ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՃԱՊՈՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ
Նոյեմբերի 2-6-ը Երեւանում եւ Գյումրիում կանցկացվի ճապոնական ֆիլմերի փառատոն: Այս տարի ցուցադրություն է նախատեսվում նաեւ Էջմիածին քաղաքում: Փառատոնի ընթացքում կներկայացվի պատմական եւ ժամանակակից թեմաներով 5 լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ: Փառատոնի բացումը տեղի կունենա նոյեմբերի 2-ին՝ ժամը 18:30-ին, «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում: Կինոթատրոնի ճեմասրահում «Հիկարի» կենտրոնի սաները կներկայացնեն ճապոնական օրիգամի արվեստը: Հայ եւ ճապոնացի կոմպոզիտորների ստեղծագործություններով հանդես կգա «Հովեր» պետական կամերային երգչախումբը, կցուցադրվի նաեւ «Ծաղկունքից հետո» ֆիլմը:

ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Հոկտեմբերի 28-ին Մոսկվայում վթարի է ենթարկվել ռուսական ճանաչված հաղորդավար եւ շոումեն Մաքսիմ Գալկինը: Նրա Bentley-ն լուսակրի մոտ կանգնելիս բախվել է SsangYong միկրոավտոբուսին: Ըստ Heat.ru-ի՝ վթարի պահին Մաքսիմը նստած է եղել հետեւի նստարանին, իսկ մեքենան վարել է նրա անձնական վարորդը: Արտիստը, բարեբախտաբար, չի տուժել: Իսկ Bentley-ին հասցված վնասը կլորիկ գումար է կազմում: Պատահարի մեղավոր է ճանաչվել միկրոավտոբուսի 37-ամյա վարորդը, որը քնել է ղեկին:

ԱՃՈՒՐԴԻ ԵՆ ՀԱՆՎԵԼ
Նեյթ Սանդերսի աճուրդի տունը վաճառքի է հանել հայտնի դերասան Բրյուս Լիի զգեստապահարանի իրերը, ինչպես նաեւ այն մարզական գույքը, որով մարզվել է Լին: Աճուրդում վաճառքի է հանվել 26 լոտ՝ հագուստ, կոշիկ, նամակներ, լուսանկարներ, մարզասարքեր, որոնք պատկանել են դերասանին: Լոտերի թվում է նաեւ շագանակագույն թավշե կոստյումը, որով դերասանը նկարահանվել է «Անհայտ հարցազրույց» ֆիլմում: Վաճառքի հանված իրերի արժեքը տատանվում է 500-ից մինչեւ 72 հազ. դոլարի սահմանում:




Լրահոս