ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման այս պատմության շուրջ ծավալվող իրադարձությունների վերջին օրերի քարոզչությունը սկսել է իսկական պատուհաս դառնալ Հայաստանի պետականության համար: Այո՛, հենց պետականության, քանի որ ինչ-որ մարդիկ օր ու գիշեր զբաղված են աջ ու ձախ վարկաբեկելով բոլոր նրանց, ովքեր չեն կիսում «Սասնա ծռեր» խմբավորման կամ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների տեսակետը: Թվում է, թե չարածի համար մարդուն հնարավոր չէ վարկաբեկել, քանի որ սուտը չի կարող մասսայական տարածում ստանալ: Սակայն Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ տեղի ունեցածի օրինակով մենք տեսանք, թե ինչպես է մարդու տարիների վաստակը փորձ արվում մեկ ակնթարթում հողին հավասարեցնել՝ նրան անվանելով ստախոս, քանի որ ինչ-որ մարդկանց այդպես է պետք:
Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանը շաբաթ օրը բառացի հայտարարեց. «Սէֆիլյանը շատ դրական է արձագանքել բանակցությունների ընթացքին, բայց ինքն էլ իր կողմից մի քանի հարցեր է առաջ քաշել. նա հաստատել է, որ ինքը հրաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից»: Երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում ՀԽ անդամ Ալեք Ենիգոմշյանը շտապեց շտկել, թե «Ժիրայր Սէֆիլյանն ասել է, որ եթե իրեն թույլ տան հանդիպի «Սասնա ծռեր» ջոկատի տղաների հետ եւ տեղում հասկանա իրավիճակը, նոր կհանդիպի նախագահի հետ եւ կքննարկի իրավիճակին լուծում տալու հարցը, այլ ոչ թե կպահանջի նախագահի հրաժարականը, դա չի նշանակում, որ նա հրաժարվել է…»: Այսպիսով՝ ընդամենը մեկ օր անց հաստատվեց Արցախի հերոսի ասածի ճշմարտացիությունը (ի դեպ, հանդիպման ողջ ընթացքը տեսանկարահանվել է): Բայց մինչ այդ ինչ-որ մարդիկ հասցրեցին Վիտալի Բալասանյանի հասցեին ամեն տեսակի լուտանքներ տարածել: Սա նույն է, երբ ինչ-որ մարդիկ ՀՀ իշխանություններին հաճոյանալու համար փորձում էին ուրանալ Ժիրայր Սէֆիլյանի` արցախյան պատերազմում ունեցած ներդրումը:
ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված այս իրավիճակը վաղ թե ուշ հանգուցալուծվելու է: Անկախ նրանից, թե ում համար ինչքանով այդ ելքը ցանկալի կլինի, բայց այդ ճանապարհին ոչ ոք իրավունք չունի Հայաստանի եւ Արցախի հերոսների վաստակը ջնջել: Սա արդեն վտանգավոր է մեզ համար՝ որպես պետություն, որտեղ չկա գեթ մեկ մարդ, ով բացարձակ վստահություն ու հեղինակություն է վայելում: Առանց այդ էլ Արցախից ենք «բերել»՝ որպես բանակցային միջնորդ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը համաձայնել է հանդիպել «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ, կալանքի տակ գտնվող Ժիրայր Սէֆիլյանի հետ` ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու համար: Բայց դա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանը որոշել է ընդառաջ գնալ զինյալների պահանջին: Այդ հարցին դեռ անդրադառնալու առիթ կլինի: «Ժողովուրդ»-ը փորձեց նախագահի մամուլի քարտուղարից պարզել ստացված տեղեկության հավաստիությունը, սակայն Վլադիմիր Հակոբյանի հետ կապ հաստատել չհաջողվեց: Անպատասխան մնացին նաեւ մեր գրավոր հարցումները: Ինչպես հայտնի է՝ նախագահական նստավայրում լռություն պահպանելու որոշումը դեռ չի վերացվել:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղը կայանալիք նիստում պատրաստվում է իր համաձայնությունը տալ, որպեսզի «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն հնարավորություն ունենա իր գույքը գրավադրել «Արշինբանկ» եւ «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ներում: Ինչպես հայտնի է՝ «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ»-ը ԱՄՆ-ում գրանցված ընկերություն է, որը անցած տարի 180 մլն դոլարով գնեց Որոտանի ՀԷԿ-ը: Գումարի կեսը՝ 90 մլն դոլարը, պետք է վճարեին մինչեւ 2015 թվականի հուլիսի 30-ը: Այդ գումարը վճարվեց՝ «HSBC բանկ Հայաստան»-ում, «Ամերիաբանկ»-ում եւ «Կոնվերս բանկ»-ում Որատան ՀԷԿ-ի գույքը գրավադրելով: Հաջորդ 90 մլն դոլարը պետք է վճարվի մինչեւ այս հուլիսի 30-ը: Այսինքն՝ մնացած գումարը եւս վարկով կվճարվի: Ստացվում է, որ ինչ-որ մարդիկ, առանց 1 դրամ գումար ծախսելու, դարձել են Որոտան ՀԷԿ-ի սեփականատերը: Իսկ թե ով կամ ովքեր կարող էին Հայաստանում պետական լծակներն այդքան անխնա օգտագործել ի շահ իրենց եւ նման գործարք իրականացնել, դժվար չէ կռահել:
«Ժողովուրդ»-ը հուլիսի 14-ին գրել էր, որ այս տարվա վեց ամիսների արդյունքում ՀՀ պետական բյուջեի հարկեր եւ տուրքերը թերակատարվել են շուրջ 12 միլիարդ դրամով: Նշել էինք, որ այդ պատճառով ՀՀ ՊԵԿ-ը չի հրապարակում հավաքված հարկեր եւ տուրքերի թիվը` փորձելով այն «աճեցնել»: ՊԵԿ-ից մեզ հավաստիացրել էին, թե իբր թերհավաքում չկա, եւ խոստացել, որ մի քանի օրից ամբողջական տվյալները հատուկ հրավիրված ասուլիսում կներկայացվեն: Սակայն ժամանակն անցավ, եւ Հովհաննես Հովսեփյանի ղեկավարած կառույցի խոստացված ասուլիսն այդպես էլ չկայացավ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հավաքված հարկերի եւ տուրքերի թիվը ՊԵԿ-ը նախօրին արդեն հրապարակել է, ըստ այդմ, այս տարվա առաջին կիսամյակում հավաքվել է 511 միլիարդ 975 միլիոն դրամի հարկ եւ տուրք: Պետական բյուջեի առաջին կիսամյակի պլանը եղել է 519 միլիարդ 687 միլիոն դրամ: Այսինքն՝ անցած ավելի քան քսան օրերին ՊԵԿ-ը ընդամենը 4 միլիարդով է կարողացել իրավիճակը բարելավել: Հասկանալով, որ ահնար է 12 մլնի բացը լրացնել, ՊԵԿ-ը ստիպված պաշտոնապես ընդունել է շուրջ 8 միլիարդ դրամի թերակատարումը:
ԲԱՐԴ ԴԻԼԵՄԱ
Մինչ բոլորիս ուշադրությունը սեւեռված է Խորենացի փողոցին, Հայաստանի արտաքին մարտահրավերները ոչ միայն չեն փոքրանում, այլեւ նոր, առավել վտանգավոր երանգներ են ստանում: Արդեն իսկ Խորենացի փողոցում հանգուցալուծումների հարցում Արեւմուտքի եւ Ռուսաստանի մոտեցումների միջեւ բարձրաձայնվող հակասությունները ցույց են տալիս, թե ինչ բարդ դիլեմայի առջեւ է կանգնած Սերժ Սարգսյանը: Ինչպես հայտնի է՝ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն իրենց հայտարարություններում, ըստ էության, փորձում են հավասարության նշան դնել ՀՀ բոլոր քաղաքացիների իրավունքների եւ անվտանգության ապահովման հարցում, մինչդեռ ՌԴ-ն դա անընդունելի է համարում՝ ընդգծելով, որ նույն ԱՄՆ-ում եւ ԵՄ-ում իշխանություններն առանց վարանելու վնասազերծում են զինված խմբերին եւ այդ ընթացքում առանձնապես չեն մտածում վերջիններիս իրավունքների եւ անվտանգության մասին:
Եվ, ահա, այս իրավիճակում չի դադարում ղարաբաղյան հակամարտության շուրջ ակտիվ բանակցային գործընթացը: Մասնավորապես՝ նախօրեին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հայտարարեց, որ քննարկվում է օգոստոսին Վ. Պուտինի միջնորդությամբ նոր հանդիպման անցկացման հարցը: Հիշեցնենք, որ մինչ այս խոսվում էր հաջորդ հանդիպումը ոչ թե Մոսկվայում, այլ Փարիզում անցկացնելու մասին: Եվ այն, որ Ռուսաստանի միջնորդությամբ անընդմեջ երկու հանդիպման անցկացման հնարավորությունն է քննարկվում, ցույց է տալիս, որ պարիտետային սկզբունքը այլեւս պարտադիր չի դիտվում:
Հենց ռուսական կողմի միջնորդությամբ հանդիպման անցկացման հնարավորությունը նաեւ որոշակի իմաստով կապ ունի Խորենացի փողոցում իրադարձությունների հանգուցալուծման հնարավոր տարբերակների դիտարկման հետ: Ի վերջո, Մոսկվան արդեն հստակ ասել է, թե ինչ լուծում է ակնկալում: Եվ եթե հիշենք, որ հենց ազատագրված տարածքների հանձնման գործընթացի, կամ «Լավրովի պլանի» դեմ ընդվզումն էր Խորենացի փողոցում զարգացումների հիմքում, ապա պարզ է դառնում, թե ինչքան դժվարին է լինելու Սերժ Սարգսյանի համար այնպիսի որոշում կայացնելը, որը ե՛ւ արտաքին ճակատում չի թուլացնի նրա դիրքերը, ե՛ւ ներքին դաշտում նրան չի դարձնի ազգի դավաճան:
Եթե Ս. Սարգսյանը չգնա իրավիճակի ուժային լուծման, դա կարող է ընկալվել որպես նրա թուլության եւ բանակցային որեւէ համաձայնություն կյանքի կոչելու հարցում ունակ չլինելու նշան: Բացի այդ՝ դա կարող է գնահատվել որպես ի սկզբանե ծրագրված գործընթաց՝ բանակցությունները ձգձգելու եւ տարածքային զիջումների հարցում ճնշումներից խուսափելու նպատակով: Եվ ուրեմն Մոսկվայի նախանշած հանգուցալուծումից շեղումը կարող է հանգեցնել Սերժ Սարգսյանին գահընկեց անելու որոշման կայացմանը Կրեմլում: Իսկ գրոհի, ասել է, թե արյունահեղության գնալու դեպքում էլ այդ որոշումը կկայացնի հայ ժողովուրդը: