ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԲՐԱՀԱՄԸ ՀԱՂԹԵՑ ՄԻԱՎՈՐՆԵՐՈՎ
Շաբաթ գիշերը պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում անցկացված մենամարտում միավորներով հաղթեց իտալացի Ջովանի դե Կարոլիսին: Կողային մրցավարները միավորների 120-108, 119-109, 118-109 տարբերությամբ հաղթանակը շնորհեցին Աբրահամին: Հիշեցնենք, որ Աբրահամը դարձել է ներկայումս Ռոբերտ Շտիգլիցին պատկանող երկրորդ միջին քաշային կարգում WBO տիտղոսի պարտադիր հավակնորդ: Ընդ որում, Շտիգլիցն ու Աբրահամն արդեն երկու անգամ ռինգում հանդիպել են, որոնցից առաջինում հաղթել է Արթուրը, երկրորդում՝ Ռոբերտը: Սակայն տիտղոսի համար նրանց միջեւ մենամարտը հնարավոր է միայն եկող տարի: Այդ իսկ պատճառով, «Allboxing»-ի փոխանցմամբ, Աբրահամը, ամենայն հավանականությամբ, չեմպիոնի տիտղոսի համար մենամարտին ավելի լավ նախապատրաստվելու նպատակով այս տարի եւս մի մենամարտ կանցկացնի:

23-ԻՑ ԿԸՆՏՐՎԵՆ 3-Ը
ՖԻՖԱ-ն հրապարակել է այն 23 ֆուտբոլիստների անունները, որոնք հավակնում են «Ոսկե գնդակ» մրցանակին: Ֆուտբոլի համաշխարհային կազմակերպության եւ «France Football»-ի փորձագետների կազմած ցուցակում ամենաշատ ներկայացուցիչն ունի Չեմպիոնների լիգայի 2012-2013 խաղարկության հաղթող «Բավարիա»-ն։ Այդ մասին տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Իսկ այժմ ներկայացնենք ցուցակն ամբողջությամբ. Գարեթ Բեյլ (Ուելս), Լուիս Սուարես, Էդինսոն Կավանի (երկուսն էլ՝ Ուրուգվայ), Ռադամել Ֆալկաո (Կոլումբիա), Էդեն Ազար (Բելգիա), Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա), Անդրես Ինյեստա, Չավի (երկուսն էլ` Իսպանիա), Ֆիլիպ Լամ, Բաստիան Շվայնշտայգեր, Մեսութ Օզիլ, Մանուել Նոյեր (բոլորը՝ Գերմանիա), Ռոբերտ Լեւանդովսկի (Լեհաստան), Լիոնել Մեսսի (Արգենտինա), Տիագո Սիլվա, Նեյմար (երկուսն էլ՝ Բրազիլիա), Անդրեա Պիրլո (Իտալիա), Ֆրանկ Ռիբերի (Ֆրանսիա), Ռոբին վան Պերսի, Արյեն Ռոբեն (երկուսն էլ՝ Հոլանդիա), Կրիշտիանո Ռոնալդու (Պորտուգալիա), Յայա Տուրե (Կոտ դ՛Իվուար): Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին ՖԻՖԱ-ն հրապարակելու է այն երեք թեկնածուների անունները, որոնք առավելագույն քանակությամբ ձայներ են հավաքելու հարցման արդյունքում: Մարզիչների, թիմերի ավագների եւ ՖԻՖԱ-ի կողմից ընտրված լրատվամիջոցների ներկայացուցիչների շրջանում հարցման արդյունքում ընտրված «Ոսկե գնդակ»-ի մրցանակակրի անունը հայտնի կդառնա արդեն եկող տարի՝ հունվարի 13-ին` Ցյուրիխում կայանալիք հեղինակավոր պարգեւի հանձնման պաշտոնական արարողության ժամանակ:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս