսվեցին, որից հետո լուրջ չարաշահումներ բացահայտվեցին: Այդ փաստերի առթիվ քրեական գործ հարուցվեց ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով` պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով, որից հետո «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Ռուբիկ Ստեփանյանի լիազորությունները դադարեցվեցին:

Պետը հարցաքննվել է
Աղմկալի գործով քննությունը արդեն երկու ամիս է, ինչ ՀՔԾ-ում շարունակվում է, որի ընթացքից «Ժողովուրդ»-ին որոշ մանրամասներ հայտնի դարձան: Ու թեեւ պաշտոնական տեղեկություններով մեղադրանք է ներկայացվել ընդամենը 1 հոգու, այնուամենայնիվ, մեր աղբյուների փոխանցմամբ, քննչական գործողությունների արդյունքում մեղադրյալի աթոռին կհայտնվեն ՔԿՀ մի շարք այլ պաշտոնյաներ: Սակայն այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ այս օրերին ՀՔԾ են հրավիրվում մի շարք պաշտոնատար անձինք, որոնք իրավապահներին պատմում են ՔԿՀ-ի ներքին խոհանոցում առկա իրավիճակի մասին եւ, ամենայն հավանականությամբ, ցուցմունք տալիս մեկը մյուսի դեմ:
Հավանաբար ՔԿՀ պաշտոնյաները պատմել են, թե ինչպես են արգելված սնունդը ներս տանում, ինչ պայմանավորվածություններով եւ այլն: Ու այդպես ՔԿՀ-ի ներսում աղմկալի բացահայտումների կծիկը գնալով բացվում է:
Այսքանով իրավիճակը չի ավարտվում: Մեզ տեղեկություններ հասան, որ ՔԿՀ-ի աշխատակիցների ցուցմունքի հիման վրա, ինչպես նաեւ հարուցված քրեական գործով, հարցաքննվել է «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետ Ռուբիկ Ստեփանյանը եւ իր բացատրությունը տվել իրավապահների ձեռքում գտնվող տեղեկությունների մասով: Չի բացառվում, որ մեղադրյալների թվում կլինի նաեւ ՔԿՀ նախկին պետ Ռուբիկ Ստեփանյանը, որը ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի բարեկամն է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
Երեկ ՀՀ ոստիկանության մամուլի սրահում ասուլիս էին հրավիրել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրոհած «Սասնա ծռեր» խմբի անդամ Էդգար Սողոմոնյանի հայրը` Մերուժան Սողոմոնյանը եւ Գառնիկ Հովակիմյանի մայրը` Մարինե Պապիկյանը: Ինչպես ներկայացվեց՝ նրանք դիմել էին ոստիկանություն՝ խնդրելով լրատվամիջոցների հետ հանդիպում կազմակերպել, որպեսզի իրենք կարողանան դիմել խմբի ղեկավարներին՝ իրենց երեխաներին ազատ արձակելու համար: Էդգար Սողոմոնյանի հայրը՝ Մերուժան Սողոմոնյանը, պնդում էր, որ իր երեխան նախկինում կապ չի ունեցել «Սասնա ծռեր» խմբավորման հետ, տնից դուրս գալիս ոչ մի տարօրինակ բան չի նկատել, միայն հետո է իմացել, որ Սպիտակից 6 երիտասարդ եկել է Երեւան՝ ինչ-որ ցույցի մասնակցելու նպատակով եւ հայտնվել զինված խմբի կազմում: Նրա փոխանցմամբ՝ որդին Ռուսաստանից՝ Սամարայից, Հայաստան է վերադարձել հուլիսի 13-ին, իսկ հուլիսի 16-ին ասել է, թե գնում է հանրահավաքի, սակայն չի վերադարձել տուն: Հետո իրենք պարզել են, որ հայտնվել է զինյալների խմբում:
Գառնիկ Հովակիմյանի մայրը` Մարինե Պապիկյանը եւս պնդում էր, որ իր որդին ՊՊԾ գնդի տարածքում է: Նրա տեղեկացմամբ՝ Գառնիկը 26 տարեկան է, բնակվում է Ռուսաստանում՝ Ռոստովում, որտեղ ունի ընտանիք: Հայաստան է եկել անձնագրային հարցերը կարգավորելու համար. անձնագիրը պետք է ստանար հուլիսի 21-ին, իսկ 24-ին մեկներ Ռոստով: Մարինե Պապիկյանի պնդմամբ՝ հուլիսի 17-ին որդին դուրս է եկել տնից, ինչից հետո որդու հետ վերջին հաղորդակցությունը եղել է հեռախոսով, որի ժամանակ նա ասել է, որ գտնվում են ինչ-որ շենքի տարածքում:
Ասուլիսի ընթացքում արդեն ArmLur.am-ը անմիջապես կապ հաստատեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հետ: Ե՛ւ Էդգար Սողոմոնյանը, ե՛ւ Գառնիկ Պողոսյանը հայտնեցին, որ ստիպողական բան չի եղել, իրենք իրենց կամքով են գնացել ՊՊԾ գունդը գրոհելու:
Ավելի ուշ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Վարդանյանի որդու՝ Պարույր Վարդանյանի հետ, որը պատմեց. «Հուլիսի 16-ին որեւէ արտառոց բան չենք նկատել, միայն հուլիսի 17-ին արթնացանք եւ տեսանք, որ մեր մեքենան չկա, իսկ ավելի ուշ իմացանք, որ այն գտնվում է հորս մոտ, եւ հայրս այդ մեքենայով գնացել է ՊՊԾ գունդ: Դեպքից հետո մեր տանը խուզարկություն իրականացրեցին, որեւէ բան չեն հայտնաբերել, հիմա սպասում են, հուսանք, որ այս ամենը խաղաղ ճանապարհով կլուծվի, եւ արյունահեղություն չի լինի»:

Ք. Մ.

 

 

 

ԿՄԵԿՆԻ
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը մեկնել է Գերմանիա, որտեղ նախապատրաստական վարժանքներ անցնելուց հետո հայ խաղաղապահները կտեղափոխվեն Աֆղանստան՝ իրականացնելու խաղաղարար առաքելություն։ Մեկնումից առաջ հայ խաղաղապահների զորախմբին ողջունել է խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը՝ զինծառայողներին հորդորելով պատվով կատարել ստանձնած առաքելությունն ու հավատարիմ մնալ ՀՀ զինված ուժերում ձեւավորված ավանդույթներին: Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող առաքելություններին Հայաստանը մասնակցում է 2010 թվականից:

 

 
ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ԵՆ
Երաժիշտ Արտավազդ Բայաթյանը կտրականապես դեմ է, որ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներին ահաբեկիչ անվանեն: Ըստ նրա՝ խմբի անդամները կռվող, հայրենասեր տղաներ են: «Բոլորս էլ երեւի զգում էինք եւ սպասում, որ այսպես չի կարող շարունակվել, եւ դրա վերջակետը եղան ապրիլյան իրադարձությունները, որովհետեւ մենք հասկանում էինք, որ ամեն ինչ գողանում, կողոպտում են, արդարությունը բռնաբարված է: Ապրիլի 1-ին մենք հասկացանք, որ բանից պարզվում է՝ բանակն էլ է այդ վիճակում: Եվ դա մեզ համար արդեն մի մեծ ահազանգ էր»,- ասել է նա՝ նշելով, որ այդ տղաները նման քայլի գնացել են, քանի որ ուզում են լավ, իրավական երկրում ապրել: «Եթե բռնանում են եւ սպանում արդարությունը, ժողովուրդն իրավունք ունի ցանկացած ճանապարհով վերականգնել արդարությունը: Այստեղ ուրիշ ոչ մի խնդիր չկա»,- կարծիք է հայտնել նա: Իսկ երաժիշտ Եղիշե Պետրոսյանի խոսքով՝ թե՛ խմբի անդամները, թե՛ իշխանությունը վճռական են տրամադրված, բայց պետք է փոխզիջման գնալ. «Իշխանությունը պետք է անպայման ընդառաջ գնա հասարակությանը, գտնեն կոմպրոմիս՝ հետագա արյունահեղությունը դադարեցնելու համար»:

 

 

ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ ԵՆ
Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբին աջակցելու մեղադրանքով երեկ 2 ամսով կալանավորվել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Խաչատուր Գիչյանը։ Նրա փաստաբան Տիգրան Սարգսյանը Araratnews.am-ին ասել է. «Նրան մեղադրում են խմբի անդամներին օժանդակելու մեջ, այսինքն՝ այդ ՊՊԾ գունդը, որ գրավել են, գրավել են՝ պաշտպանյալիս «Կռազ» մակնիշի մեքենան օգտագործելով»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, թե մեքենան ինքն է տրամադրել «Սասնա ծռեր» խմբի անդամներին: Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ հանգամանքներում է Խաչատուր Գիչյանի մեքենան հայտնվել խմբի անդամների մոտ, փաստաբանը հրաժարվել է մանրամասներ հրապարակելուց՝ նշելով, որ ճշտելու որոշ հանգամանքներ կան:

 

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ 2016 թվականի հուլիսի 19-ի երեկոյան կիրառված բռնությունների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով հուլիսի 20-ին ձերբակալվել է Երեւանի բնակիչ, 1978թ. ծնված Հ. Թորոսյանը։

 

 

ԿԱՍԵՑՐԻՆ
«Աէրոֆլոտը» որոշում է կայացրել կասեցնել Թուրքիա ավիատոմսերի վաճառքն ու վերաձեւակերպումը: Ընկերության հաղորդագրության մեջ ասվում է, որ կապված «Ռոսավիացիայի»՝ Թուրքիա թռչելու արգելքի հետ, կասեցվում են Ստամբուլ եւ Անթալիա ավիատոմսերի վաճառքն ու վերաձեւակերպումները: Վաճառքը նորից կբացվի «Ռոսավիացիայի» կողմից համապատասխան արգելքը հանելուց հետո: Միաժամանակ, Թուրքիա թռիչքները հնարավոր են օտարերկրյա քաղաքացիների համար:

 

 

ՉԻ ԳՈՐԾՈՒՄ
Ադրբեջանում հրատարակվող Zaman-Azerbaycan թերթը դադարեցրել է իր գործունեությունը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը: Թերթի եւ կայքի հիմնադիրների հայտարարության մեջ ասվում է, որ հաշվի առնելով Թուրքիայում վերջին օրերին կատարվող իրադարձությունները, «ելնելով Ադրբեջանի պետականության շահերից», իրենք որոշում են կայացրել այսօրվանից կասեցնել Zaman-Azerbaycan թերթի եւ zaman.az կայքի գործունեությունը:




Լրահոս