ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա երրորդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը: Եվ ահա այդ ցուցակի մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում բավական ուշագրավ փաստեր ենք բացահայտում:
Օրինակ` վերջին տարիներին խոշոր հարկատուների առաջին տասնյակը շատ չնչին փոփոխությունների է ենթարկվել: Այս տարի այն ունի հետեւյալ տեսքը` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Հայռուսգազարդ», «Ղ-Տելեկոմ», «Ալեքս Գրիգ», «ԱրմենՏել», «Ֆլեշ» ՍՊԸ, «ՀԷՑ-եր», «Գեո Պրո Մայնինգ գոլդ», «ՍիՓիԷս օիլ», «Ֆիլիպ Մորիս» ընկերություն: Նախորդ տարի եւս առաջատարների ցուցակը գրեթե նույնությամբ գլխավորել են այս կազմակերպությունները: Իսկ 2009-2010թթ. խոշոր հարկատուների առաջին հնգյակն ունեցել է հետեւյալ տեսքը. ցանկը գլխավորում էր «Հայռուսգազարդ»-ը, այնուհետեւ նրան էին հաջորդում «Ալեքս Գրիգ», «ԱրմենՏել», «Ղ-Տելեկոմ» եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունները:
Այս պատկերը պատահական չէ եւ արտացոլում է Հայաստանի տնտեսության իրական վիճակը: Ինչպես հայտնի է, Հայաստանում տնտեսությունը, բիզնեսը կախված են իշխանությունների կամքից ու քմահաճույքից: Հայաստանում խոշոր բիզնես կարելի է ունենալ իշխանությունների, մասնավորապես Սերժ Սարգսյանի բարեհաճությունը վայելելու դեպքում: Սա է վկայում նաեւ ՊԵԿ-ի հրապարակած խոշոր հարկատուների ցուցակը: Ինչպես նկատեցիք, այս ընկերությունների սեփականատերերն այս կամ այն ձեւով կապված են իշխանությունների հետ. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի սեփականատերը Սյունիքի մարզպետ, ՀՀԿ-ական Վահե Հակոբյանի հայրն է` Մաքսիմ Հակոբյանը, «Ալեքս Գրիգ»-ի սեփականատերը` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, «Ֆլեշ»-ի սեփականատերն է Սերժ Սարգսյանի քավոր Բարսեղ Բեգլարյանը, իսկ մյուս ընկերությունների, օրինակ` «Հայռուսգազարդ»-ի, «Ղ-Տելեկոմ»-ի, «ԱրմենՏել»-ի սեփականատերերն օտարերկրացի են: Համենայնդեպս, խոշոր հարկատուների առաջին շարքերում չկան անծանոթ ընկերություններ: Իսկ դա միայն ու միայն այն պատճառով, որ «անծանոթները» Հայաստանում հնարավորություն չունեն մեծ գործունեություն ծավալել ու ընդլայնել իրենց բիզնեսը:
Եվս մեկ ուշագրավ հանգամանք. Հայաստանը չշրջանցած համաշխարհային ֆինանսական ճգնաժամի տարիներին՝ 2009թ., «Ալեքս Գրիգ» ընկերությունը խոշոր հարկատուների մեջ զբաղեցնում էր 2-րդ, իսկ «Ֆլեշ» ՍՊԸ-ն` 5-րդ տեղը: Այնինչ այսօր նրանք զիջել են իրենց դիրքերը. «Ալեքս Գրիգ»-ը հայտնվել է 4-րդ, իսկ «Ֆլեշ»-ը` 6-րդ տեղում: Նվազել է նաեւ նրանց վճարած հարկերի չափը. եթե «Ալեքս Գրիգ»-ը 2009թ. վճարել է 16.1 մլրդ դրամ, ապա այս տարի այդ թիվը հասել է 11.7-ի: Նույնն է նաեւ «Ֆլեշ»-ի դեպքում. այս ընկերությունը 2009թ. վճարել է 11.4, իսկ այս տարի` 8.5 մլրդ դրամ հարկ: Համեմատության համար նշենք, որ ոչ այնքան մեծ ընկերությունները, ինչպես, օրինակ, «Երեւանի գարեջուր»-ը, «Գրանդ քենդի» հայ-կանադական ձեռնարկությունը, «Կոկա-կոլա»-ն եւ այլն, որոնց սեփականատերերը խոշոր օլիգարխներ չեն, ընդհակառակը, ավելացրել են հարկերը: «Երեւանի գարջուր»-ը 2009թ. 1.077 մլրդ-ի փոխարեն այս տարի վճարել է 1.5 մլրդ դրամ, «Գրանդ քենդի»-ն` 1.2 մլրդ-ի փոխարեն 2.7 մլրդ, «Կոկա-կոլա»-ն՝ 2 մլրդ-ի փոխարեն 2.6 մլրդ եւ այսպես շարունակ:
Իսկ ահա ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող «Դերժավա Ս» եւ «Սլավ գրուպ» ընկերությունները, որոնք գրեթե մենաշնորհային դիրք ունեն հայկական շուկայում՝ լայն սպառման ապրանքատեսակների, հատկապես շոկոլադների, քաղցրեղենի եւ ծամոնների ներկրման հարցում, գտնվում են համապատասխանաբար 61-րդ ու 70-րդ տեղերում: ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպ» ընկերությունը, որն էլ իր հերթին, չնայած գերիշխող (իսկ իրականում մենաշնորհային) դիրք ունի մերձարեւադարձային պտուղների, մի շարք հյութերի եւ այլ ապրանքատեսակների ներկրման հարցում, ընդամենը 96-րդն է: Մեկնաբանությունները, թերեւս, թողնում ենք ընթերցողներին:
ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԲԻԶՆԵՍԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ