ԱՄԵՆ ՓԱՅԼՈՂ ԲԱՆ ՈՍԿԻ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած կիսամյակում Հայաստանում թողարկվել է 8 մլրդ կտոր ոսկյա զարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ 32.3 տոկոսով աճել է: Սակայն հայաստանյան սպառողների համար նման առաջընթացն առանձնապես ոգեւորիչ չէ: Միեւնույն է, մեր գնորդների գերակշիռ մասը նախընտրում է թուրքական ոսկին` հիմնավորելով, որ այն ե՛ւ ավելի մատչելի է, ե՛ւ ավելի որակյալ: Առհասարակ, քաղաքացիները ոսկու տեղական շուկաներից խիստ դժգոհ են. տարածված է խաբեբայությունը, բացակայում է վերահսկողությունը:
Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանի ներկայացմամբ` ներկայումս Հայաստանում արտադրվող ոսկյա զարդերի 88,5 տոկոսն արտահանվում է. «Ֆինանսատնտեսական ճգնաժամը մեծապես ազդել էր նաեւ ոսկերչության զարգացման տեմպերի վրա: Սակայն այժմ փորձում ենք ոսկու շուկան կայունացնել. ոլորտի զարգացման համար կառավարությունն ազատ տնտեսական գոտու հնարավորություն տվեց, ինչպես նաեւ օրենսդրական բարենպաստ միջավայր է ստեղծվել. ոսկերիչներն ավելացված արժեքի հարկ վճարում են պատրաստի նմուշի վաճառքից հետո միայն»:
Փաստորեն, պետությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում ոսկերչության զարգացման համար, բայց պտուղները քաղում են արտասահմանցիները. արտահանման այդ ցուցանիշը գուցե ոսկերիչների անձնական գրպանի համար ոգեւորիչ է, սակայն հայաստանցի սպառողների համար դրանից ոչինչ չի փոխվում: «Թուրքականից լավը չկա, հեչ անորակ էլ չէ, շատ էլ լավն է: Տեղական արտադրության այս մատանին, որն 800 դոլար է, կարծում եք՝ ավելի որակյալ է, քան նույն քաշն ու համարյա նույն տեսքն ունեցող այս մյո՞ւսը, որը թուրքական է ու արժի 530 դոլար»,-ոսկու շուկայում կատարած մեր շրջայցի ընթացքում իր կարծիքը ներկայացրեց ոսկու գնորդ Անահիտ Վարդանյանը: Տիկինը եւ ոչ միայն նա սաստիկ բողոքում էին շուկաներում տարածված խաբեբայությունից: «Վզնոց էի գնել, որի մեջ, ինչպես հետո պարզվեց, գրեթե ամեն մետաղ կար՝ բացի մաքուր ոսկուց. այս մասին մի օր պատահականորեն իմացա: Բայց գնելու ժամանակ հազար ու մի տեսակի «պրոբներ» կային փակցված, նաեւ շուկայի ստուգող մասնագետի գնահատականը կար»,-ասաց մեկ այլ տուժած քաղաքացի:
Հայ ոսկերիչների համաշխարհային միության գործադիր տնօրեն Արտակ Ուդումյանի խոսքով` ընթացիկ տարում 9,5 մլրդ դրամի ոսկեղեն է արտահանվել. «Հայկական զարդերը միջազգային շուկայում առանձնահատուկ են իրենց ոճի, ազգային շեշտադրումների շնորհիվ: Մեր արտադրանքը մոդեռնի ու ազգայինի համադրմամբ է յուրահատուկ»: Բայց այս գեղեցիկ նկարագրություններով ոսկեղենից, ցավոք, հայաստանցիներին բախտ չի վիճակվում օգտվել, դրանք աստղաբաշխական գներ ունեն. քիչ թե շատ զուսպ արժողություն ունեցողներն էլ առավել պղնձաձույլ են, քան ոսկեձույլ, համենայնդեպս, դա են վկայում խաբված քաղաքացիների պնդումները:
Ո՞վ եւ ինչպե՞ս է վերահսկում ոսկու շուկան, որը գնալով էլ ավելի անվերահսկելի է դառնում: Այն աստիճան, որ ամեն մի գնորդ ստիպված է ոսկու որակից գիտակ կողմնակի 2 անձանց ներկայությամբ գնումներ կատարել` չխաբվելու համար:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության առեւտրի եւ շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանի խոսքով` քանի որ ոսկու ողջ շուկան մասնավոր հատվածի ձեռքում է, խաբեությունների հետ կապված վերահսկողությունը պետական իրավասությունների մեջ չէ. «Ոսկու շուկան առեւտրի իրականացման վայր է, վաճառակետերը հաշվառված են, ունեն հարկային կոդեր, հաշվիչ դրամարկղային մեքենաներ: Այսինքն՝ այսքանով են մեր վերահսկողության տակ: Իսկ ինչ վերաբերվում է գնորդներին, գուցե իրենց իրավունքները լավ չեն պաշտպանում, թող դիմեն, օրինակ, մեզ»: Սակայն հարցին, թե ոսկու շուկայում տիրող իրավիճակի հետ կապված՝ իր ղեկավարած վարչությանը դիմելու նախադեպեր արդյոք եղել են, Քոչարյանը դժվարացավ պատասխանել. «Չեմ կարող հիմա այդ հարցին պատասխանել»:
Ոսկեղենի արտահանման գործոնը ոլորտի զարգացման համար դրական գնահատելով` Հայկ Միրզոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հպարտությամբ նշեց, որ ներքին սպառման տեսակետից եւս դրական տեղաշարժ կա. «Ներքին սպառման ծավալները եւս ավելացել են, սա անշուշտ նկատելի է, սակայն, քանի որ ինչպես մեծ, այնպես էլ տարատեսակ մանր ու միջին շուկաների, վաճառակետերի միջոցով է իրականացվում վաճառքը, բարդ է թվային հստակ վիճակագրություն առանձնացնել»: Իսկ մեր հարցին, թե այդ ինչպես է ներքին սպառումն ավելացել, եթե մարդիկ գերապատվությունը թուրքական ոսկեղենին են տալիս, արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրենը նշեց, թե պատճառն այն է, որ թուրքականն էժան է, փոխարենը հայկականը որակյալ է: Այս վերջին պնդման հավաստիությունը վիճարկում են նաեւ բազմաթիվ բանկեր, որոնք հրաժարվում են որպես գրավ ընդունել, օրինակ, տեղական արտադրության սպիտակ ոսկուց զարդեր, քանի որ դրանց մեջ շատ է արծաթի խառնուրդը: Հաճախորդներին նման պատճառաբանություններ են ներկայացնում մասնավորապես «Պրո կրեդիտ», «Արդշինինվեստ» բանկերում:
Ի դեպ, Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որը ոսկերիչների ազգային տոն ունի: Այն նշվեց հոկտեմբերի 28-ին` նշանավորվելով «Yerevan show 2013» միջազգային ցուցահանդեսով, որում ցուցադրված շքեղ զարդերը, սակայն, միջին հայաստանցու հնարավորություններից դուրս են:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս