ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ
Թեեւ Գյումրու 20 համարի երթուղայինների վարորդները հայտարարել էին, թե, անկախ տուգանվելու հանգամանքից, շարունակելու են աշխատանքը, մինչեւ չլինի դատական վճիռ, այդուհանդերձ, հոկտեմբերի 26-ից Գյումրիում աշխատող 20 համարի միկրոավտոբուս այլեւս չկար: «Մեզ ձեռնտու չէ աշխատել նման ձեւով, քանի որ ՃՈ-ն սպառնում է տուգանել մինչեւ 100.000 դրամի չափով»,-ասաց 20 համարի վարորդ Արմեն Հարոյանը:
Իսկ ինչո՞վ են զբաղվելու անգործ մնացած վարորդները: «Մենք արդեն սկսել ենք ցուցակագրել այն վարորդներին, որոնք ցանկանում են աշխատանք ունենալ, 20 համարի երթեւեկության իրավունքն էլ կասեցվել է»,-տեղեկացրեց Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը` հավելելով, որ նոր աշխատանքի համար վարորդները պարտադիր «Դ» կարգի վարորդական իրավունք պետք է ունենան:
Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որոշմամբ կասեցվել էր «Գյումրիին՝ ամուր հիմք» ՍՊԸ-ի՝ մրցութային երթուղիները սպասարկելու իրավունքը, որը, ըստ լուրերի, պատկանում է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:

ԿԱՍԵՑՐԵԼ ԵՆ
Հոկտեմբերի 26-ին ձեռքի վերքերի գանգատով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց էր դիմել մի հիվանդ՝ «սիբիրյան խոց (մաշկային ձեւ)» նախնական ախտորոշումով: Պարզվել էր՝ քաղաքացին վարակվել է ինչ-որ խանութից գնված մսամթերքի պատճառով:
Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ սիբիրյան խոցով վարակված անձի ինքնությունը չի հրապարակվում, որովհետեւ հիվանդը չի ցանկանում դա: Սննդի անվտանգության պետական ծառայության անասնաբուժական վարչությունից էլ «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ այցելել են համապատասխան խանութ, որտեղից օգտվել է հիվանդը, կասեցրել մսամթերքի բաժնի աշխատանքը, ինչպես նաեւ նմուշներ են վերցրել եւ ճշտել, թե այդ օրը խանութը որտեղից է միս ստացել:
Վարչությունից նշեցին նաեւ, որ առայժմ նպատակահարմար չեն գտնում նաեւ խանութի եւ միսը մատակարարած տնտեսության անունը հրապարակել, քանի որ փորձաքննության պատասխանը դեռ հայտնի չէ:




Լրահոս