«ԿԱՐՈՂ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍՎԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելու եւ այնտեղ գտնվող ոստիկաններին պատանդ պահելու վերաբերյալ «Ժողովուրդ»-ը ավելի վաղ զրուցել էր արվեստագետների հետ: Այժմ մենք հետաքրքրվել ենք, թե այս զարգացումների առնչությամբ ինչ կարծիք ունեն շոուբիզնեսցիները:

Դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանը (դերասան Վարդան Պետրոսյանի որդին) մեզ հետ զրույցում նախ ցավակցություն հայտնեց զինված խմբի կողմից հարձակման ընթացքում սպանված ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին: Նա նշեց, որ բավական մտահոգված է տիրող իրավիճակով. «Հայաստանը փոքր երկիր է, եւ այստեղ ամեն մի ցնցում կարող է ճակատագրական լինել: Երբեմն հետադարձ հայացք նետելով մեր պատմությանը` նույնիսկ զարմանում եմ, թե ինչպես ենք մենք գոյատեւում` որպես պետություն: Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր»-ի անդամների արարքին, ապա կարող եմ ասել, որ սա մի տեսակ հուսահատ քայլ է ինձ հիշեցնում: Իրենք էլ են ասում, որ այլեւս ուրիշ ելք չեն տեսնում: Իսկապես, սա բարդ իրավիճակ է, եւ շատ դժվար է ելք գտնել: Կարծում եմ` բոլորս էլ ուզում ենք, որ խնդիրը հանգուցալուծվի խաղաղ ճանապարհով, ինչ-որ կոմպրոմիսների ճանապարհով, բայց իշխանությունների կողմից այսքան ժամանակ փոխզիջման քայլ չենք տեսել, այսինքն` քայլ դեպի ժողովուրդը»,-ասաց նա:
Հայկը նման դեպքերում կարեւորում է հայ եկեղեցու եւ մտավորականության դերը. «Կուզենայի մեր գլխավոր կրոնավորները խառնվեին, հայտնի կրոնավորների տեսնեի: Բացի այդ` շատ կցանկանամ, որ մտավորականները ակտիվանան: Առանց այն էլ իսկական մտավորականներ շատ քիչ են մնացել, ով էլ կա, ձայնը մի տեսակ անլսելի է դարձել»,-նկատեց նա:
Հաղորդավար Եգոր Գլումովը, ով, ի դեպ, ապրիլյան պատերազմին որպես կամավոր մեկնել էր առաջնագիծ, ուշագրավ առաջարկ արեց. «Մտահոգություն ունենք, որ կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել, եւ արյուն թափվել: Ես` որպես քաղաքացի, հանգուցալուծումը տեսնում եմ զենքերը վար դնելու եւ խաղաղ բանակցությունների ու գործողությունների անցնելու մեջ: Հասկանալի է, որ ժողովրդին հասցրել են այս վիճակին, բայց զենքով հարց չեն լուծում: Ոստիկանի զոհվելը մեծ ողբերգություն է մեզ համար: Գուցե պետք է նաեւ, որ լուրջ մարդիկ գնան իրենց «առաջարկեն» պատանդների տեղը, այսինքն` որ փոխանակում կատարվի»,-մեկնաբանեց նա:
Հաղորդավարն անդրադարձավ նաեւ իշխանության վերին օղակների ներկայացուցիչների լռությանը. «Ավելի լավ կլիներ` նրանք մի բան ասեին, այլապես որքան երկար են լռում, այնքան ամեն մեկն իր մեկնաբանություններն է անում: Շատ հարցեր` սոցիալական բնույթի, անվտանգությանը վերաբերող, պետք է շուտ լուծել: Պետք է փոխվի մարդկանց վերաբերմունքը ոստիկանի նկատմամբ, բայց նայելով այսօրվա ոստիկաններին, որոնք ծեծում են երիտասարդներին, ո՞նց կարծիքդ փոխես: Շատ խնդիրներ կան, որոնք սպասում են իրենց լուծմանը»,-հավելեց նա:
«The Beautified Project» ռոք խմբի հիմնադիր, վոկալիստ եւ կիթառահար Անդրե Սիմոնյանն էլ շեշտեց, որ «Սասնա ծռեր»-ի անդամները ահաբեկիչներ չեն. «Ահաբեկիչների նպատակը ժողովրդին վախ ներշնչելն է, բայց այս դեպքում ընդհանրապես նման նպատակ չկա. ընդհակառակը, խմբի անդամները նման քայլի գնացել են ժողովորդի` բարեկեցիկ կյանքով ապրելու համար: Ժողովուրդը պետք է կանգնի այս նպատակի կողքին, բայց ոչ թե զենք վերցնելով ու կռվելով, այլ առանց արյուն թափելու: Նպատակը ոչ կաշառակեր, հանդուրժող, բարեկեցիկ կյանքով ապրող իշխանություն ու ժողովուրդ ունենալն է: Հարկավոր է, որ երկու կողմերը միմյանց հետ բանակցեն, բայց փաստը մնում է փաստ, որ բանակցություններով նախորդ 25 տարվա մեջ ոչ մի հարց լուծում չի գտել: Ամեն դեպքում` պետք է հնարավորինս առաջնորդվել լոգիկայով` չտրվելով էմոցիաներին»,-եզրափակեց նա:

 

 

 

 

 

«ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆ` ԼԱՎ ԵՆ ԱՆՈՒՄ, ԱՅՍ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՏԵՂՆ Է»

Երգիչ, երգահան Արսեն Գրիգորյանը տեւական ստեղծագործական դադարից հետո վերջին շրջանում սկսել է ակտիվություն ցուցաբերել: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ պատրաստվում է սեպտեմբերին «Ժողովրդական երգիչ» հեռուստանախագծից հայտնի դարձած երգչուհի Մոնիկա Նազարյանի հետ դուետ ներկայացնել` տեսահոլովակի տեսքով (Երգը կոչվում է «Արի մոտս», երաժշտությունը գրել է Արսեն Գրիգորյանը, խոսքերը` Ավետ Բարսեղյանը):

Նունե Եսայանի հետ հիթային դուետով («Միայն ես եւ դու») հանդես եկած երգիչը տեղեկացրեց, որ տարիներ առաջ փորձել են շարունակական դարձնել իրենց զուգերգը` կյանքի կոչելով «Թե ես, թե դու» երգը. «Բայց այդպես էլ չկարողացանք դա իրականացնել, որովհետեւ զգացինք, որ մարդկանց ճաշակը փոխվել է: Ես էլի ունեմ երգեր, որոնք այդպես էլ չեմ թողարկել, քանի որ դրանցով գումար վաստակելն անհնար է»,-բացատրեց Արսենը:
Պարզվում է` Արսենի հայրը եղել է նրա առաջին ուսուցիչը, ում հետ, ի դեպ, երգիչը նոր դուետ է պատրաստել. «Հայրս` Գագիկ Գրիգորյանը, երաժիշտ է, ակորդեոնահար: Մեր զուգերգը կարող եք լսել Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանում` «Բենեֆիս» նախագծի շրջանակներում»,-մանրամանսեց Արսենը:
Այժմ բուռն գործունեությամբ աչքի ընկնող երգիչը խոստովանեց, որ եղել է ժամանակ, երբ ինքը հիասթափվել է մեր երաժշտական իրականությունից. «Բայց հետո ասացի` մի րոպե, բա որ ես ոչինչ չանեմ, էլ ո՞վ անի. դեգրադացնող երաժշտությանը տրվե՞նք: Չէ՞ որ ունենք հանդիսատես, որն ակնկալում է որակյալ երաժշտություն»,-ասաց նա:
Ամեն դեպքում, վերջինս այն համոզման է, որ եթե երգիչը միայն իր աշխատանքով է ընտանիքը պահում, պետք է աշխատի հանրության լայն շրջանակների համար, որպեսզի այդ աշխատանքը եկամտաբեր լինի:
Մենք հետաքրքրվեցինք` երգահանը հետեւում է արդյոք շոուբիզնեսյան իրադարձություններին, ինչ կարծիք ունի նա Արման եւ Լիլիթ Հովաննիսյանների, Հռիփսիմե Հակոբյանի՝ բուռն քննադատված երգերի մասին. «Անպայման հետեւում եմ, եւ ասեմ, որ յուրաքանչյուր երգիչ, ով քննադատվում է, պատրաստ է դրան, այսինքն` վստահ է, որ իրեն սպառնում է նման բան: Ինքս նրանց չեմ քննադատում, որովհետեւ քննադատողներից եւ ոչ ոք այդ մարդկանց ընտանիքները չի պահում: Ինչ անում են` լավ են անում, այս ժողովրդին տեղն է. թող լավ երաժշտություն լսեին, մարդիկ էլ լավը տային, ինչ ուտում են, այն էլ տալիս են, որ գումար վաստակեն եւ այն ներդնեն իրենց հետագա գործունեության մեջ»,-նշեց նա:
Մենք նաեւ հարցրինք, թե արդյոք հնարավոր չէ այլ եղանակով գումար վաստակել, իսկ արվեստին ավելի լուրջ վերաբերվել. «Էս գելերը` մոնոպոլիստները, կթողնե՞ն, որ մի բան էլ մենք անենք. ամեն ինչ իրար մեջ կիսել են»,- եզրափակեց Արսենը` նկատի ունենալով իրենց` որեւէ բիզնես հիմնելու շանսերը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՀԱՅ ՆԿԱՐՉՈՒՀՈՒ ՁԵՌԱՄԲ
Հուլիսի 20-ին Կիեւում մեկնարկել է «Քաղաքների մարտը», որի շրջանակում ընտրվելու է «Եվրատեսիլ 2017»-ի անցկացման վայրը: News.am style-ի փոխանցմամբ` Սոֆյայի հրապարակում բացվելու է «Մարտի» ֆան-գոտին, որը զարդարելու են մեծ նկարազարդ ափսեները: Դրանք կարող են դառնալ «Կիեւյան Եվրատեսիլի» խորհրդանիշը, եթե, իհարկե, հաղթող ճանաչվի այդ քաղաքը: Ի դեպ, ափսեների վրա աշխատում է նկարչուհի, մեր հայրենակից Մարինա Սարգսյանը:
«Եվրատեսիլի նախօրեին մրցույթի յուրաքանչյուր անդամ երկրի համար մենք ծրագրում ենք 44 ափսե պատրաստել: Յուրաքանչյուրի վրա պետք է լինի դրոշ, զինանշան, բնապատկեր, մի խոսքով, այն, ինչը կօգնի նույնականացնել երկիրը», – ասել է «Մարտի» կազմակերպիչ Նադեժդա Տուտենկոն:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում հաղթող էր ճանաչվել Ուկրաինան:

 

 

 

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԲԱԺԱՆՎԵԼ
Արդեն հայտնի է, որ էպատաժային երգչուհի Լեդի Գագան եւ նրա փեսացուն՝ Թեյլոր Քիննին, հինգ տարվա հարաբերություններից հետո բաժանվել են: Երգչուհին Instagram-ի իր էջում մեկնաբանել է այս լուրը. «Ես ու Թեյլորը միշտ էլ գիտեինք, որ մենք հարազատ մարդիկ ենք: Ինչպես բոլոր զույգերը, այդպես էլ մենք մեր խնդիրներն ունենք ու հիմա որոշել ենք ընդմիջում անել: Մենք երկուսս էլ հավակնոտ արտիստներ ենք, ու յուրաքանչյուրս ծանրաբեռնված գրաֆիկով ենք աշխատում, բայց, միեւնույն է, շատ սիրում ենք իրար»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Գագան ու Թեյլորը մտադիր էին շուտով ամուսնանալ Իտալիայում:

 

 

ԿՅԱՆՔԻՑ  ՀԵՌԱՑԵԼ Է
82 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի ամերիկյան դերասան եւ ռեժիսոր Գարի Մարշալը: TMZ-ի փոխանցմամբ` նա մահացել է թոքաբորբից հետո առաջացած բարդությունների հետեւանքով: Իսկ մի քանի տարի առաջ ռեժիսորը սրտի կաթված էր տարել:
Հիշեցնենք, որ Մարշալի նկարահանած ամենահայտնի ֆիլմերից են «Սիրունիկը», «Փախչող հարսնացուն», «Սուրբ Վալենտինի օրը», «Արքայադստեր օրագրերը» եւ «Հին Նոր տարին»:




Լրահոս