ՀԱՐՑ. Վերջերս վթար է տեղի ունեցել, որին ներկա ենք եղել նաեւ ես ու ընկերս: Խնդրում եմ ասել, թե ինչքան ժամանակ է հարկավոր, որպեսզի ավտոմեքենայի վնասի չափը որոշվի, այն դեպքում, երբ ներկայացված են պահանջվող բոլոր փաստաթղթերը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե, ըստ Ձեզ, մեքենային պատճառված վնասը գերազանցում է 200.000 ՀՀ դրամը, եւ վթարից հետո Դուք համաձայնեցված հայտարարագիր չեք լրացրել, ապա Ձեր հայտի կարգավորումը պետք է իրականացվի ստանդարտ հատուցման գործընթացով, որի դեպքում դիմումի ներկայացման օրվանից սկսած՝ 10 աշխատանքային օրերի ընթացքում, իրականացվում է պատճառված վնասի փորձաքննություն, եւ արդյունքների մասին տեղեկացվում է տուժողին: Այս պահանջը սահմանված է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի խորհրդի կողմից հաստատված կանոններ RL 1-017-ով, որին կարող եք ծանոթանալ www.paap.am կայքում:
Եթե նշված ժամկետում ձեզ չեն տեղեկացրել փորձաքննության արդյունքների մասին, խորհուրդ ենք տալիս կապվել տվյալ ապահովագրական ընկերության հետ վերջինիս թեժ գծի հեռախոսահամարով եւ պարզել ուշացման պատճառները:
ապահովագրական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերջին շրջանում հաճախակի են դարձել ավտովթարներն ու ճանապարհատրանսպորտային պատահարները, որոնք, ցավոք, ողբերգական ավարտ են ունենում: Ուստի հորդորում ենք բոլոր վարորդներին լինել հնարավորինս զգույշ՝ խուսափելով ե՛ւ ողբերգություններից, ե՛ւ ԱՊՊԱ ընկերությունների կողմից ամենատարբեր թղթաբանական քաշքշուկներից: