Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանի անվան շուրջ կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` երեկ Գառնի համայնքում վիճաբանություն է եղել, ինչից հետո հնչել են կրակոցներ, եւ համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանը տեղափոխվել է հիվանդանոց:
Համայնքի ղեկավարը՝ հիվանդանոցում
Գառնիի համայնքում տարածված լուրերի համաձայն` վիճաբանությունը սկսվել է Գառնիի համայնքի մշակույթի տանը, ավելի ուշ զարգացումները շարունակվել են համայնքի բենզալցակայանի հարող տարածքում, որը, ըստ բնակիչների, առնչվում է համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանի անվան հետ:
Նախ բնակիչները գիշերը լսել են բղավոցներ ու հայհոյանքի ձայներ: Համայնքում տարածված լուրերի` վիճաբանության կիզակետում են եղել գյուղապետ Աշոտ Վարդանյանը եւ նրա քրոջ որդին՝ Արտակը, որը համայնքում հայտնի է Չոռնի մականունով: Պատճառը, ըստ լուրերի, բենզալցակայանում ունեցած մասնաբաժինն է: Հավանաբար ստացած եկամուտը չեն կարողացել կիսել միմյանց հետ:
Լսելով հայհոյանքներն ու գոռգոռոցները՝ համայնքի բնակիչները շտապ ահազանգել են ոստիկանություն: Ու մինչ ոստիկանները դեպքի վայր կհասնեին, միջադեպին մասնակից տղամարդիկ համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանին տեղափոխել են «Գառնի» առողջարանային կենտրոն՝ օգնություն ցուցաբերելու նպատակով:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը նախ փորձեց զրուցել Գառնիի համայնքի մշակույթի տան տնօրեն Վաղինակ Թադեւոսյանի հետ, որը հայտնեց, թե վիճաբանությունը մշակույթի կենտրոնում չի եղել, այլ գյուղի վերջնամասում գտնվող բենզալցակայանում. «Չէ՛, չէ՛, մշակույթի տունը կապ չունի, դա գյուղի ծայրամասում է եղել, ես այնտեղ չեմ եղել, ես իմ տանն եմ եղել: Ասում են, որ գյուղի բենզակալոնկի մոտ է եղել, բայց չգիտեմ՝ կոնկրետ ինչ է կատարվում: Անգամ տեղյակ չեմ՝ գյուղապետին են հարվածել, թե գյուղապետն է հարվածել, կամ, առհասարակ, գյուղապետն այնտեղ եղել է, թե ոչ»:
«Չեմ կարող խոսել»
Զրուցեցինք նաեւ ծեծկռտուքի արդյունքում վիրավորված Աշոտ Վարդանյանի հետ: «Ես չգիտեմ՝ ինչ է եղել, ոստիկանությունից ճշտեք, իմ անունի հետ չի կարող կապվել, ես լավ չեմ, էլ չեմ կարող խոսել»:
Բնականաբար մենք փորձեցինք նաեւ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից պարզել, թե ինչ վիճաբանություն եւ կրակոց է եղել Գառնի համայնքում, ինչին ի պատասխան՝ հայտնեցին. «Հուլիսի 21-ին՝ ժամը 0:15 սահմաններում, ոտիկանություն ահազանգ է հնչել, որ Գառնի համայնքի Առաջին կամուրջ կոչվող հատվածում վիճաբանություն է: Ավելի ուշ իրավապահները պարզել են, որ վերոնշյալ տարածքում մի խումբ անձանց միջեւ վիճաբանություն է եղել, ինչին միջամտել է Ա. Վարդանյանը, որից հետո վիճաբանող անձինք քարերով, երկաթե ձողով հարվածել են Ա. Վարդանյանին: Վերջինս դիմել է «Գառնի» առողջարանային կենտրոն, որտեղ էլ հրաժարվել է հաղորդում տալ կատարվածի մասին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն»:
Նշենք, որ չնայած գյուղապետը հրաժարվում է հաղորդում տալ, սակայն իրավապահներն արդեն մի քանի վարկած են առաջ քաշում, իսկ եթե դատաբժշկական փորձաքննությունը հաստատի, որ գյուղապետը ծանր վնասվածքներ ունի, ապա փաստի առթիվ միանշանակ կհարուցվի քրեական գործ: Դատելով ստեղծված իրավիճակից՝ համայնքի ղեկավարը իր մտերիմների դեմ չի ուզում ցուցմունք տալ, չնայած որ վնասվածքներ ունի:
Հերթական կրակոցը
Հիշեցնենք, որ 2015 թվականի հուլիսի 9-ի երեկոյան եւս կրակոցներ էին հնչել Գառնիում: Մարզպետ Վարդանյանի, նրա երկու ազգականների եւ համագյուղացի Ռուբիկ Հակոբյանի միջեւ Գառնի գյուղի տարածքում առաջացել էր վիճաբանություն՝ ավտոմեքենաներով ճանապարհը միմյանց չզիջելու պատճառով: Այն շարունակվել էր գազալցակայանի շրջակայքում, ինչը վերածվել էր ծեծկռտուքի, որի ընթացքում, քննության տվյալներով, Ռ. Հակոբյանը ինքնաձիգով կրակահերթ էր արձակել:
Դեպքի հաջորդ օրը ոստիկանության Կոտայքի բաժնում Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանը ահազանգ էր տվել այն մասին, որ նույն գյուղում տեղի էր ունեցել վիճաբանություն, հնչել են կրակոցներ, որի հետեւանքով վնասվել է իր որդու՝ Մարզպետ Վարդանյանի ավտոմեքենան, գազալցակայանի սպասասրահի եւ օժանդակ շինության ապակիները:
Չարաշահումները
Սակայն այսքանով չի ավարտվում քրեական պատմությունները Գառնի համայնքի ղեկավարի շուրջ: 2014 թվականին ՀՀ դատախազությունը 3 դրվագներով քրեական գործ էր հարուցել Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանի նկատմամբ: Մեղադրյալ Աշոտ Վարդանյանը կասկածվում էր ապօրինի հողատարածքներ հատկացնելու, ապօրինի շինարարություն իրականացնելու թույլտվության համար, որը զուգորդվել էր կաշառք ստանալով:
Բացի այդ՝ լուրեր կան, որ Աշոտ Վարդանյանի անունը կապվում է Գառնի գյուղի բենզալցակայանի հետ, որը ըստ բնակիչների՝ այս տարիների ընթացքում այնքան էլ աչքի չի ընկել որպես օրինակելի հարկ վճարող: Սակայն այս քրեական գործն ավելի ուշ կարճվեց:
Ինչպես նկատում ենք՝ Գառնի համայնքի ղեկավարը բոլոր քրեական պատմություններից հաջողացնում է «չոր» դուրս գալ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՔԿՀ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԸ ՔՆՆՈՒՄ ԵՆ
Ինչպես արդեն հայտնել էինք՝ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման անդամները գրոհել էին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը, եւ արդեն 5-րդ օրն է, ինչ պատանդ են պահում ոստիկանության 4 աշխատակիցների եւ պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, ինչպես նաեւ կալանքի տակ գտնվող մի շարք քաղբանտարկյալների ազատ արձակումը: Ստեղծված իրավիճակի առումով տեւական ժամանակ է, ինչ խիստ հսկողություն է սահմանվել մայրաքաղաքում: Խիստ հսկողությունից անմասն չի մնացել նաեւ ՀՀ ԱՆ մի շարք քրեակատարողական հիմնարկներ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հրահանգ է տրվել ՔԿՀ ղեկավարներին հիմնարկները պահել արտակարգ հսկողության տակ: Նույնիսկ կալանավայրերի ղեկավարներն են բավականին ուշ գնում տուն, իսկ տեղակալներն էլ գիշերում են ՔԿՀ-ներում, ինչը զարմանք է առաջացրել դատապարտյալների շրջանում: Նման նախադեպ չի եղել:
ԿՐԱԿՈՑՆԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հուլիսի 20-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, «Աստղիկ» բժշկական կենտրոն էին տեղափոխվել Նորագյուղ թաղամասի 177 տան բնակիչ, 50-ամյա Ռուբեն Կոստանյանը եւ Երեւան քաղաքի Քանաքեռ-ՀԷԿ 8-րդ շենքի բնակիչ, 44-ամյա Ռոբերտ Ավետիսյանը: Ըստ մամուլում տարածված տեղեկությունների` ժամը 13:00-ի սահմաններում Իսակովի պողոտայի թիվ 3/7 հասցեում գործող «555» հացատանը ծագած վիճաբանության ժամանակ Ռոբերտ Ավետիսյանը իր մոտ եղած ատրճանակով կրակել է Ռուբեն Կոստանյանի ուղղությամբ՝ վնասելով նրա ձախ սրունքի հատվածը: Ավելի ուշ պարզվել էր, որ հրազենային վնասվածք է ստացել վիրավորներից մեկը՝ նորագյուղցի Ռուբեն Կոստանյանը, որը առավել հայտնի է Բոգո մականունով:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով:
ՈՒԺԵՂԱՑՎԱԾ
ՀՀ ոստիկանությունն ու ճանապարհային ոստիկանությունը շարունակում են ուժեղացված ծառայություն իրականացնել մարզերում: Hraparak.am-ի հաղորդմամբ՝ մարզերից դեպի Երեւան ուղեւորվող ճանապարհներին մի քանի տեղերում ոստիկանական ուժեր են կենտրոնացված, ովքեր զինված են: Նրանք նախ կանգնեցնում են «կասկածելի» մեքենաները, ստուգում փաստաթղթերը, ապա նաեւ շատ դեպքերում բացել տալիս բեռնախցիկը, հավանաբար զենք-զինամթերք հայտնաբերելու նպատակով:
ՄԻ ՓՈՔՐ ԿԶՈՎԱՆԱ
Հուլիսի 23-25-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի մոտ 5-7 աստիճանով եւ արդեն կլինի նորմայի սահմաններում: Այս մասին գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
ԽԱԽՏԵԼ ԵՆ
Հուլիսի լույս 21-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 16 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 190 կրակոց:
51 ՏՈՒԺԱԾ
Երեւանի Խորենացի փողոցում նախօրեին տեղի ունեցած բախումների հետեւանքով Երեւանի բժշկական կազմակերպություններ է դիմել 51 տուժած, նրանցից 29-ը` ոստիկան։ Առողջապահության նախարարության՝ հինգշաբթի առավոտյան հրապարակած հաղորդագրության համաձայն՝ տուժածներից 15-ն անհրաժեշտ բժշկական օգնությունը ստացել է ամբուլատոր պայմաններում։ Տվյալ պահի դրությամբ գիշերը տեղի ունեցած միջադեպի հետեւանքով տարբեր վնասվածքներ ստացած 34 տուժածներ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Երեւան», «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոններում, «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրում շարունակում են հիվանդանոցային բուժումը։
Բոլորին ողջ ծավալով տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն, ասված է հաղորդագրությունում:
136 ՀՈԳԻ
Հայաստանի ոստիկանությունը հայտնում է, որ հուլիսի լույս 21-ի գիշերը իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար վտանգավոր եւ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, բռնություն գործադրելու սպառնալիքի կասկածանքով ոստիկանության Երեւան քաղաքի վարչության տարածքային բաժիններ են բերվել 136 քաղաքացիներ: