ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՎՍՏԱՀ Է
Հոկտեմբերի 24-ին ՀՀ վճռաբեկ դատարանը (ՎԴ) վարույթ է ընդունել Հայաստանի ժողովրդական կուսակցության նախկին անդամ, 2004-ին հետընտրական իրադարձությունների ժամանակ խոշտանգումների ենթարկված Գրիշա Վիրաբյանի վճռաբեկ բողոքը: Այդ մասին «Պանորամա»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արսեն Բաբայանը: Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ում կայացված վճռով հաստատվել էր, որ 2004թ. հետընտրական քաղաքական իրադարձությունների ժամանակ ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանը ոստիկանական բաժանմունքներում խոշտանգումների էր ենթարկվել: Բռնություն գործադրողների մեջ է եղել նաեւ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:
«Ժողովուրդ»-ը փորձեց Երեւանի ոստիկանապետից հետաքրքրվել, թե արդյոք հնարավոր է, որ ՎԴ-ի կողմից նոր հանգամանքներ ի հայտ գան, եւ ինքը պատասխանատվության ենթարկվի: «Ես այդ հարցերի պատասխանները վաղուց տվել եմ»,-ասաց Ա. Կարապետյանը՝ նշելով, թե ինքը բացարձակապես անհանգստանալու խնդիր չունի:
Իսկ ահա Գ. Վիրաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ վաղ է Հայաստանի արդարադատությունից սպասելիք ունենալ, քանի որ ՀՀ-ում ոչինչ չի փոխվել. «Ես հավատում եմ Վազգեն Սարգսյանի պատգամին, որ ամեն մարդ իր կռիվը մեկ անգամ մինչեւ վերջ պիտի տա, ու ես տալու եմ: Այդ կռվում գերիներ չեմ վերցնելու ու ինձնից հետո էլ կռվի դաշտում վիրավորներ չեմ թողնելու»:
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԽԻՂՃԸ
2013-ի օգոստոսի 9-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ օգոստոսի 5-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցները քանդել են Տիչինայի փողոցին հարող տարածքում «Մալաթիա» ջոկատի նախկին ազատամարտիկ Ներսիկ Նազարյանի կառուցած տունը՝ տարածքը վաճառելով «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ՓԲԸ-ին: Ազատամարտիկը, ի նշան բողոքի, հայտարարել էր, թե իր 11-հոգանոց ընտանիքը հայտնվել է դրսում, եւ եթե քաղաքապետարանը չփոխահատուցի իր կրած վնասները, ինքը կինքնահրկիզվի:
Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելեց ազատամարտիկ Ներսես Եղիազարյանը եւ հայտնեց, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը փրկել է իր ընտանիքը: Եվ որպեսզի «Ժողովուրդ»-ը մինչեւ վերջ անկեղծ լինի իր ընթերցողի հետ, որոշեցինք հրապարակել նաեւ քաղաքապետի արած օրինակելի քայլը: «Նա բանակցեց «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Կարապետյանի հետ, եւ ընկերությունն ինձ փոխհատուցեց 20.000 ԱՄՆ դոլար: Մարգարյանի, Դավիթ Օհանյանի եւ Հայկ Ասատրյանի շնորհիվ մասնակցեցի հողի աճուրդի, հաղթեցի եւ կարողացա 20.000 դոլարով հողատարածք սեփականաշնորհել: Անչափ շնորհակալ եմ քաղաքապետ Տարոն Մարգարյանից իր օգնության համար, նա իսկապես մեծ գործ կատարեց: Իմ հոգու խորքում ես հավատում էի, որ Անդրանիկ Մարգարյանի որդին կօգնի իմ ընտանիքին»,-ներկայացրեց Եղիազարյանը: