ԻՆՉՊԻՍԻ ԱՌԱՋԱՐԿ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ու ողջ երկիրը համակած սպասումի ֆոնին աչքի է զարնում իշխանության բոլոր ճյուղերի համառ լռությունը: ՀՀԿ-ականները վրիպում ունեցան հուլիսի 17-ի առավոտյան մի քանի էմոցիոնալ հայտարարություններ անելու, որից հետո նախագահականի հրահանգով անմիջապես լռության ուխտ հայտարարեցին: Այդուհանդերձ, այսօր շատերն են տարակուսում, թե ինչու ծպտուն չի հանում երկրում ի պաշտոնե առաջին դեմքը` Սերժ Սարգսյանը:

2008թ. մարտի 1-ից հետո իր երդմնակալության օրը Սերժ Սարգսյանը խոստանում էր կոտրել երկրում ձեւավորված «չհասկացվածության պատը»` երկխոսության ձեռք մեկնելով հասարակությանը: Միանշանակորեն մերժելով ընդդիմության ու նրա առաջնորդի հետ դեմ առ դեմ բանակցությունների ճանապարհով քաղաքական շիկացած մթնոլորտը հանգուցալուծելու տարբերակը` Սարգսյանը նախընտրեց ստեղծել տարբեր ձեւական հարթակներ` ապահովելու համար հասարակություն-իշխանություն «երկխոսությունը»: Դրանցից մեկն էր, օրինակ, Հանրային խորհուրդ կոչված անհասկանալի գործառույթ իրականացնող կառույցը, գրպանային կուսակցությունների հետ անցկացված հանդիպումները եւ այլն, որոնք որեւէ դրական նշանակություն չունեցան եւ չէին էլ կարող ունենալ ներհայաստանյան լարվածության թոթափման գործում: Օգտագործելով իր նախագահության առաջին շրջափուլը արտաքին աշխարհում լեգիտիմություն ձեռք բերելու վրա` Սարգսյանին հաջողվեց հարյուրավոր քաղբանտարկյալների առկայությամբ մաշեցնել ընդդիմադիր շարժումը: Ընդդիմադիր դաշտի` ամայացած լինելու առաջին իրական ապացույցը եղան 2013թ. նախագահական ընտրությունները, երբ Սարգսյանը, որեւէ լուրջ մրցակից չունենալով, հեշտությամբ ապահովեց իր իշխանության պահպանումը: Եռյակ-քառյակների դեմ հաջող օպերացիաներից հետո նա առանց դժվարության անցկացրեց նաեւ իր ցանկացած Սահմանադրությունը` 2018-ից հետո իշխանության լծակները իր ձեռքից բաց չթողնելու միտումով վերացնելով բոլոր խոչընդոտները:
Նախագահության 8 տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը երբեւէ ժողովրդի հետ անկեղծ զրույց չի ունեցել: Չհաշված նրա հատուկենտ ու իրենց մռայլությամբ նույնիսկ օտարերկրյա դիվանագետների ուշադրությունը գրաված հարցազրույցները` Սարգսյանը ժողովրդի հոգսերից ու նրան հետաքրքրող թեմաներից չի խոսել: Նախընտրելով ձեւական ֆորմատներն ու հարթակները, որոնք լցված են եղել իր հրապարակային կամ ծածուկ համակիրներով` Սարգսյանը գործնական երկխոսություն չի ծավալել հասարակության հետ: Չխոսելու, հրատապ քննության առարկա հարցերը արհամարհելու կամ հմտորեն շրջանցելու սարգսյանական մարտավարությունը լուծում էր սոսկ ժամանակավոր խնդիրներ` ատելություն կուտակելով հասարակության ներսում: Քաղաքականապես բացառիկ ինքնանպատակությամբ օժտված այդ մարտավարությունը փակել էր երկխոսության բոլոր դռները: Նույնիսկ ընդդիմադիր քաղաքական ուժերն էին արդեն եկել այն համոզման, որ 2017թ. խորհրդարանում տեղ ունենալու համար հրապարակային պայքարը դատապարտված է, եւ հարկավոր է խնդիրը լուծել Սերժ Սարգսյանի հետ առանձին բանակցությունների միջոցով:
Այսօր հարցը, թե ինչու Սերժ Սարգսյանը չի խոսում, օրինաչափ լինելով նորմալ ժողովրդավարական երկրների համար, միանգամայն անհասկանալի է հայաստանյան իրականության պայմաններում: Հայաստանում ավելի քան 18 տարի է, ինչ ընթանում է կեղծ քաղաքական գործընթաց, որն այսօր ընդհատվել է: Ըստ էության, որեւէ մեկի մոտ կասկած չկա, որ եթե իշխանությունը զինված գրոհի դիմեց, հանդիպելու է նույնպիսի պատասխանի, ինչը հղի է ծանրագույն հետեւանքներով թե՛ երկրի, թե՛ իշխանության համար: Նման իրավիճակում Սերժ Սարգսյանն էլ ասելիք չունի, քանզի անգամ ոսկեղենիկ հայերենով արտաբերված ակադեմիական տեքստերը ոչինչ չեն որոշելու: Տարիներ ի վեր իշխանությունը բառի իսկական իմաստով մոլորեցրել է հասարակությանն ու մրցակից քաղաքական ուժերին, ուստի նույնիսկ ամենաիրական ու բնական ցանկությամբ արտաբերված խոստումը հավատ չի ներշնչելու: Ցավալի է, որ երկրում հասարակական ու քաղաքական բարոյահոգեբանական մթնոլորտը հասել է նման աղետյալ աստիճանի, սակայն սա է օբյեկտիվ իրականությունը: Որքան շուտ իշխանությունը իրավիճակին մոտենա սթափորեն` հաշվի առնելով հասարակության իրական տրամադրությունները, այնքան օգտվելու է Հայաստանը:
Թվում էր` 2016թ. անցնելու է 2006թ. նման տաղտուկ ու ձանձրալի` որպես 2017թ. սպասվող քաղաքական իրադարձությունների նախապատրաստական փուլ: Սակայն թե՛ ապրիլյան քառօրյա պատերազմը, թե՛ հուլիսյան զինված հարձակումը նոր իրավիճակ են առաջացրել երկրում: Կորցնելով պատերազմից հետո փոփոխությունները վերեւից բերելու հարմար պատեհությունը` Սարգսյանն այսօր կանգնած է դժվարին ընտրության առաջ: Զինված խմբի պահանջները կատարել կարծես թե հնարավոր չէ` առնվազն իշխանության ընկալումներով, բայց արհամարհելն ու բռնության ուղիով գնալն էլ հաջող ելք չէ: Այսպիսի պայմաններում Սերժ Սարգսյանը պարտավոր է հեղափոխական լուծման գնալ` ելնելով ոչ թե ապստամբների պահանջներից, այլ հասարակությանը պատած մտահոգություններից ու ազգային-պետական շահերից:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՇՈՈՒՆ ՍԿՍՎԵՑ

Մայրաքաղաք Երեւանում տեղի ունեցող գործողությունները սպառնում են վերածվել իրապես զանգվածային անկարգությունների, քանի որ հանդարտության, բռնության բացառման կոչերը չեն ընդունվում հավաքների ընդհատակյա կազմակերպիչների կողմից: Եւ երեկվա հավաքին Նիկոլ Փաշինյանի չմասնակցելն արդեն վատ ազդակ էր ոչ թե այն պատճառով, որ նա անփոխարինելի է, այլ որ անցնող 4 օրերի ընթացքում նա իրապես արեց հնարավոր ու անհնար ամեն ինչ՝ արյունահեղությունը կանխելու համար, սակայն դա ինչ-որ մարդկանց դուր չեկավ:

Փաշինյանը երեկ երեկոյան հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը իրեն քաղաքակիրթ ձեւով ասել է, որ չպետք է խառնվի հավաքին: «Ես չգիտեմ, թե ինչ ինֆորմացիա է իրենց հասել»,- նկատեց Փաշինյանը՝ հավելելով, որ ինքը կշարունակի մասնակցել հավաքին միայն այն ժամանակ, երբ կլինի երեկ երեկոյան հավաքված այն փոքրաթիվ մասսան, որն իր անզեն ձեռքերը վեր բարձրացրեց՝ ապացուցելու, որ հարձակման ու բախումների նպատակ չունի: Փաշինյանը տեղեկացրեց, որ երեկվա հավաքին կային հարբածներ:
Հիշեցնենք, որ նախախորհրդարանի կողմից կազմակերպված հավաքների ժամանակ Ժիրայր Սէֆիլյանը մշտապես հայտարարում էր, թե՝ Նիկոլ, միացի՛ր: Հիմա, փաստորեն, պահանջում են՝ Նիկոլ, հեռացի՛ր:
Երեկվա ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին ոստիկանապետ Նարեկ Մալյանը հրապարակավ ասել է, որ Նիկոլ Փաշինյանին «խփելու» են, որպեսզի լինի ցուցարարների կողմից եւս մեկ զոհ՝ սակարկելու համար: Այս առիթով պատգամավորը հրավիրեց ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանի ուշադրությունը:
Նկատենք, որ նախօրեին, երբ Նիկոլ Փաշինյանը 40 րոպե խնդրեց ցուցարարներից՝ Սարի թաղ գնալու եւ վերադառնալու համար, Անի Նավասարդյան անուն, ազգանունով մի աղջիկ կոչ արեց չսպասել Փաշինյանի եզրահանգմանը եւ, ըստ էության, սադրեց՝ «դուխով տղերքը» հարձակվեն ոստիկանների վրա: Արդյունքում ցուցարարները իրենց շարքերում խնամքով թաքցված պարկերի մեջ նախապես լցված քարերը սկսեցին նետել ոստիկանների ուղղությամբ:
Սա նշանակում է, որ հավաքի չերեւացող կազմակերպիչներին բախումներ, ցնցումներ ու արյուն է պետք: Նրանց խաղաղ պայքարը չի բավարարում: Արդյունքում երեկ ունեինք անկազմակերպ, առաջնորդ չունեցող հավաք, որն արդեն վտանգավոր հետեւանքներով է հղի: Ու այս մասին հավաքվածները նույնիսկ չգիտեն էլ:
Իհարկե, երեկ Վարդան Օսկանյանն իր մի քանի կուսակիցների հետ, «Ժառանգության» մի քանի ներկայացուցիչներ ու հասարակական սեկտորի շատ ներկայացուցիչներ, մտավորականներ, հայտնի մարդիկ հասան Խորենացի փողոց, բայց դրանից իրավիճակի լրջությունը չի պակասում: Երիտասարդ Անին շարունակում էր գործողությունների մասին հայտարարել, ինչը նշանակում է, որ էսկալացիան վտանգավոր երանգներ կարող է ստանալ, ու իշխանությունն իր բռնություններով առավել շատ է բարդացնում իրավիճակը:
Հավելենք, որ երեկ՝ կեսգիշերին մոտ արդեն, Խորենացու փողոցում խիստ փոքրաթիվ զանգված մնաց. անորոշությունն ու անլրջությունը բոլորին տուն ուղարկեցին:

Թ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 
«ՏԱՎՈՒՇ   ՏԵՔՍՏԻԼԻՆ» ԴԱՏԻ Է ՏՎԵԼ
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չորաթան գյուղի բնակիչ Գագիկ Հովհաննիսյանը դատի է տվել նույն գյուղում արտադրական գործունեություն ծավալած «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ին: Նա քաղացիական հայց է ներկայացրել իր հարկադիր պարապուրդում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում աշխատավարձ հաշվարկելու եւ բռնագանձելու պահանջով: Սույն հայցով դատավարությունը ներկայումս ընթանում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում: «Տավուշ տեքստիլ» ընկերությունը հիմնադրել է ռուսաստանաբնակ գործարար, ծնունդով սահմանամերձ Արծվաբերդ գյուղից Սուրեն Երիցյանը: Նա Չորաթանում բանվորական ձեռնոցների արտադրամաս է ստեղծել: 2015թ. հուլիսի 24-ին այդ արտադրամաս է այցելել Սերժ Սարգսյանը: Սուրեն Երիցյանը նախկինում սխալ էր համարել, որ ձեռնոցների արտադրության համար հումք ներկրելիս ինքը դրա արժեքի 20 տոկոսը վճարում է որպես ավելացված արժեքի հարկ, նաեւ իր աշխատողների աշխատավարձի 20 տոկոսը որպես եկամտահարկ է վճարում: Շահութահարկի վճարման արտոնությունից օգտվող գործարարը դա սահմանագոտում ներդրումներ կատարած ընկերության համար պետության կողմից էական օգնություն չէր համարել:

 

 

4 ՏԱՐԻ Է՝ ՊԱՐՏՔ ԵՆ
Տավուշի մարզում տեղի ունեցած կարկտահարությունների, երաշտի պատճառով ցորենի սերմացուն բազմաթիվ տեղերում չի ծլել եւ գյուղացիական տնտեսությունների մի մասը չի ստացել անկնալվող բերքը, որպեսզի կարողանա մարել կառավարությունից ստացած սերմացուի դիմաց պարտքը: Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից տեղեկացանք, որ 2012 թվականի աշնանը գյուղատնտեսության նախարարության կողմից մարզի համայնքներին տրամադրված 288 տոննա աշնանացան առաջին վերարատադրության սերմացուի դիմաց գյուղացիներից պետք է հավաքագրվեր 40 միլիոն 800 հազար դրամ, սակայն հավաքվել է 35 միլիոն 647 հազար դրամ, 2013թ. աշնանը հատկացված 457 տոննա ցորենի սերմացուի համար նախատեսված 56 միլիոնի դիմաց հավաքագրվել է 35 միլիոն դրամ, 2014թ. աշնանը տրամադրված 456 տոննա ցորենի սերմացուի համար 73 միլիոն դրամի դիմաց հավաքագրվել է 34 միլիոն դրամ: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մարզի համայնքների ղեկավարներին հորդորել է ներկայացնել գյուղատնտեսների, վնասները հաշվարկած հանձնաժողովների եզրակացությունների արձանագրությունները, որոնք հավաստի տեղեկատվություն են պարունակում արտերի կրած վնասների պատճառների, դրանց չափերի մասին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս