Երեկ ոստիկանները ինչպես շատերին այնպես էլ «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանին բերման էին ենթարկել: Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Արմեն Մկրտչյանի հետ` հասկանալու համար, թե ինչն է եղել բերման ենթարկելու պատճառը:
«Ես ուղղակի մոտենում էի Խորենացու փողոց հավաքված ոստիկանական պատի մոտ, այնտեղից տարան առանց որևէ բան ներկայացնելու: Այդտեղից մի քանի տասնյակ մարդու տարան Երևանյան լճի մոտ գտնվող ինչ-որ զորամաս, որտեղ դիմակներով և ավտոմատներով մարդիկ էին մեզ հսկում, հետո խուզարկություն իրականացրին: Ինչ-որ զենք էին փնտրում, բնականաբար չգտան», – նշեց նա:
Այնուհետև մեր զրուցակիցը հավելեց, որ մի քանի ժամ պահելուց հետո իրենք ևս չորս հոգու տարել են Քննչական կոմիտե, որտեղ նրանց տեղեկացրել են, որ կասկածվում են ամսի 20-ին տեղի ունեցած միջադեպի, բախումների կազմակերպման մեջ և որպես վկա հարցաքննության են ենթարկել:
«Հանրահավաքը ավարտվելուց հետո մոտավորապես գիշերը ժամը 02.00-ին միայն նոր մեզ բաց թողեցին»,- ասաց նա:
Արմեն Մկրտչյանը նշեց նաև, որ իր հետ բերման են ենթարկել Արմեն Մարտիրոսյանին, Անդրիաս Ղուկասյանին, Եղիշե Պետրոսանին:
«Իմ տեղեկություններով բոլորին էլ բաց են թողել: Մեզ այդքանիս առանձին են տարել: Երկար պահեցին քան մնացած բերման ենթարկվածներին և ավելի ուշ բաց թողեցին»,- եզրափակեց նա:
Լիդա Եղիազարյան