ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՄԱՆԵՐՈՒՄՈՎ ԱԶԱՏՎԵՑ
ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, կոչումով մայոր Սամվել Մարտիրոսյանը 2013թ. հունիսի 7-ին զորամասն ինքնակամ թողնելու համար դիտողություն է արել իր նկատմամբ ստորադրյալ հանդիսացող ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Գրիգորյանին, որի ընթացքում հայհոյանքներ տալով՝ ծեծի է ենթարկել վերջինիս՝ մի քանի անգամ ոտքով հարվածելով նրա աջ ոտքին: Բացի այդ՝ Ս. Մարտիրոսյանը նույն օրը՝ հունիսի 7-ին, զորանոցում բջջային հեռախոսով խոսելու համար դիտողություն է արել ժամկետային զինծառայող, շարքային Էմմանուել Զաքարյանին, որի ընթացքում հայհոյանքներ տալով՝ ծեծի է ենթարկել նրան՝ մի քանի անգամ ձեռքերով հարվածելով զինվորի գլխի շրջանին:
Ս. Մարտիրոսյանին 2 մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 2-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը ստորադասի (ենթակայի) կամ նրա մերձավորի նկատմամբ): Սույն հոդվածով բնութագրված արարքը պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ՝ 1-3 տարի ժամկետով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով: Նախկինում չդատված Ս. Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հոկտեմբերի 28-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Ս. Մարտիրոսյանին մեղավոր ճանաչել, հոդվածներից յուրաքանչյուրով նրան դատապարտել 6 ամսվա ազատազրկման, կիրառել ՀՀ քր. օր.-ի 66-րդ հոդվածի 3-րդ մասը՝ պատժաչափերն իրար գումարելով որպես վերջնական պատիժ Ս. Մարտիրոսյանին դատապարտել 1 տարվա ազատազրկման: Դատարանը վճռել է կիրառել ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ Ազգային ժողովի 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը եւ Ս. Մարտիրոսյանին ազատել պատժից:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ԵՆ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար եւ Ձորագյուղ համայնքներում նոյեմբերի 17-ին տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: Ծովինարի ղեկավարի ընտրության համար առաջադրված թեկնածուները երկուսն են՝ անկուսակցական Գեղամ Գյուրջոյանը, որը համայնքապետի տեղակալն է, եւ ներկայիս անկուսակցական համայնքապետ Մհեր Մարտոյանը: Իսկ Ձորագյուղի ղեկավարի համար առաջադրվել են ՀՀԿ-ական համայնքապետ Լեւիկ Գրիգորյանը եւ «Մշո աղջիկ» ՍՊԸ-ի տնօրեն, անկուսակցական Դավիթ Մանուկյանը:




Լրահոս