ՀՀԿ-ՈՒՄ ՄՏԱՀՈԳ ԵՆ. ԶԻՋԵԼ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ, ՊԱՀԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավումից անցել է հինգ օր: Այս ընթացքում Հայաստանի հանրությունն ապրում է գերլարված՝ իրադարձությունների հանգուցալուծմանը սպասելով: Նման պայմաններում, երբ թվում է, թե ՀՀ իշխանության բարձրագույն ղեկավարությունը պետք է ամեն օր հանրությանը ներկայացնի իրավիճակը հանգուցալուծելու ուղղությամբ իր արած քայլերը, իրականում հակառակ պատկերին ենք ականտես լինում: Սերժ Սարգսյանն ընդհանրապես ասպարեզից կորել է: Վերջին հինգ օրերին նույնիսկ պաշտոնական լրահոսում նա հայտնվել է երկու անգամ՝ հուլիսի 17-ին հաղորդեցին, որ խորհրդակցություն է հրավիրել, երեկ էլ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչներին էր ընդունել: Երեկվա լուրը եթե չտարածեին, կարելի էր կարծել, թե Սերժ Սարգսյանն արդեն մի քանի օր է՝ երկրում չէ: Իհարկե, հասկանալի է, որ իրականում իշխանությունները չգիտեն ինչպես անել, ինչ ասել: Դրա համար էլ անցել են խորը ընդհատակ:
Հ. Գ. Երեկ ՀՀԿ ԳՄ-ն հերթական նիստն էր հրավիրել, որտեղ խորը մտահոգությամբ ու տագնապով քննարկվել է իրավիճակը` այն որակելով փակուղային: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ-ում կարծիք է հնչել, որ եթե հիմա իրենք ընդառաջ գնան զինյալներին, կանաչ լույս կվառեն քրեական խմբավորումների համար, որոնք կարող են զենք վերցնել ու ցանկացած պահի ինչ-որ պահանջներ թելադրել, բայց մյուս կողմից էլ այսպես թողնելն է վտանգավոր, քանի որ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը դժգոհ է իշխող ուժերից, ու դժվար է կանխատեսել, թե ինչ զարգացումներ կարող են լինել: Երեկ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին բացատրեց իրենց լռության պատճառը` խոստովանելով, որ չեն խոսում, որպեսզի բանակցային գործընթացին չխոչընդոտեն:Ստացվում է, որ երբ ՀՀԿ-ն խոսում է, բոլոր պրոցեսները ձախողվում են:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ 16 մլն եվրոյի խնդիրն արդեն իսկ լուծվել է: Մեզ հայտնի դարձավ, որ եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկուն հաջողվել է շատ ավելի մեծ գումար գտնել, քան պահանջվող 16 մլն եվրոն է: Այս անգամ էլ խնդիր է առաջացել, քանի որ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները քննարկումների ժամանակ ասում են, թե իբր մինչեւ առաջիկա ընտրությունները ընտրողների 10 մատների մատնահետքերի բազա հնարավոր չի լինի հավաքել: Ներկայումս միջազգային կազմակերպությունները եւ ՀՀ իշխանությունները քննարկում են ընտրական համակարգի փոփոխությունների հնարավոր մասշտաբները: Հիշեցնենք, որ վերը նշված 16 մլն եվրո գումարն անհրաժեշտ է, որպեսզի նոր համակարգ ներդրվի, որը թույլ կտա ընտրական ցուցակները մաքրել, ինչպես նաեւ իրականացնել քվեարկության ընթացքը առցանց հեռարձակում:

 

 

 
«Ժողովուրդին» հայտնի դարձավ, որ նախօրեին Կոտայքի մարզի Գառնի համայնքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի արդյունքում տուժել է նաեւ գյուղապետը՝ Աշոտ Վարդանյանը: Մեր տեղեկություններով՝ վիճաբանության ընթացքում նաեւ կրակոցներ են հնչել, ու հենց հրազենից ստացված վիրավորումների արդյունքում է համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանը տեղափոխվել հիվանդանոց: Գառնիում շրջանառվող լուրերի համաձայն՝ վիճաբանության կիզակետում եղել են գյուղապետ Աշոտ Վարդանյանը եւ նրա քրոջ որդին՝ Արտակը, որը համայնքում հայտնի է Չոռնի մականունով: Իսկ վեճի առիթը եղել է Գառնիում գործող բենզալցակայանում գյուղապետի ունեցած մասնաբաժնի հարցը: Վիճաբանության պատճառների եւ բնույթի մասին «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ գյուղապետ Աշոտ Վարդանյանն ասաց. «Ես չգիտեմ՝ ինչ է եղել, ոստիկանությունից ճշտեք, իմ անունի հետ չի կարող կապվել, ես լավ չեմ, էլ չեմ կարող խոսել»: Ի դեպ, վերջինս չնայած մարմնական վնասվածքներով բժշկի է դիմել, բայց հրաժարվել է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել:

 

 

 
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից պարզել, թե նախարարն ինչպես է մեկնաբանում Խորենացու փողոցում տեղի ունեցող զարգացումները, ինչպես է տեսնում դրանց հանգուցալուծումը. ի վերջո, կիզակետում նաեւ ազատամարտիկներ են: Ի պատասխան մեր հարցմանը՝ Հովհաննիսյանն ահա թե ինչ ասաց. «Ձեզ ինչ էլ ասենք, շուռ եք տալու այնպես, որ բանակին վարկաբեկեք»: Իհարկե, հասկանալի է, որ Սեյրան Օհանյանն ասելիք չունի, եւ այս ագրեսիան ու «մուննաթով» պատասխանը ադեկվատ մարդուն բնորոշ չէ: Հետաքրքիր է` ինչու է Արծրուն Հովհաննիսյանն իր անմիջական ղեկավարի` նախարարի անձը բանակի հետ նույնականացնում: Նախարարը մարդ է, որը ղեկավարում է բանակը, թե ինչպես, թող մեր ընթերցողները դատեն: Բայց նախարարի, նրա թիկնազորի, մերձավորների կոռուպցիոն գործունեության մասին հրապարակումները դեռ չի նշանակում բանակի վարկաբեկում: Ընդհակառակը, մենք մեր հրապարակումներով փորձում ենք բանակի երակներից հեռացնել զինվորների արյունով սնվող տիզերին: Բավական է, կա՛նգ առեք:

 

 

 
ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ
Մինչ մեր երկրում բոլորի ուշադրությունը սեւեռված է Խորենացի փողոցում եւ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում ընթացող զարգացումների վրա, մտահոգիչ իրադարձություններ են տեղի ունենում ՀՀ-ի սահմաններին շատ մոտ՝ Թուրքիայում եւ Ադրբեջանում: Նախ՝ Թուրքիայում չհանդարտվող ներքաղաքական ցնցումները առաջիկայում կթեւակոխեն նոր ռեպրեսիաների փուլ: Հազարավոր ուսուցիչների, գիտնականների եւ դատավորների աշխատանքից ազատելուց եւ ձերբակալելուց, առհասարակ, մտավորականության ելքը երկրից կասեցնելուց եւ տասնյակ հազարավոր մարդկանց բանտերը լցնելուց հետո Էրդողանը Թուրքիայում 3 ամսով արտակարգ դրություն հայտարարեց, որից հետո հայտնի դարձավ, որ երկրում ժամանակավորապես դադարեցվելու է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիաի գործունեությունը: Այդ որոշման մասին հայտարարած Թուրքիայի փոխվարչապետ Կուրտուլմուշը մատնանշել է ավելի վաղ ահաբեկչության եւ քաղաքական ճգնաժամի արդյունքում նույն քայլին դիմած Ֆրանսիայի եւ Ուկրաինայի օրինակները, սակայն ակնհայտ է, որ, ի տարբերություն վերիններիս, Թուրքիայի համար նման կասեցումը նշանակում է հազարավոր անմեղ մարդկանց խոշտանգումներ, երկարաժամկետ ազատազրկում, իսկ շատերի դեպքում էլ՝ մահապատիժ:
Եվ, բնականաբար, էլ ավելի ավտորիտար, ռեպրեսիվ Թուրքիան չի կարող ավելի մեծ սպառնալիք չլինել մեզ համար, քան համեմատաբար ժողովրդավար Թուրքիան, ինչպիսին էր այն 2009 թ՝ հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտության» տարիներին: Հեղաշրջումից հետո առավել ուժեղացնելով իր իշխանությունը Թուրքիայում՝ Ռ. Էրդողանը դառնալու է էլ ավելի լկտի, անկառավարելի եւ գերտերությունների ճնշումներին չենթարկվող, ինչը չի կարող իր խիստ բացասական ազդեցությունը չունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա:
Առավել եւս, որ ներկայում թուրք-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունները էլ ավելի են մերձենում, եւ այդ ուղղությամբ վերջին զարգացումը՝ կապված Ադրբեջանում ռազմական օդանավակայանի տերմինալներից մեկը եւ համապատասխան տարածքներն ու շինությունները թուրքական զինուժին տրամադրելու հետ, դրա խոսուն դրսեւորումն է: Այդ ռազմական օբյեկտներում Թուրքիան կկարողանա իր զինվորականներին, տեխնիկան ու մարտական ինքնաթիռները տեղակայել, ինչը, ըստ էության, նշանակում է ռազմական բազայի տեղակայում, թեեւ Ադրբեջանի ՊՆ փոխնախարարը փորձել է դա հերքել: Իսկ դրանից առաջ էլ ադրբեջանական 2 լրատվամիջոց էր փակվել՝ Թուրքիայում հեղաշրջման մեջ մեղադրվող Գյուլենի հետ հարցազրույց անելու պատճառով: Ասել է թե՝ հետզհետե այս 2 երկրները գնում են առավել մերձեցման եւ ՀՀ-ի ու Արցախի շուրջ վտանգավոր օղակը էլ ավելի է ամրապնդվում: Իսկ մենք այս ընթացքում Երեւանի Խորենացի փողոցում տարբեր «փրկիչների գաստրոլների» վրա ենք մեր ժամանակը վատնում: Հատուկ նշենք՝ խոսքը ՊՊԾ գնդից դուրս հատկապես Երեւանից ճամարտակող «փրկիչների» մասին է:




Լրահոս