ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Խորենացու փողոցում
Այսօր արդեն չորրորդ օրն է` ինչ «Սասնա ծռեր» խմբավորման կողմից շարունակում է գրավված մնալ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը։ Պայքարողների թիվն օրեցօր ավելանում է։ Չցանկանալով հեռանալ «գրաված» տարածքից՝ նրանք գիշերում են բաց երկնքի տակ։ Նկատենք, որ պայքարին է միացել նաեւ տնային կենդանին՝ շունը, որը եւս հանգստանում է:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ո՞վ, ե՞րբ եւ ինչպե՞ս հստակեցրեց խնայդրամարկղների ավանդների սառեցումն ու հաստատումը: Խնդրում եմ ասեք՝ կենտրոնական բանկերում այդ ավանդներին համարաժեք ոսկի եղե՞լ է: Ինչպե՞ս եւ ովքե՞ր են մսխում:
Նազարյան Ժորա (69 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու դիմումի կապակցությամբ հայտնում ենք, որ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց տրամադրվող փոխհատուցման ծրագրի իրականացումը տարբեր սոցիալական խմբերի համար սկսվել է 2006թ. եւ շարունակվում է մինչ օրս:
«ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետի եւ ՀՀ կառավարության 23.04.2014թ.-ի N 460-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն` ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքը ներկայումս տրված է մինչեւ 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներին, ինչպես նաեւ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող, ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ կառավարության 19.05.2014թ.-ի «ՀՀ կառավարության ծրագրի մասին» N 511-Ա որոշմամբ նախատեսված է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց սոցիալապես խոցելի ավանդատուներին օգնության տրամադրման շարունակական ծրագրերի իրականացում:
Հայտնում եմ նաեւ, որ դիմումով բարձրացված մյուս հարցերը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության իրավասություններին չեն առնչվում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ մինչեւ հազար ռուբլի ավանդի` ամեն ռուբլու դիմաց վճարվում է 84 դրամ, 1-ից 3 հազարի մեկ ռուբլու համար՝ 29 դրամ 40 լումա։ 10 հազար ռուբլու դիմաց վճարվում է 216 հազար 400 դրամ։
ՀԱՐՑ. Ես եղել եմ իմ ծանոթի խնամակալը։ Նա մի քանի ամիս առաջ մահացել է։ Հիմա բնակվում եւ հաշվառված եմ նրան պատկանող բնակարանում։ Նա այլ մտերիմներ չուներ։ Խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ եմ բնակարանի սեփականության իրավունքը ձեւակերպել իմ անունով: Ես ունե՞մ նման իրավունք։
Անահիտ Սաղաթելյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացին չի նշել, բայց, ըստ ամենայնի, նրա ծանոթի գույքը փոխանցվել է լիազորված կառավարման: Հայաստանի Հանրապետության Քաղ. օր. 954 հոդվածում նշված է, որ «գույքի փոխանցումը լիազորված կառավարման չի հանգեցնում սեփականության իրավունքի փոխանցմանը լիազորված կառավարողին (այսինքն՝ քաղաքացուն)»: Ավելին՝ նա չունի ժառանգության իրավունք իր ծանոթի գույքի նկատմամբ (չի հանդիսանում նրա բարեկամը): Ստացվում է՝ նշված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեւակերպումը, ցավոք, չի հաջողվի:
Բայց հարկ ենք համարում ավելացնել, որ անգամ քաղաքացու ծանոթի մահից հետո նա չի կորցնում բնակարանի օգտագործման իրավունքը:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քաղաքացիական օրենսդրությունը սահմանում է քաղաքացիական շրջանառության մասնակիցների իրավական վիճակը, սեփականության իրավունքի եւ այլ գույքային իրավունքների, մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ բացառիկ իրավունքների ծագման հիմքերն ու իրականացման կարգը, կարգավորում է պայմանագրային եւ այլ պարտավորություններ, ինչպես նաեւ այլ գույքային ու դրանց հետ կապված անձնական ոչ գույքային հարաբերություններ: