ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը երեկ խայտառակ մի որոշում կայացրեց` «Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ին հարկային արտոնություն տվեց, որպեսզի վերջինս Թուրքիայում գնի եւ Հայաստան ներկրի 850 մլն դրամ արժողությամբ ապակեմանրաթելային խողովակ:

Իհարկե, այս երեւույթին կարելի էր նշանակություն չտալ, եթե նույն կառավարության անդամները, նրանց կուսակիցները` ՀՀԿ-ականներն ու դաշնակցականները, օր ու գիշեր չքարոզեին թուրքական ապրանքներ գնելու անթույլատրելիությունը: Այսինքն՝ մարդիկ հրապարակային մի բան են խոսում, իսկ գործնականում այլ քայլեր կատարում. պետբյուջեի օգտին ստացվելիք մոտ 170 մլն դրամի եկամուտները երեք տարով հետաձգում են, կամ ավելի ճիշտ՝ խոստանում են հետաձգել, որպեսզի վերը նշված ընկերությունը համարձակորեն եւ առանց կաշկանդվելու Թուրքիայից 1 մլն 800 հազար դոլար արժողությամբ ապրանք ներկրեն:
Ի դեպ, նշված խողովակները ներկվելու են Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքում՝ Արգիչի գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-ը վերանորոգելու համար: Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ «Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ին պատկանող Արգիչի գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-ն ունի 9 հազար 950 ԿՎտ/ժ դրվածքային հզորություն: Այն գործում է 9 հազար 500 մետր երկարությամբ խողովակաշարով կառուցված հիդրոէներգոկասկադի շնորհիվ: Կարելի է ենթադրել, որ վերը նշված խողովակները գնում են հենց այդ հիդրոէներգոկասկադը վերակառուցելու համար: Ի դեպ, պաշտոնական փաստաթղթերում ներկրվելիք խողովակների չափման միավորը ներկայացված է կիլոգրամով: Ըստ այդմ, նախատեսվում է ներկրել 1025 տոննա 368 կիլոգրամ ապակեմանրաթելային խողովակ:
Հարկ է նկատել, որ «Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2005 թվականին: Արգիչի գետի վրա փոքր ՀԷԿ կառուցելու թույլտվությունը տրված է եղել դեռեւս 2004-ից: Տարիներ շարունակ բնապահպանները պայքարել են այդ նախագծի դեմ, քանի որ Արգիչի գետը Սեւանը սնուցող ամենամեծ գետն է: Փաստացի այնպես է ստացվել, որ մի կողմից բնապահպանները պայքարել են այդ նախագծի դեմ, մյուս կողմից էլ ՀՀ կառավարությունն ամեն կերպ նպաստել է, որ այն իրագործվի: Նույնիսկ «Սեւան-Հրազդանյան ջրառ» ՓԲԸ-ի պատկանող 1422 մմ տրամաչափով 6 կիլոմետր երկարությամբ խողովակաշարն են ժամանակին վաճառել «Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ին: Նշված խողովակաշարը փոքր ՀԷԿ կառուցող ընկերությանը 399 միլիոն դրամով վաճառվել է ՀՀ կառավարության 2012թ. նոյեմբերի 29-ի թիվ 1490-Ա որոշմամբ: Արդյունքում, ի հեճուկս բոլոր տեսակի բողոքների՝ նշված փոքր ՀԷԿ-ը 2013 թվականին կառուցվել է եւ 2014 թվականից սկսել է շահագործվել:
Ինչպես հայտնի է՝ Հայաստանում բոլոր փոքր ՀԷԿ-ը կապվում են մեծ ու փոքր պաշտոնյաների անունների հետ: Որպես կանոն, բնապահպանների ուշադրության կենտրոնում հայտնվող, այսպես կոչված, «յուղոտ» ՀԷԿ-երի կառուցման թիկունքում, որպես կանոն, կանգնած են լինում բարձրաստիճան պաշտոնյաները: Նախկինում բազմաթիվ նման դեպքերի ենք ականատես եղել: Տվյալ դեպքում «Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ի թիկունքում կանգնած շահագրգիռ անձանց եւս հաստատ կարելի է փնտրել հանրապետության ամենաբարձր օղակներում կամ ամենաբարձրների ազգականների շրջանում:
Ի դեպ, ինչպես միշտ փոքր ՀԷԿ շահագործող ընկերությունների հիմնադիրները սովորաբար լինում են հանրությանը անհայտ ինչ-որ անձինք, եւ ոչ միշտ է հաջողվում բացահայտել նրանց կապը կոնկրետ պաշտոնյայի հետ: «Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ի դեպքում իրավիճակը հենց այդպիսինն է: Մինչ օրս լրագրողներին «Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ի միայն մեկ հիմնադիրի անունն է հայտնի դարձել` Իրանի քաղաքացի ոմն Ժորժիկ Աբրահամյան: Բայց թե ով կամ ովքեր են իրականում կանգնած այս ընկերության թիկունքում, մնում է անհայտ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՓՈԽԱՆՑԵԼ Է
«Ժողովուրդ»-ը նախօրեին գրել էր, որ մի քանի օր է՝ նախագահական նստավայրից զանգահարում են Հայաստանի եւ Արցախի հանրության շրջանում հեղինակություն վայելող քաղաքական, հասարակական, մշակութային եւ հոգեւոր գործիչներին ու նրանց համոզում են, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ բանակցեն՝ վայր դնելու զենքերը: Եվ, ահա, երեկ հայտնի դարձավ, որ Երեւան էր եկել ԼՂՀ ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինյալների հետ բանակցելու նպատակով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները պնդել են իրենց պահանջները, այն է՝ Սերժ Սարգսյանի հրաժարական, Ժիրայր Սէֆիլյանի եւ մնացած քաղբանտարկյալների ազատ արձակում: Ավելի ուշ, երբ Վիտալի Բալասանյանը դուրս է եկել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից, ուղեւորվել է ՀՀ նախագահի նստավայր, հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ եւ նրան է հաղորդել բանակցության արդյունքները: Իսկ թե ինչ է պատասխանել Սերժ Սարգսյանը, «Ժողովուրդ» օրաթերթին չհաջողվեց պարզել: Թերեւս նրա պատասխանը պարզ կդառնա իրադարձությունների հետագա զարգացման ընթացքի արդյունքում:

 

 

ՈՐՈՇՈՒՄ ԿԼԻՆԻ, ԿԱՍԻ
Սեպտեմբերի 18-ին Հայաստանի մի շարք համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Նկատենք, որ ընտրություններին առաջադրվելուն մնացել է մոտավորապես 20 օր, բայց հատկապես մեծ քաղաքների պարագայում մինչ օրս ոչ մի հստակություն չկա: «Ժողովուրդ»-ը փորձեց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանից պարզել՝ արդյոք նա կրկին պատրաստվում է առաջադրվել Կապանի քաղաքապետի ընտրություններում, թե ոչ: «Կլինի համապատասխան որոշում, Դուք տեղյակ կլինեք, ժամանակից առաջ ընկնելու խնդիր չունենք»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց Հայրապետյանը:

 

 

ԱՆՑԵԼ ԵՆ  ԸՆԴՀԱՏԱԿ
Երեկ՝ ՀՀ կառավարության նիստից հետո, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել նախարարների կարծիքը հուլիսի 17-ից Երեւանում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ: Սակայն մեզ հաջողվեց հարց ուղղել միայն կառավարության հետնամուտքից դուրս եկող ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին եւ ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանին, քանի որ, ինչպես հետո պարզվեց, նախարարների մեծ մասը երեկվա նիստին չէր ներկայացել:
Երիտասարդության նախարար Ղազարյանը շենքից դուրս եկավ՝ հեռախոսն ականջին՝ ձեւացնելով, թե խոսում է, որպեսզի լրագրողները հարցեր չուղղեն: Իսկ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը ՊՊԾ գնդի շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ ընդամենն ասաց. «Ինչ գնահատական պետք է ունենամ, հայ մարդու գնահատական»: Ապա հեռացավ:

 

 

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 20-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՊՆ ՌՈ վարչությունում, որի ընթացքում ռազմական ոստիկանության ղեկավար կազմի հետ ամփոփվել են 2016 թ. առաջին կիսամյակում ՌՈ համակարգի կատարած աշխատանքները: Ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում զորամասերում հանցագործությունների եւ պատահարների նվազեցման եւ այլ ուղղություններով իրականացված աշխատանքների արդյունքները:

 

 

ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ
«Համախմբում» կուսակցության վարչությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում խորը մտահոգություն է հայտնում քաղաքացիների եւ ոստիկանության ուժերի բախման կապակցությամբ: «Խաղաղ քաղաքացիների ինքնաբուխ հավաքն անսպասելիորեն վերածվեց ընդհարման, որի հետեւանքով կան տուժածներ եւ վիրավորներ: Երեկ գիշերվանից շրջանառվում է այն վարկածը, համաձայն որի՝ խաղաղ հավաքի ժամանակ գործել են նախապես պատրաստված սադրիչ խմբեր, որոնք հրահրել են ընդհարումը», – հայտարարում է կուսակցությունը՝ պահանջելով իրավապահ կառույցներից «կարճ ժամկետում հիմնավոր փաստերով հերքել այդ խմբերի եւ ոստիկանության կապը»։ Կուսակցությունը շեշտում է, որ «մի քանի օր շարունակվող ոստիկանական բռնարարքները, խաղաղ քաղաքացիների անձի եւ արժանապատվության ոտնահարումները ստեղծում են պայթյունավտանգ մթնոլորտ եւ հղի են անկանխատեսելի զարգացումներով», եւ կոչ է անում ոստիկանությանը դադարեցնել բռնությունները:

 

ՎԵՐՋԱՊԵՍ ԽՈՍԵՑ
Երեկ՝ նախքան օրակարգային հարցերի քննարկումը, ՀՀ կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջապես անդրադարձել է հուլիսի 17-ի դեպքերին՝ ասելով.«Այն, ինչ տեղի ունեցավ պարեկապահակային ծառայության գնդում, անթույլատրելի եւ դատապարտելի է, որովհետեւ բռնությամբ անհնար է հասնել իրական փոփոխությունների. այն վտանգավոր եւ անհեռանկար գործընթաց է: Իրավիճակը խիստ մտահոգիչ է, եւ իշխանությունն ամեն ինչ անում է ու անելու է՝ հասնելու դրա խաղաղ հանգուցալուծմանը»:

 

 

ՄՈՍԿՎԱՆ  ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է
Մոսկվան վճռականորեն դատապարտում է Երեւանում զենքի միջոցով ոստիկանական շենքի գրավումը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. «Մենք վճռականորեն դատապարտում ենք Երեւանում ոստիկանության շենքի զինված գրավումը: Անընդունելի ենք համարում այդ քրեական դրսեւորումները, որոնք վտանգ են ներկայացնում հանրապետության քաղաքացիների համար»,- ասել է Զախարովան:




Լրահոս